Առողջապահության նախարարությունը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման, աղաման դնելու համար պատասխանատվության ենթարկել ու տուգանել 30 հազար դրամ:
Հիմնավորումն այն է, որ Հայաստանում աղի օգտագործումը չարաշահում են, իսկ դա վնաս է առողջությանը, նպաստում է սիրտանոթային հիվանդությունների, ինսուլտի առաջացմանը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ասաց. «Միանշանակ համաձայն եմ, որ աղը վնասակար է առողջությանը, որովհետեւ չի կարելի չարաշահել, բազում հիվանդություններ է առաջացնում ոչ միայն սիրտանոթային, այլ նաեւ երիկամային: Բայց քանի դեռ լուրջ քննարկումներ դրա հետ կապված չեն եղել, չեմ կարող կարծիք արտահայտել: Պետք է հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Մենք դեռ առողջապահության նախարարության հետ նման քննարկում չենք ունեցել, սոցցանցից եմ նոր ծանոթացել՝ րոպեներ առաջ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ աղի սպառումը կանխելու համար դա լավագո՞ւյն միջոցն է՝ նա պատասխանեց. «Ոչ, կարելի է այլ միջոցով պայքարել, ոչ տուգանման միջոցով: Պետք է ձեւեր մշակել, որպեսզի վնաս չլինի ժողովրդին եւ տնտեսվարողին»:
Պատգամավորն ասաց, որ կոնկրետ ինքը «աղակեր» չէ, բոլորը պետք է սահմանափակեն աղի օգտագործումը. «Մեր համաշխարհային այս սննդի հետ կապված պետք չի ավելի վատացնել սնունդը աղով եւ շաքարով»:
Հարցրեցինք՝ որպես սպառող, երբ գնում եք որեւէ օբյեկտ, հասարակական վայր, սեղանի վրա երբ աղաման է տեղադրված լինում, աղ ուտելու ցանկությո՞ւն է առաջանում՝ նա պատասխանեց. «Գիտեք, այսպիսի ասացվածք կա, ասում են՝ ամեն մարդ իր բերանի համն ունի: Եթե մարդը աղակեր է, մենք չենք կարող ստիպել իրեն չուտի աղ, ինքը չի էլ մոռանա դրա մասին բնականաբար, եթե ինքը աղակեր է, ինչքան էլ չտեսնի: Դա պետք է հաշվի առնել: Իսկ այն մարդիկ, ովքեր հասկանում են աղի վնասակարությունը կամ չեն ցանկանում օգտագործել, միանշանակ, ուղղակի չեն օգտագործի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ