Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջում է տուգանել Վահան Բադասյանին՝ Նիկոլ Փաշինյանի մասին արած հայտարարությունների համար

Մարտ 04,2022 17:19

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գործով նիստը: Դատավորը Կարեն Ֆարխոյանն է։

Մեղադրող դատախազն այսօր հնչեցրեց մեղադրանքը: Ըստ այդմ, Վահան Բադասյանը մեղադրվում է ՔՕ-ի 301 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման մեջ: Մեղադրանքը ենթադրում է 500.000 դրամ տուգանք։ Սակայն իր ճառում մեղադրողը նշեց, որ Վահան Բադասյանը 13 օր անցկացրել է անազատության մեջ եւ դատարանից պահանջեց տուգանքի չափը սահմանել 450.000 դրամ։

Նրա խոսքերով՝ թեեւ Վահան Բադասյանը նախաքննության ընթացքում ընդունել էր իր մեղքը, իսկ դատաքննության ընթացքում՝ ոչ, սակայն հետազոտված ապացույցներով հաստատվում է նրա մեղադրանքը։

Դատախազը պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկեց Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելը եւ լուրջ վիրավորում ստանալը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն Վահան Բադասյանին ձերբակալել էր 2021 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրում հնչեցրած հայտարարությունների համար։ Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել․ «Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո, նաեւ զենքի միջոցով… այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու համար։

Նիստը կշարունակվի մարտի 7-ին, ժամը 13.30-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031