Ուկրաինայի պատերազմն աղետ է ամբողջ աշխարհի համար, ինչը կկրճատի համաշխարհային տնտեսական աճը: Այս մասին BBC-ին ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը:
Նա նշել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից, և էներգակիրների համաշխարհային գների աճը, ինչպես նաև աճող ինֆլյացիան ամբողջ աշխարհում ամենամեծ հարվածը կհասցնի աղքատներին:
BBC-ն նկատում է, որ պարենամթերքի գներն արդեն աճել են պատերազմի պատճառով: S&P Global Platts-ի՝ Ուկրաինան արևածաղկի ձեթի ամենամեծ արտադրողն է աշխարհում, երկրորդ տեղում Ռուսաստանն է: Այդ երկու երկրները ծածկում են արևածաղկի ձեթի համաշխարհային շուկայի 60 տոկոսը:
JP Morgan-ի՝ այդ երկու երկրներին է բաժին ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտ մեկ երրորդը: Չիկագոյի բորսայում ցորենի գինը հասել է 14 տարվա առավելագույնի:
Կարդացեք նաև
Նույնը վերաբերում է նաև ռուսական էներգամատակարարումներին: Դրանց կրճատումը հատկապես վտանգավոր է Արևմտյան Եվրոպայի համար, որտեղ կառավարությունները չեն պատրաստել բավարար չափով էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
ԵՄ էլեկտրաէներգիայի 39%-ը մուտք է գործում հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայաններից, որի աղբյուրը Ռուսաստանն է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ