Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի տունը վտանգված է

Մարտ 05,2022 13:30

Սեփական տան մեջ մետաղյա ձողերով հիմք են գցել, 12 հարկանի շենք են կառուցում

«Առավոտը» երեկ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեում էր, սարկավագ, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի տանը: Պատճառը` սպառնացող վտանգն է, երբ ողջ տունը՝ բնակելի կից շենքի կառուցման պատճառով, հայտնվել է արտակարգ իրավիճակում, տան պատերը նստել են, ճաքեր են տվել երեք մանկահասակ երեխաների ննջարանը, ստուդիան, ուր դադարեցվել են ստեղծագործական աշխատանքները, արխիվների սենյակները, ուր տարիներով հավաքվել են ձայնասկավառակները, բանահավաք աշխատանքները, դժվարությամբ ձեռք բերված տարազները, հագուստը, տունն՝ առհասարակ…

Անդրանիկ Մանուկյանն այս վտանգի մասին բարձրաձայնել էր դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, որի միակ «լավությունն» այն եղավ, որ իր հրաժարականի օրը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին ստորագրեց խայտառակ շինթույլտվության մասին փաստաթուղթը: Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շինարարության թույլտվություն, որի հիմքում դրվել է վիճարկվող եւ ուժը կորցրած նախագծային թույլտվություն, ինչի արդյունքում խախտվել են Անդրանիկ Մանուկյանի իրավունքները: Ի դեպ, շինարարությունն իրականացնում է «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվը:


Այն, որ նշյալ տարածքում՝ բակային տարածքում շինարարություն է իրականացվում, այն էլ բազմահարկ շենք է կառուցվում, չկա զգուշացում-վահանակ:

Շինարարությունը մի անգամ օրենքի ուժով կասեցվել է: Այն վերսկսվելուց հետո Անդրանիկ Մանուկյանը դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով իրեն տրամադրել շինթույլտվությունը: Թույլտվության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ հաշվի չի առնվել Անդրանիկ Մանուկյանի տան վրա ինչ ազդեցություն կունենա այդ շենքի կառուցումը: Նրան ընդհանրապես չեն լսել:


Զրուցակիցս տեղեկացնում է, որ պատվիրել է փորձաքննություն անցկացնել: «Էքսպերտ Ըդվայս» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն, Անդրանիկ Մանուկյանի տան եւ հարակից բնակելի շենքի միջեւ տարածությունը կազմում է 6,4 մ: Ինչը նշանակում է, որ բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի մի շարք կետերի պահանջները: Նման պայմաններում Անդրանիկ Մանուկյանը չի կարող տնօրինել իրեն պատկանող հողամասը, սեփական տունը՝ սեփականությունը: «Առավոտի» ֆիքսած կադրերում անզեն աչքով երեւում են քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումները: Խախտումներից է՝ տան միջով կանաչ մետաղյա ցանկապատը, էքսկավատորով քանդված միհարկանի շինությունը… Արդեն իսկ քանդվել էր տանը կից «ինքնակամ շինությունը», որը հատակագծում կա, իսկ Անդրանիկ սարկավագն էլ 40 եւ ավելի տարիներ գույքահարկ է մուծել այդ տարածքի համար։


«Պահքի շրջան է, չեմ ուզում դատել, վատ խոսքեր ասել, բայց պատասխանեք, խնդրեմ, ինչպես տնօրինեմ տունս, երբ տանս կից ավելի քան 3 մետր խորությամբ փոս են փորել ու նորակառույց շենքի համար ավտոտնակներ կառուցել։ Նայեք պատերին, ամբողջ տունս ճաքել է եւ ճաքում է»,-ասում է նա:

Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

Ո՞վ է պատասխան տալու նաեւ երկուամյա երեխային, դպրոցից տուն շտապող տասնամյա դուստրերին՝ անմարդկային շինաղմուկի, փոշու համար, սեփական տան մեջ օր օրի «նստող» պատերի համար:

Ես չեմ խոսում նաեւ Անդրանիկ Մանուկյանի երկրորդ աշխարհի մասին. նա զրկվել է ստեղծագործելու, արարելու հնարավորությունից:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում մի այսպիսի հոդված կա՝ 6-րդը, որի մասին դժվար թե չիմանային թե քաղաքապետարանը, թե կառուցապատող ընկերությունը: Համաձայն նշյալ հոդվածի. «Կառուցապատողը մինչ շինարարությունը սկսելը, ինչպես նաեւ շինարարության ընթացքում, պարտավոր է համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ՝ հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ»: Անդրանիկի ընտանիքի անդամները վախով են ամեն անգամ իրենց սեփական տան մեջ շարժվում, որովհետեւ չգիտեն, թե բարձրահարկի ամեն քարը դնելուն պես ինչ ավեր է իրենց սպասվելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
04.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել