Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարների շարքին դասվեցին նաև Ռաֆայել Լեմկինը և Հենրի Մորգենթաուն»

Մարտ 04,2022 16:19

Մարտի 3-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Միլանում մասնակցեց Իտալիայում և Եվրոպայում ամեն տարի նշվող Արդարների օրվա հանդիսավոր արարողությանը, որն այս անգամ նվիրված էր Արդարների օրվա (2012թ. մարտի 6) հռչակման տասնամյակին։

Հոբելյանական արարողության ընթացքում, ի թիվս այլոց, Արդարների շարքին դասվեցին նաև Ռաֆայել Լեմկինը և Հենրի Մորգենթաուն, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման, բարձրաձայնման, ինչպես նաև կյանքեր փրկելու գործում։

Հենրի Մորգենթաուին Արդարների շարքին դասելու մասին հավաստող վկայականը Միլանի քաղաքապետը հանդիսավոր հանձնեց ամերիկացի դիվանագետի ծոռ Քրիստոֆեր Լոնդոնին, ՀՀ դեսպան Ծ. Համբարձումյանին և Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պ. Քուչուկյանին։

Միջոցառումը տեղի ունեցավ Մոնտե Ստելլա բլրի վրա գտնվող Արդարների պուրակում, այն կազմակերպվել էր Gariwo – Gardens of the Righteous Worldwide ասոցիացիայի կողմից, որի  նախագահն է Գաբրիելե Նիսսիմը։

Արարողությանը ներկա էր նաև Քաղաքային խորհրդի նախագահ Էլենա Բուշեմին, քաղաքային և շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, դպրոցների ավագ դասարանների բազմաթիվ աշակերտներ։ Մարտի 3-ի երեկոյան Միլանի քաղաքապետարանում՝ Պալացցո Մարինոյի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելում. արդարների պատմություններն ընդդեմ լռության և անտարբերության» խորագրով քննարկում-կոնֆերանսը։

Ելույթներով հանդես եկան հրեաների ցեղասպանությունը վերապրած իտալացի սենատոր Լիլիանա Սեգրեն, Պատգամավորների պալատի անդամ Լաուրա Բոլդրինին, Քաղաքային խորհրդի նախագահ Էլենա Բուշեմին, տուտսիների ցեղասպանությունը վերապրած Գոդելիեվե Մուկասարասին,  Մորգենթաուի ծոռ Քրիոտոֆեր Լոնդոնը, Միլանի համալսարանի ռուս գրականության պրոֆեսոր Լաուրա Ռոսսին, ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պ. Քուչուկյանը, այլ հրավիրյալներ։ Միջոցառմանը տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման գծով հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Գարիվոյի նախագահ Գաբրիելե Նիսսիմին Հայոց ցեղասպանության հարցը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար, ընդգծեց ցեղասպանությունների կանխարգելման, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունները խստորեն դատապարտելու կարևորությունը։ Դեսպանը, ի դեմս Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Լաուրա Բոլդրինիի, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր 2019 թ. նախաձեռնեցին և պայքարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

Գլխավոր լուսանկարում՝ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը Հենրի Մորգենթաուի ծոռան՝ Քրիստոֆեր Լոնդոնի հետ։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031