ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, այս արձանագրությունը ստորագրվել է դեռեւս 2015թ.-ին՝ 18 պետությունների մասնակցությամբ, իսկ ՀՀ-ն փաստաթղթին միացել է 2018թ.-ին։
Հայրապետյանի խոսքով՝ արձանագրության նպատակն է լրացումներ կատարել կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելուն, դրա ֆինանսավորմանը, կազմակերպելուն կամ այլ կերպ դրան օժանդակելուն վերաբերող հոդվածներով սահմանված արարքները: Ըստ ԱԱԾ պաշտոնյայի՝ այս արձանագրության վավերացմամբ Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվեց՝ 2020թ․-ի պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան փաստը հաշվի առնելով՝ կոնվենցիան որեւէ նոր իրավական հնարավորություն տալո՞ւ է՝ խնդիրը միջազգային իրավական ատյաններում բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու համար։
Սամվել Հայրապետյանը պատասխանեց․ «Միջազգային հանրության տեսակետից, կարծում եմ, մի քիչ խնդրահարույց կարող է լինել Արցախի ճանաչումը որպես վավերացմանը մասնակցող կողմ։ Բայց առանց այդ ընթացակարգի էլ՝ մենք մեր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակում փորձել ենք տարբեր ատյաններում հասանելի դարձնել, թեեւ ձեր ասած խնդիրը վերաբերում է կոնկրետ պատերազմական հանցագործությանը։ Տեղեկատվությունը փոխանցել ենք ԱԳՆ-ի խողովակներով, իսկ մեր գերատեսչության մակարդակով իրազեկել ենք ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ ձեռնարկել է՝ ահաբեկիչների վերաբերյալ մոտ 250 ինքնորոշիչ տվյալները մուտք անելով տեղեկատվական համակարգ՝ հետագայում նրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ