Եվրոպական միության երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն իրենց ուկրաինացի գործընկերների և ի վճռական դատապարտումն Ռուսաստանի ագրեսիայի։
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Մենք վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի անօրինական և չհրահրված ագրեսիան։
Կարդացեք նաև
Մենք հանդես ենք գալիս բռնության բոլոր ձևերը անհապաղ դադարեցնելու, ԵՄ անդամ պետությունների կողմից փախստականներին, ներքին տեղահանվածներին և քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը շարունակելու և երկարաժամկետ հեռանկարով խաղաղաշինության արդյունավետ գործընթաց ապահովելու օգտին:
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին մեզ հետ միասին համերաշխություն հայտնել ուկրաինացի ժողովրդին և ամեն կերպ աջակցել նրանց»։
Երիտասարդ եվրոպական դեսպանները հավելել են, որ պատրաստվում են իրականացնել բողոքի ցույցեր, տարածել փաստեր, հավաքել միջոցներ՝ կարիքավորներին ուղարկելու համար, և իրենց կառավարություններին մղել անելու ավելին: Նրանք նաև ԵԵԴ-ներին, այլ երիտասարդներին ու երիտասարդական ցանցերին հորդորել են կիսվել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն իրենց գործընկերների:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։
Ցանցի նպատակն է բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: