Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք այդպիսին

Մարտ 05,2022 12:00

Վերջերս լրացավ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ պարբերաբար անցկացվող «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում եւ վերամշակում» գիտաժողովների սկսման 10 տարին։ Ինձ համար անսպասելի բազմաթիվ ողջույններ ու հիշատակումներ ստացա արտասահմանյան գործընկերներից։ Դա քաղաքակիրթ հասարակությունում ընդունված գործառույթ է, միաժամանակ հիշեցնելու՝ այլեւս չի՞ լինելու:

Խիստ հուզիչ էր գերմանացի գործընկերոջ գրառումը. «Հաճելի կոնֆերանս էր՝ ի մի բերելով բազմաթիվ տարբեր թեմաներ, կարծիքներ եւ առարկաներ բարձր գիտական մակարդակով:

Իսկ աշխարհի բնապահպանական խնդիրները, հատկապես հաճախ փոփոխվող կլիման, դաժանորեն եւ ուղղակիորեն երեւում էին ավելի քան 10 տարի առաջ Սեւան-Ծով կատարած մեր այցելության ընթացքում, նույնքան կտրուկ, որքան այսօր՝ աշխարհի շատ այլ վայրերում: Մինչ օրս ես օգտագործում եմ լուսանկարները, որոնք արվել են Հայաստանում այդ պահին Սեւան-Ծովում, որպես պաստառ՝ բնապահպանական, գործիքային եւ շրջակա միջավայրի քիմիայի դասընթացների ժամանակ:

Թերեւս շատ տպավորված էի Երեւանում Եղեռնի հուշարձանով, որը դեռ ստիպում է ինձ հաճախ մտածել, թե ինչպես են վիրավորել ձեր ժողովրդին: Հատկապես, Գերմանիայի պատմության իմացությամբ գիտեմ, թե մարդ արարածն ինչ դաժանություններ է կարողանում կատարել այլոց հանդեպ»:

Ափսոսանքով հիշեցի, որ գիտաժողովների այդ շարքը իր ավարտին հասավ 2019-ին, իսկ հյուրերի ստացած տպավորություններից կարողացանք ունենալ գործնական օգնություն՝ միջազգային, ոչ սովորական դրամաշնորհներ Գերմանիայից, Նորվեգիայից ու Հունաստանից:

Իսկ ափսոսանքի պատճառները շատ էին:

Նշեմ, որ ի տարբերություն արտասահմանցիների, նրանց թիվը հասնում էր մոտ 100-ի, տեղական մասնագետների թիվը սակավ էր։ Եվ ինչպես լիներ, երբ դեռ գիտաժողովներն անցկացնելիս (թվով 5, երկու տարին մեկ) տեղացիների մասնակցության ցանկությունը շատ քիչ էր։ Չէին մասնակցում, չեկան նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում են «էկոլոգ»։

Չէ՞ որ գիտաժողովում քննարկվում էին գործնական ճարտարագիտական խնդիրներ, իսկ մերոնք սովոր են ահազանգել, երկար-բարակ խոսել, զարմացնել «Ռիո-2000» եւ այլ տերմիններով հնչող միջազգային գիտաժողովներում իրենց մասնակցությամբ։ Ցավալի էր, որ չկար նույնիսկ ՀԱՊՀ քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի գործընկերներիս մասնակցությունը։ Ավելին, նրանք գիտաժողովը համարում էին «շոու», որն արժանի չէր իրենց գիտական մասնակցությանը։ Ոչ մի գիտաժողովի բացման կամ փակման չմասնակցեցին ՀԱՊՀ-ի մշտազբաղ ռեկտորները: Մի կարեւոր հանգամանք, երբ օրինակ բերվող արեւմտյան համալսարաններում ղեկավարները ոչ միայն մասնակցում էին, այլ նաեւ հատուկ հանդիպում կազմակերպում մասնակիցների համար:

Առաջարկում եմ կրկին ընթերցեք գերմանացի գործընկերոջ, հանրահայտ գիտնական Շրանցի ողջույնը։

Իսկ ինչի՞ հասան։ Նման արձագանքի պարագայում համալսարանի ղեկավարությունը աստիճանաբար, անգլիական ձեւով ֆակուլտետից «տարավ» այդ մասնագիտությունը, դեպի այլ ֆակուլտետներ, ներկայումս ինստիտուտներ։ Տանողները մոռացության տվեցին մի կարեւոր հանգամանք, որ բնապահպանությունը պոլիտեխնիկ ներմուծվել էր որպես ընդհանուր ուղղություն, բնականորեն համալսարանում կենսաբանական ուղղվածության բացակայության պատճառով՝ հենքում ունենալով քիմիական ֆակուլտետը։ Եվ այստեղ ավելի հարմար էր բնապահպանական ճարտարագիտության զարգացումը։ Դա իրականացվում էր այն ժամանակվա ՀԱՊՀ ռեկտոր Յու. Սարգսյանի, պրոռեկտոր Ո. Մարուխյանի ու «քիմիականի» դեկան Կ. Թահմազյանի նախաձեռնությամբ, ամերիկահայ էկոլոգների, հայտնի մասնագետ ակադեմիկոս Բարսեղյանի օժանդակությամբ։

Եվ, ի՞նչ։ Այժմ նախկին քիմիականը կանգնած է վերջնականապես վերացման առջեւ։ Հարցին, իսկ ո՞վ է մեղավորը։ Դժվար չէ ենթադրել, իհարկե, ՆԱԵՎ՝ մենք։ Վերեւում բերվածը մասամբ նման եզրահանգման հիմք է։

Անցկացվում էին նաեւ այլընտրանքային վառելանյութի վերաբերյալ միջազգային գիտաժողովներ (թվով 2) կրկին երկու տարին մեկ նախորդելով ու հաջորդելով բնապահպանականին։ Իմիջիայլոց, բոլոր գիտաժողովները մասամբ ֆինանսավորվում էին ՀՀ Գիտպետկոմի կողմից, ավելի մեծ, հիմնական ծավալով ՀԱՊԿ-ի Երեւանյան ինստիտուտի կողմից, ինչպես նաեւ օժանդակվում էին Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի, Հայաստանի երիտասարդական ու Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամների կողմից։ Պոլիտեխնիկը տրամադրում էր դահլիճը։ Հետաքրքիր է նաեւ այն, որ առաջին գիտաժողովի նյութերը ամբողջությամբ հրատարակվեցին ռումինական բնապահպանական ամսագրում, եւ ոչ թե մեր երկրում։

«Հետաքրքիր» արձագանք ունեցավ գիտաժողովների այս շարքը։ Թերթերից մեկը դրանք ամփոփեց իր՝ «Պրոֆեսոր Թորոսյանի բլեֆը» հոդվածում։ Երբ հոդվածի որոշ դրույթներ քննարկեցի ռուս գործընկերների հետ, նրանց առաջին արձագանքը եղավ՝ «իսկ դա ադրբեջանցինե՞րն են գրել, ո՞վ է նրանց հասցրել»։ Հոդվածում բերվում էր գոյություն չունեցող մասնագիտական խորհրդի անդամի կարծիք, որը նման խնդիրները ի վիճակի չէր հասկանալու, ավելին՝ ըմբռնելու։

Իսկ «քիմիականի» վախճանը շարունակվում է: Մի ծանոթ իրական ազատամարտիկ, չնայած կրթական մակարդակի հարաբերականորեն ոչ բարձր լինելուն, արտահայտեց իր զարմանքը, թե ինչպես մեր նման երկիրը պիտի չունենա «քիմիա»:

Գ.Հ. ԹՈՐՈՍՅԱՆ
ՀԱՊՀ ԸՔ եւ ՔՏ ամբիոնի վարիչ
Ք.գ.դ., պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
04.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031