Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան ընդունել մի երկիր, որտեղ մի քանի օրով եղել ես գործուղման եւ քեզ շատ լավ ընդունել են, սխալ է». Արա Սահակյան

Մարտ 04,2022 19:30

«Ես նկատում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն, այնտեղ, որտեղ միջամտություն չկա վարչապետի գրասենյակից, ավտոնոմ ռեժիմում ճիշտ քայլեր է ձեռնարկում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն՝ անդրադառնալով խորհրդարանում, ընդդիմության՝ ներկայացրած հայտարարության քննարկումներին, որը վերաբերվում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վավերացրած Շուշիի հռչակագրի եւ հռչակագրի առիթով, դեռ մեկ տարի առաջ ՀՀ արտաքին գերատեսչության արտահայտած դիրքորոշմանը:

Արա Սահակյանը համոզված է, որ գործունեության երկրորդ ոլորտն էլ բանակն է, որն, ըստ սահմանման իր վրա դրված գործունեությունն իրականացնելու է՝ ձերբազատվելով իշխող թիմի եւ նրա լիդերի պատկերացումներից ու գործունեությունից: Նա վստահ է, որ զինվորականությունն իր գործն անելու է եւ բանակը վերականգնվելու է, այլապես դրա այլընտրանքը ՊՆ-ի եւ ԳՇ-ի փակվելն է լինելու: Բանախոսը նկատում է նաեւ, որ դատական համակարգն էլ ձեռքերը վեր չի բարձրացրել կա բարդ եւ խուլ դիմադրություն եւ այս փոքրիկ, լուսավոր կետերից պետք է կառչել, որպեսզի պաշտպանենք պետությունը:

Արա Սահակյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլից՝ հղումներ անելով իր պաշտոնավարման շրջանում եղած իրադարձություններին եւ իր զգացողություններին: «Երբ 1997 թվականին Ստամբուլում կայանում էր աշխարհի խորհրդարանների վեհաժողովը, ես մեր պատվիրակության ղեկավարն էի, ելույթ ունեցա եւ ասացի, ուրախ եմ, որ գտնվում ենք Ստամբուլում, Կոստանդնապոլսում, որը բյուզանդական, հայկական եւ օսմանյան քաղաքակրթությունների կենտրոնն է եղել, ինձ մյուս օրը, խորհրդարանի ղեկավարը՝ Մուստաֆա Քալեմլին, հրավիրեց իր մոտ, խորհրդարան: Նա ուղիղ չասաց, որ իր հրավերը կապված է այդ իր համար վիճելի իմ պնդման հետ: Ասաց, որ իրենք շատ հակված են մեզ հետ հարաբերությունները կարգավորելու, պատմական հարեւաններ ենք, հայերն ապրում են Ստամբուլում, այլ քաղաքներում: Համապատասխան պատասխան ստացվեց. մենք բաժանվեցինք՝ յուրաքանչյուրս մեր կարծիքին, բայց ասեմ՝ մեծությունը՝ պետությունների, քաղաքների, դրանց շքեղությունն ու փայլը, շփոթեցնում են: Ինձ թվում է այս իշխանությունները…որովհետեւ շատ հարցերում էլ են այդպիսին»,- ասաց Արա Սահակյանը՝ նկատելով, որ ներկայիս իշխանավորները խորքային պատկերացումներ չունեն հայ-թուրքական հարաբերությունների եւ դրանց կարգավորման հնարավորությունների մասին:

Նա իշխանավորներին խնդրում է զգույշ լինել եւ բանակցելիս մշտապես հիշել պապական խոսքը, որ «թուրքի լեզուն քաղցր է», իսկ այդ քաղցրության հետեւում մի ողջ պատմություն կա: Նա չի կարծում, որ այդ պատմությամբ պետք է ապրել, ավելին, այն կարծիքին է եղել, որ պրակտիկ քաղաքականության համար պատմությունը լավ հուշարար չէ, բայց նկատում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, պատմական փաստարկներն անսպասելի առաջ եկան եւ պարզվում է, որ նոր աշխարհակարգում, պատմությունը կարող է լինել որոշիչ եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպես գոնե մեր իղձերի բավարարման միջոց, չի կարելի անտեսել: Նա գտնում է, որ այսօր մեզ համար, ինչ-որ մի հանգամանքում, պատմությունը դառնալու է ճիշտ ուղենիշ:

Կարսում եւ Անիում մի քանի անգամ լինելուց, այնտեղ շրջելուց, մանրամասն ծանոթանալուց թե մնացած հայկական մշակութային ժառանգության, դրանց վերափոխումների եւ նորովի ներկայացումների, թե Թուրքիայի առօրյա կյանքի հետ, եկել է եզրակացության, որ այո, Թուրքիայում կան բաներ, որոնց մենք դեռ չենք հասել, ավելին, Թուրքիայի որոշ հատվածներում, մենք նաեւ բարեկրթության առումով ենք զիջում եւ Թուրքիան ընդունել մի երկիր, որտեղ մի քանի օրով եղել ես գործուղման եւ քեզ շատ լավ ընդունել են, սխալ է:

Բանախոսն այն կարծիքին է, որ այս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ նրա գործունեության բացասական դրսեւորումը եղավ 2020-ին եւ դեռ շարունակվում է, իսկ դա պետք է կանգնեցնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031