Մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանը ողջունել է Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը: Այս մասին Եվրոպական խորհրդարանի «Ռուսական ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի» թեմայով նիստի ընթացքում իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դիմումի առնչությամբ Մետսոլան ասել է, որ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ «Ինչպես հստակորեն նշված է մեր բանաձևում, մենք ողջունում ենք Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը և աշխատելու ենք այդ նպատակին հասնելու համար։ Մենք պետք է միասին նայենք ապագային»։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում սատարել է այս քայլին. «Մեր վերջին խոսակցության ժամանակ նա կրկին պատմեց ինձ իր ժողովրդի երազանքի մասին՝ միանալ մեր Միությանը: Այսօր ԵՄ–ն և Ուկրաինան արդեն ավելի մոտ են, քան երբևէ։ Առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին: Եվ պետք է խոսենք հետագա քայլերի մասին։ Բայց ես վստահ եմ. այս շրջափուլում ոչ ոք չի կարող կասկածել, որ այն ժողովուրդը, որն այդքան խիզախորեն տեր է կանգնում մեր եվրոպական արժեքներին, պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հավելեց, որ «Նախագահ Զելենսկին… իր սիրտը բացեց մեր առջև: Նա խոսեց մի հայտարարության մասին, որն այժմ պաշտոնապես մեզ է հասցեագրվել… Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր բարձրության վրա գտնվենք»: Նա նշեց, որ ընդունելությունը «բարդ թեմա է, քանի որ այն վերաբերում է ընդլայնմանը»։
Կարդացեք նաև
«Եվ մենք գիտենք, որ Եվրոպական միության ներսում կան տարբեր կարծիքներ, որոնք երբեմն կարող են տարբեր հնչերանգ տալ այս թեմային»,- ասել է Միշելը: «Եվրոպական հանձնաժողովը պետք է կիսվի եզրակացությամբ, որի արդյունքում Խորհուրդը չի շեղվի իր պարտականություններից: Խորհուրդը պետք է լրջորեն վերլուծի արտահայտված խորհրդանշական, քաղաքական, վճռական և, կարծում եմ, օրինական դիմումը։ Այնուհետև այն պետք է ուղղություն տա և ճիշտ ընտրություն կատարի՝ սառնասրտությամբ և վճռականությամբ՝ ի դեմս այսօր աչք առ աչք և մեզ բոլորիս հուզող հույզերով արտահայտված այս խնդրանքի»։
EU NEIGHBOURS east