Aravot.am-ը Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Առողջապահության նախարարության այն նախագծի վերաբերյալ, ըստ որի` հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի` աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:
«Շատ ծիծաղելի է, որ խելոք մարդիկ պետք է մեկնաբանեն նման բաները: Առողջապահության նախարարությունը դաշտը լցնում է դատարկ օրակարգերով, որոնք նույնիսկ քննարկվելու ենթակա չեն, քանի որ անհեթեթ են: Ես կարող եմ հիմա շարունակել, պարզաբանում պահանջել` աղը ի՞նչ հեռավորության վրա պետք է դրված լինի, քանի՞ աղաման իրավունք ունենք պահելու, աղամանի ո՞ր չափը իրավունք ունենք պահելու, աղամանի անցքերը ի՞նչ չափի պետք է լինեն, ե՞րբ պետք է մոտեցնենք աղամանը հաճախորդին: Հաճախորդը քանի՞ անգամ իրավունք ունի թափահարելու աղամանը, աղամանը օգտագործելուց հետո արդյոք այն ենթակա՞ է վերադարձման: Եթե նոր հյուր է մոտենում սեղանին, նորի՞ց պետք է մոտեցնենք աղաման, թե՞ ոչ, կտուգանվենք, թե՞ ոչ երկրորդ անգամ մոտեցնելուց, այս ամենը կանոնակարգ է պահանջում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:
Ինչ վերաբերվում է խնջույքներին, այս մասին էլ հավելեց. «Քանի հոգուն քանի՞ գրամ աղ է հասնում, քանի՞ խնջույքի սեղանի պետք է աղաման դրված լինի, արդյոք սուպերմարկետներում աղամանները սիգարետի սկզբունքով թաքցվելո՞ւ են ցուցափեղկերի հետեւում։ Արդյոք սրան չի՞ հետեւելու նաեւ շաքարի դեմ պայքարը, որը ենթադրում է շոկոլադի ու քաղցրավենիքի բաժինների առանձնացում սուպերմարկետներում, եւ ռեստորաններում արդյոք մենք իրավունք ունենալո՞ւ ենք վաճառել միկադո, էկլեր … Այս ձեռառնոցին կարելի է անվերջ շարունակել: Առողջապահության նախարարությունը սանձարձակ գործունեություն է իրականացնում, որը մեկնաբանելը նույնիսկ պատվաբեր չէ ինձ համար: Ես այլեւս իմ պատվից ցածր եմ համարում քույր նախարարությունների, էկոնոմիկայի ու առողջապահության նախարարների որոշումները մեկնաբանելը: Եթե դա օրենք է, ուրեմն պետք է կանոնակարգ սահմանվի… Կանոնակարգը եւ տեխնիկական ապահովումն ո՞վ է վերցրել իր վրա, աղը ստուգվա՞ծ է, թե՞ ոչ, ո՞վ է ստուգելու, ինչ կանոնակարգով, անվերջ կարելի է շարունակել….»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Ռեստորանների ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից