«Ով հողերը հանձնելու թուղթը ստորագրել է՝ նա հողատու է, ու թող փորձի ինձ հակառակն ապացուցել՝ հողերը հետ բերելով. դա միակ ուղին է, որով կարող է անձը հողատուի պիտակն իր վրայից լվանալ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենսդրական փոփոխությանը, որով հայհոյանքը քրեականացվում է, Արմինե Ադիբեկյանը նշեց. «Ապացուցման բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա: Պետք է ապացուցի, որ արտահայտությունը վիրավորանք է ինքն իրենով, օբյեկտը, որին ուղղված է վիրավորանքը, այն եղել է ծանր: Սրանք բավականին դժվար է ապացուցելը: Փաստաթղթային հիմք պիտի լինի, վիրավորանքի սուբյեկտը պիտի անցնի դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննություն և բերի տեղեկանք առ այն, որ վիրավորանքի պատճառով ձեռք է բերել հիվանդություն, սթրես է ապրել, այդ վիրավորանքն ազդել է իր կյանքի որակի վրա: Դատախազությունը և քննիչը չեն կարող վստահ ասել, որ երրորդ կողմը վիրավորվել է և ծանր վիրավորանք է ապրել»:
Ըստ Արմինե Ադիբեկյանի, ի վերջո, անձին կարելի է վիրավորել անգամ առանց վիրավորական խոսք օգտագործելու, անգամ հայացքով. «Այնպես որ, լրիվ անիմաստ օրենք է: Վստահ եմ, որ փորձում են մոնետիզացնել իրենց անպատվությունը»:
Խոսելով նախկիններ և ներկաներ դիսկուրսի և համեմատության մասին՝ Արմինե Ադիբեկյանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց. «Երբ նախկիններից եք խոսում, մի հատ մոտեցեք հայելուն, ձեզ նայեք: Երե՞կ եք ծնվել, թե՞ երեք տարի առաջ եք Գլենդելից եկել ՀՀ ծառայելու: Նույն նախկին կոռումպացված համակարգի հիմնական շառավիղներից էլ դուք եք եղել»:
Կարդացեք նաև
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների մասին, թե գնային երկրաշարժեր են և լավատեսական միտումներ չկան, Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց, թե օրեր առաջ էլ հայտարարություններ էին հնչում, թե սահմանները կբացվեն և տնտեսական աճ կունենանք: Նա հիշեց մասնավորապես Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները ու ասաց. «Ես, իհարկե, լավատեսական սպասումներ չունեմ, սակայն ուզում եմ հորդորել, որ իշխանության ներկայացուցիչները մի գիծ տանեն»:
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին և համեմատելով Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին, Ադրբեջանի հարցերով փորձագետն ասաց. «Ինձ համար Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա: Նույն բռնապետերն են, նույն կայսերապաշտական հավակնություններով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ