Ճեմարանականները խնդրեցին բարդ լուրեր չգրել, ավելի շատ խոսել մշակույթի ու կրթության մասին
Օրերս «Առավոտի» խմբագրություն էին այցելել «Անանիա Շիրակացի» ճեմարանի միջազգային գիտակրթական համալիրի չորրոդ դասարանի սաները՝ ավագ մանկավարժ Աննա Ասլանյանի եւ մանկավարժ Աննա Սարգսյանի ուղեկցությամբ: Աննա Ասլանյանը նշեց, որ ուսումնառությունը տեղի է ունենում հետազոտության շրջանակներում, այս պահին մենք հետազոտում ենք «Ինչպես է աշխատում աշխարհը» թեման, ինչպես է մեդիան ապահովում տեղեկատվության հասանելիությունն ամբողջ աշխարհում, ազդում մեր մտածելակերպի վրա: Ու այս ամենի շրջանակում երեխաները փորձում են ավելի մեդիագրագետ դառնալ, հասկանալ, թե ինչպես են տեղեկությունները սփռվում աշխարհով մեկ եւ Հայաստանի տարածքում:
«Առավոտ» այցելությունն էլ այդ համատեքստում էր: Որքան էլ զարմանալի է, երեխաներին հետաքրքրում էր ամեն ինչ: Օրինակ, մի բալիկ հարցրեց, թե ինչպես են «Առավոտում» հազարավոր լուրերից ընտրում իր ձեւակերպմամբ՝ ամենապետքական լուրը: Մի ուրիշ երեխայի հետաքրքրում էր, թե ինչպես պետք է հոդվածներ պատրաստել, որպեսզի դրանք հետաքրքրեն շատ մարդկանց ու մարդիկ ցանկանան կարդալ: Երեխաներին հետաքրքրում էր «Առավոտի» վարքականոնը, քանի որ, ինչպես պարզեցինք, իրենք եւս ունեն վարքականոն:
Պարզվեց՝ ճեմարանականները մինչ խմբագրություն գալը հասցրել էին բավականին բան ուսումնասիրել «Առավոտի» մասին: Հետաքրքրվեցին, թե ինչպես է էջադրվում թերթը, ինչպես է կայանում տպագիր թերթի ձեւավորումը: Նրանց հետաքրքրում էր նաեւ առցանց «Առավոտի» վիդեոբովանդակությունը:
Կարդացեք նաև
Երեխաները եղան նաեւ «Առավոտի» ստուդիայում, որտեղ մի քանի հաղորդում է նկարահանվում՝ սկսած թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «15 րոպե «Առավոտի» հետ», կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի «Առերեսում շարքերով», վերջացրած «Կարմիր գիծ», «4-րդ ստուդիա» եւ «Հաջողության պատմություն» հաղորդումներով:
Խմբագրության հետ ծանոթությունից հետո երեխաներից մեկը հորդորեց բարդ լուրեր քիչ գրել: Հետաքրքրվեցի, թե ինչ է նշանակում բարդ լուր, երեխան բացատրեց, որ գուգլ որոնողական համակարգում նշելով Շիրակացի անունը, փնտրել ու տխուր լուր է գտել իրենց ճեմարանի մասին: Բարդ լուրեր ասելով նկատի ունի մարդկային կորստի մասին լուրերը: Իսկ ընդհանուր առմամբ, ճեմարանականներն ասացին, որ շատ կուզենային կարդալ կրթական, մշակութային եւ սպորտային լուրեր: Նրանցից ոմանք ասացին, որ իրենց ավագ քույրերն ու եղբայրներն ընդունվել են լավագույն համալսարաններ, ինչը պատրաստվում են նաեւ իրենք անել հետագայում: Հետաքրքրվեցինք, թե մեզ այցելածների մեջ կա՞ն բալիկներ, որ ցանկանում են լրագրող դառնալ, պարզվեց՝ ոմանք ունեն նման ցանկություն: Մի քանիսը խնդրեցին, որ եւս մեկ անգամ հյուրընկալվեն «Առավոտում», որովհետեւ ուզում են ավելին իմանալ մամուլի մասին:
Երեխաները գոհ հեռացան՝ «Առավոտի» վերաբերյալ իրենց նշումները հետազոտության մեջ օգտագործելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2022