Տեսեք ինչպես են հայ մարդիկ սոցիալական ցանցերում իրար անպատվում, ուկրաինամետ կամ ռուսամետ ներկայանալով՝ իրար վերջին հայհոյանքները շպրտում, մեկը մյուսին ստրուկ ու ազգադավ անվանում։ Այն աստիճանի, որ մնում ես արմացած -զարմացած՝ այս տեսակ հանրույթ ունենալով, ախր, մենք վաղուց պետք է վերացած լինեինք, ինչպե՞ս է, որ կանք։
Այս ի՞նչ եք անում, հայե՛ր, դեռ այս կամ այն մոտեցմամբ բողոքի գործողությունները դեսպանատների առաջ չհաշված, քանի որ դրանք չեն կարող առողջ մարդիկ իրականացնել։ Այս ինչի՞ ենք վերածվել, այս աստիճանի սեւ-սպիտակ ե՞նք դարձել, ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ ռուսամոլություն, ի՞նչ ուկրաինամոլություն, չե՞ք տեսնում, որ նոր աշխարհակարգն է մոլեգնում, ու մեր նման ազգերը գոյաբանական խնդիր ունեն։ Այս աստիճանի հեռացած մեր ազգային առանցքից ու խնդիրների՞ց։
Դուք ուրիշ բանուգործ չունե՞ք։ Շուտով տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման մեջ հայտնված Ռուսաստանը գույքագրելու է իր դաշնակիցների հնարավորություններն, ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ավելի ակտուալ է դառնալու, մենք պատրա՞ստ ենք դրան։ Պատրաստ ե՞նք հացահահատիկի ու Ռուսաստանից եկող ապրանքի բացակայությանը, ինչո՞վ ենք փոխարինելու դրան, ո՞ր երկրի հետ առեւտրով ենք մեզ հարկավոր ծավալն ապահովելու։
Պատրաստ ե՞նք նրան, որ ռուսները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ են նոր իրավիճակով պայմանավորված տնտեսական խնդիրներ լուծելու, ու մեր դերն էլի է նեղանալու, մեր խնդիրներն ավելի տարածաշրջանային նշանակություն են ստանալու՝ ի վնաս մեզ։ Որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այս բոլորից հետո հազիվ թե գործի, իր հետեւանքներով հանդերձ, եւ այլն։ Իսկ դուք, հայեր, համացանցում նստած՝ իրար եք անպատվում, ուկրաինացիների ու ռուսների դարդն եք լացում, միմյանց թշնամանում՝ ուկրաինացիներից ու ռուսներից առավել։
Նոր տնտեսական աշխարհակարգն է պատուհանի տակ ցավոտ աղմկում, իսկ մերոնք մնացել են պարզ առճակատման հին սխեմայի մեջ։ Մեր տնտեսական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն են տասնապատկվում, Ռուսաստանից, Ուկրաինայից տուն պահող հայերի կյանքը եւ տուն ուղղված ֆինանսները հայտնվում են հարցականի տակ, նրանց ապաստան տալու խնդիրը Հայաստանի ու սփյուռքի համար գլոբալ խնդիր է դառնալու՝ մերոնք ցանցային պատերազմներով են զբաղված ռուսամետ-ուկրաինամետ սխեմայով, իրենց ուղղված մարտահրավերները թողած։ Արդեն նկատելի է, որ դրամը եւս կարող է փլուզվել՝ հետխորհրդային փլուզումը տեսածներիս փորձը վկա։
Լավ է դեռ, որ նման հարցեր երեկ բարձանում էին ԿԲ խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ Ազգային ժողովում։
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում