Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օր ո՞ւր էր Եվրոպան, երբ Արցախում պատերազմ էր». Կոմունիստները ցույց արեցին՝ ի աջակցություն Ռուսաստանի

Մարտ 04,2022 16:03

Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ այդ կազմակերպության առաջխաղացումն Արեւելքում՝ կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Ռուսաստանի դեսպանատան առաջ հայտարարեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:

Երջանիկ Ղազարյան

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներն այսօր եկել էին Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու Ռուսաստանին: Երջանիկ Ղազարյանի խոսքով, Ռուսաստանի հատուկ գործողություններն Ուկրաինայում ֆաշիզմի եւ ազգայնամոլության դեմ պայքարի նպատակով են:

«2014 թվականից սկսած, երբ Ուկրաինայում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օգնությամբ, Մայդանի միջոցով իշխանության եկան ազգայնամոլները, ֆաշիստական ուժերը, այդ օրվանից սկսվեցին ոտնահարվել ռուսալեզու բնակչության իրավունքները, եւ նրանց ոչինչ չէր մնում՝ ինքնորոշվելու: Ուկրաինայի իշխանությունները, հերթով փոխվելով, այդ օրվանից ի վեր տանջանքների են ենթարկել եւ սպանել ռուս բնակչությանը, այսինքն՝ իրենց քաղաքացիներին՝ Դոնբասում, Դոնեցկում եւ Լուգանսկում: Եվ Ռուսաստանի իշխանություններին ոչինչ չէր մնում՝ իր ազգին փրկելու ֆաշիզմի ճիրաններից: Ինչպես 1941 թվականին Սովետական միությունը փրկեց ֆաշիզմից ամբողջ աշխարհը, Եվրոպային, հիմա էլ Ռուսաստանը փրկում է այդ ժանտախտից»,-ասաց Երջանիկ Ղազարյանը:

Նրա խոսքով, ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգի տարբեր հատվածներ են, բայց այս տարիների ընթացքում ազգայնականները նրանց մեջ սերմանել են, որ նրանք այլ ազգ են, ռուս չեն, որ պետք է պայքարեն ռուսների դեմ. «Եվրոպայի, ԱՄՆ-ի գլխավորությամբ զինել են, ամեն ինչ արել են: Ռուսաստանին ոչինչ չէր մնում չեզոքացնելու այս սպառնալիքը՝ երկրորդ անգամ աշխարհը փրկելով ֆաշիզմի ճիրաններից: Ռուսաստանն այն երկիրը չէ, որ թույլ տա՝ իր անվտանգությունը խաթարվի, այդ պատճառով էլ հիմա հատուկ գործողություն է իրականացնում, որպեսզի սպառնալիքները վերացնի իր սահմաններից»:

Աշոտ Պապյան

Ցույցին մասնակցում էին նաեւ Սովետական սպաների միության սպաները: Միության նախագահ Աշոտ Պապյանն ասաց՝ ՆԱՏՕ-ն արդեն ներխուժում է Խորհրդային միության հանրապետությունների տարածք, եւ դրա դեմն առնելու միակ ճանապարհը Ուկրաինայում ֆաշիզմի դեմ պայքարն էր: Աշոտ Պապյանն ասաց, որ շատ լավ տեղյակ են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ծրագրերից. «Առաջինը խորհրդային միությունը փլուզելն էր, երկրորդը՝ որպեսզի խորհրդային հանրապետությունները դուրս բերեն Ռուսաստանի ազդեցությունից եւ երրորդը՝ Ռուսաստանի փլուզումը»:

Նրա խոսքով, հիմա էլ լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի Հայաստանից դուրս բերեն ռուսական զորքերը, ինչը կնշանակի, որ Հայաստանը որպես պետական սուբյեկտ կվերանա, ռուս-թուրքական սահմանն էլ կհայտնվի Ռոստովի մերձակայքում. «Որից հետո կլինի Ռուսաստանի մասնատումը: Բայց Հայաստանը միշտ լինելու է Ռուսաստանի կողքին եւ պատմությունը ցույց է տվել, որ առանց Ռուսաստանի Հայաստանը գոյություն չի ունենալու»:

Կուսակցության առաջնորդները հիշեցրին, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի 25 տոկոսը փրկվել է Ռուսաստանի շնորհիվ: Հիշեցրին նաեւ, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին են ապրում, եւ, եթե այնտեղ իրավիճակը վատթարացավ՝ ուղիղ ազդեցություն է ունենալու հայաստանցիների կյանքի վրա:

«Ո՞ւր էին այդ հումանիստները, երբ սպանում էին Դոնբասի ժողովրդին, Սիրիայի, Լիբիայի»,-դիմելով արեւմտամետ ուժերին, Եվրոպային, ԱՄՆ-ին ասում էին կոմունիստները. «44-օր ո՞ւր էր Եվրոպան, երբ Արցախում պատերազմ էր։ Նույն Ուկրաինան չէ՞, որ ֆոսֆորային զենքը տրամադրել էր Ադրբեջանին: Ուկրաինան չէ՞ր պաշտպանում Ադրբեջանին, շնորհավորում հաղթանակի առթիվ»:

Կոմունիստները գտնում են, որ Ռուսաստանը կանգ կառնի այն ժամանակ, երբ «ֆաշիզմն արմատախիլ անի Ուկրաինայից»:

Կոմունիստները ասացին, որ միութենական հանրապետությանը կողմ են: Վստահեցրին, որ պետությունները չեն կորցնելու իրենց անկախությունը եւ Եվրամիության մոդելով միության մաս են կազմելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031