Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել 30 տարվա ընթացքում կորցրած բացերը վերականգնելուն

Մարտ 05,2022 13:00

Հարցազրույց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հետ:

– Մաեստրո, թույլ տվեք զրույցը սկսել ոչ մշակութային, բայց այս պահին աշխարհի լրատվամիջոցներում դոմինանտող իրադարձությամբ, որը բխում է ռուս-ուկրաինական հակամարտությունից: Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը հեռացվել է աշխատանքից, ընդ որում՝ 15 տարի ժամկետով կնքած պայմանագրից 3 տարի շուտ: Աշխարհահռչակ մաեստրոն ազատվել է նաեւ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժորի պաշտոնից: Օրերս օպերային դիվա Աննա Նետրեբկոյի հետ պայմանագիրը խզելու մասին հայտարարել է Բավարիայի օպերային թատրոնի տնօրենը, ի պատասխան՝ երգչուհին նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որ ժամանակավորապես հեռանում է մեծ բեմից: Համաձայնեք, որ երաժիշտը կարող է չզբաղվել «պոլիտիկայով», բայց երբ «պոլիտիկան» է զբաղվում երաժշտով, դա, մեղմ ասած, անընդունելի է: Չէ՞ որ մաեստրո Գերգիեւը էպոխա է կերտում այնպես, ինչպես ժամանակին Տոսկանինին կամ Հերբերտ Ֆոն-Կարայանը:

– Միանգամից ասեմ, որ նման դեպքում եւ բոլոր ժամանակներում մեծ հաշվով տուժել է հանդիսատեսը: Նշեցիք Ֆոն-Կարայանի անունը. ըստ հրատարակված գրքերի, աշխատությունների, նա 1930-ականների սկզբներին անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը՝ մինչեւ 1945թ., ինչը դիրիժորին բերեց կարճ ասած՝ ոչ դրական հռչակ: Հետո արդեն Կարայանի փորձերը հերքել իր անդամակցությունը նացիստական կուսակցությանը՝ ապարդյուն էր: Մի բան էլ, մեծանալով Զալցբուրգում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ հետո նա հուսահատ փորձել է կարիերա ստեղծել մինչեւ Հիտլերի իշխանության գալը Գերմանիայում.. բայց տեսեք, հրեական եւ ձախ երաժիշտներին վտարելուց հետո Կարայանը Երրորդ Ռեյխում դարձավ երաժշտական տնօրեն եւ մեծ հաջողությամբ ներգրավվեց նոր Գերմանիայի գաղափարական հոսանքներում: Մեծ հաշվով արվեստն է տուժում, որը եղել է, կա եւ կլինի մարդկանց երջանկացնելու գրավականը: Իսկ որ Գերգիեւը, այո,՛ էպոխա է կերտում, դա միանշանակ է: Եվ այո, երաժիշտներիս գոյության իմաստը ըստ էության աշխարհն ավելի լավն ու բարին դարձնելն է:

– Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը վերջերս «РТР-ПЛАНЕТА»-ով հեռարձակվող իր հեղինակային «Հատուկ հյուր» ծրագրի շրջանակում նման միտք արտահայտեց, չհամաձայնելով, օրինակ, տարածված այն կարծիքին, թե թատրոնը եւ ընդհանրապես մշակութային օջախները հանդիսատես պետք է դաստիարակեն: Անհամաձայնություն հայտնեց նաեւ, որ յուրաքանչյուր պրեմիերա պետք է ընդունվի «բրավոներով» եւ «բիսերով»:

– Ունկնդիր դաստիարակելը թատրոնի պարտականությունն է, ինչը պետք է սկսել մանկուց: Եթե ուզում ենք լավ քաղաքացի ունենանք կամ լինենք քաղաքակիրթ ազգ, առաջին հերթին պետք է մտածենք մեր երեխաների համար մանկական բեմադրություններ իրականացնել…

– Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը հիմնադրումից միայն 88 տարի անց՝ 2021 թ. վերջերին ունեցավ առանց բացառության հեղինակավոր բոլոր թատրոնների խաղացանկում, տասնամյակներ շարունակ ներկայացված համաշխարհային մանկական բալետային գրականության թիվ 1 ստեղծագործությունը՝ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը»: Չենք հաշվել մինչեւ օրս քանի ներկայացում է խաղացվել, բայց որ մշտապես դրանք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, դա փաստ է:

– Միայն «Մարդուկ-Ջարդուկ»-ը քիչ է: Մանկական ներկայացումներն էլ պետք է շատ լինեն: Այս կոնտեքստում բրավո մեր Տիկնիկային թատրոնին: Ինչ վերաբերում է մեզ, հավատացնում եմ, որ երեխաների համար նախատեսված ներկայացումներ էլ՝ թե՛ օպերային, թե՛ բալետային, ամենամոտ ապագայում կցուցադրվեն նաեւ մեր բեմում, տեղ կգտնեն խաղացանկում: Թատրոնները ճաշակ թելադրող պետք է լինեն, կրկնում եմ, դա պետք է սկսել մանկուց:

Իրավացիորեն փաստեցիք «Մարդուկ-Ջարդուկ»-ի դեպքում լեփ-լեցուն դահլիճի առկայությունը: Ձեզ ասեմ, որ տոմս վաճառելու խնդիրը միշտ եղել է: Պետք է հասկանանք, թե ինչ ներկայացումներ ունենք…

– Ձեր գալստյան հետ ընթացիկ թատերաշրջանի սկզբից ձեռնամուխ եղաք որոշ ներկայացումների վերականգնման աշխատանքներին…

– Դա էի ասում. ոչ բոլորն են բարձրակարգ, կան այնպիսիք, որ խաղացանկից դուրս կմնան, իսկ բեմադրությունները, որոնք որակով են, բայց երկար ժամանակ չեն խաղացվել, դրանք կվերականգնվեն, որոնց աշխատանքները սկսել ենք ու դեռ կշարունակենք:

– Վերջերս հրավիրել էիք Նովոսիբիրսկի թատրոնի բալետի առաջատար արտիստ Աննա Գերմիզեեւային, որը հրաշալի հանդես եկավ Խաչատրյանի «Սպարտակում» Էգինայի դերապարով: Մեզ հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ մինչեւ վերջին տարիներին իրենց թատրոնում զուգահեռ ներկայացվել են ճանաչված բալետմաստերներ Կովտունի եւ Գրիգորովիչի «Սպարտակները»: Օրինակ, ինչո՞ւ մեր թատրոնում նման պրակտիկա չկա եւ երբեւէ չի էլ եղել: Օրինակ, ինչո՞ւ խաղացանկից այդպես էլ հանվեցին 2000-ականների սկզբներին Արմեն Մելիքսեթյանի դասական եւ ժամանակակից ռեժիսուրայով իրականացված «Կարմենները»: Այսօր ընթանում են Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրական աշխատանքները, այդ իսկապես բարձրարվեստ ռեժիսորի գլխավորությամբ եւ ինչ երաշխիք, որ «Կրակե օղակը» պրեմիերայից հետո գուցե միառժամանակ անց չի արժանանա ռեժիսորի «Կարմենների» բախտին:

– Նորմալ բան է, երբ թատրոնում նույնանուն ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացվում են տարբեր ռեժիսորների ընթերցմամբ: Բնականաբար, դրանք 2 տարբեր մտածելակերպ են եւ այստեղ ընտրությունն արդեն հանդիսատեսինն է, այսպես ասեմ՝ առաջնությունը որին կտա:

– Ի դեպ, «Կրակե օղակը» ոչ հեռավոր անցյալում օպերային թատրոնը ներկայացրել էր մեկ անգամ Շուշիում, իսկ հետո, երբ «Առավոտը» ձեր նախկին պաշտոնակցից հետաքրքրվել էր, թե ինչու թատրոնի խաղացանկում չի հայտնվում հիշյալ ներկայացումը, ստացել էինք պատասխան, որ այդ բեմադրությունն արվել էր բացօթյա բեմի համար:

– Իրականում այդպես էր, ձեզ ճիշտ են պատասխանել եւ դա Օրբելյանի մեղավորությունը չէր (չմանրամասնեց):

– Ըստ մեր տեղեկությունների, «Կրակե օղակի» պրեմիերան հնարավոր է հետաձգվի:

– Այո, դա գեղարվեստական մասի պատճառով չէ, այլ տեխնիկական: Մեր աշխատակիցն այս օրերին Մոսկվայում է, թույլ տվեք առանց մանրամասնելու ասենք, որ հենց հիշյալ ներկայացման տեխնիկական խնդիրները լուծելու եւ դրանք երեւան հասցնելու առաքելությամբ: Բայց այսօր էլ այդ աշխատանքները ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ձգձգվում են:

– Մաեստրո, մեր դիտարկմամբ, այսօր թատրոնում մեկ գլոբալ խնդիր կա: Այն նոր կամ երիտասարդ դիրիժորների պակասն է: Ընդ որում, դեռեւս անցյալ տարվանից ձեռամուխ էիք եղել այս գործին, հրավիրել էիք մոտ 10 դիրիժորի…

– Թատրոնն այսօր կարիք ունի ոչ միայն բարձրարվեստ դիրիժորների, այլեւ ռեժիսորների, կարուձեւի մասնագետների, դիզայներների, բուտաֆորների… Կամաց-կամաց հրավիրում ենք այդ մասնագետներին, վերականգնելու նպատակով: Ես կասեի ոչ թե բացը, այլ՝ բացերը, որ 30 տարվա ընթացքում կորցրել ենք: Ինչ վերաբերում է կոնկրետ դիրիժորներին, ապա ունենք Նիկոլայ Պողոսյան… Շուտով վերականգնված «Տրավիատան» կղեկավարի լուսահոգի Գեղամ Գրիգորյանի որդին՝ Վարդան Գրիգորյանը, որը դեռեւս ուսանում է Սանկտ Պետերբուրգում… Հավաստիացնեմ, որ երիտասարդ մասնագետների «թափանցումը» թատրոն առկա է:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031