Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ դրված է հենց Փաշինյանի ստորագրությունը։ Եվ այդ հայտարարությամբ գրեթե կրկնակի շատ տարածքներ հանձնվեցին հակառակորդին, քան նախատեսվում էր որևէ բանակցային փաթեթով, այն էլ՝ ունենալով հազարավոր զոհեր։ Պատահական չէ, որ անընդհատ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծվում է այն փաստը, որ հայկական կողմի համար նույնիսկ ամենավատ բանակցային տարբերակը ներկա իրավիճակի համեմատությամբ անհամեմատ նախընտրելի կարող էր լինել։ Ուշադրություն դարձնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Փաշինյանի մեկ գրիչի հարվածով Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը ուղղակիորեն, առանց որևէ նախապայմանի կամ, ինչպես ընդունված է ասել, «հենց այնպես» հանձնվեցին Ադրբեջանին։
Դրանով է պայմանավորված, որ Ալիևն իր հանդիպումներից մեկի ժամանակ իրենց համար դիվանագիտական հաղթանակ էր որակում եռակողմ փաստաթղթի ստորագրումը, քանի որ Աղդամի, Քարվաճառի և Բերձորի շրջանները կարողացան բռնազավթել առանց հատուկ գործողությունների և զոհեր տալու։ Բացի այդ, որևէ բանակցային փաթեթում չի եղել դրույթ Հադրութն ու Շուշին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, իսկ ներկայումս ունենք այնպիսի իրավիճակ, որ այս երկու տարածքները ևս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Շուշին հռչակվել է Ադրբեջանի ու համաթյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչը նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։
Մյուս կողմից՝ քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է նաև տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Այս տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ևս բանակցային որևէ փաթեթում որևէ խոսք չի եղել։ Ուշագրավ է, որ պատերազմից մեկ ամիս հետո անհասկանալի կերպով կամ անհայտ պատճառներով Ադրբեջանին հանձնվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, որոնք, ըստ եռակողմ հայտարարության տեքստի, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, քանի որ հայկական կողմը կարող էր մնալ այն դիրքերում, որը հայտարարության ստորագրման պահին զբաղեցնում էր։
Բացի դրանից, Ադրբեջանին հանձնվեցին Կովսականի ու Սանասարի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները, որոնք ևս եռակողմ հայտարարության որևէ դրույթով հանձնման ենթակա չէին։ Սակայն հետո պարզվեց, որ անձամբ Փաշինյանն է հրամայել զինված ուժերին հետ քաշվել այդ տարածքներից։ Արցախի տարածքների հանձնումը բավական չէր, 2021 թվականին ադրբեջանական զորքերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով, առանց որևէ դիմադրության հանդիպելու, նախ՝ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում մուտք են գործում ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվում։ Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական զինուժը կրկին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանը ՀՀ-ին պատկանող 41 քառ. կմ տարածք օկուպացված է պահում և նույնիսկ մտադիր չէ հեռանալ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա պատերազմից արդեն 1 տարի ու չորս ամիս ժամանակ է անցել, և այն կանգնած վիճակում է, անգամ Մինսկի խմբի համանախագահները չեն ժամանել տարածաշրջան։ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ հայկական կողմից Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացվում, կարծես թե Փաշինյանը հակվել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու տարբերակին, այլապես ինչո՞ւ պետք է փորձեր հիմնավորել, որ Արցախը նաև ադրբեջանական է։
Մի խոսքով, փաստերը բազմաթիվ են, մենք նշեցինք ամենաակնառուները, որոնք ակնհայտ են դարձում, թե Փաշինյանն ինչ վիճակի է հասցրել Արցախի հարցում ստացած ժառանգությունը։ Ավելին, Արցախի հարցը վերածել է Հայաստանի հարցի, քանի որ հակառակորդն արդեն ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ ներկայացնում։ Փաշինյանը բոլոր ուղղություններով անխտիր ձախողումներ է արձանագրել, թերևս դրա համար է այդքան արագ հավասարակշռությունից դուրս գալիս։ Նրա միակ «փրկօղակը» նախկիններին մեղադրելն է, բայց փաստերի համադրության պայմաններում դրանից ևս նա զրկվում է։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում