Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի դեմ 8 տուժողներ են ցուցմունք տվել:
«Եղել են խոցելի սոցիալական խմբի կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են իրենց երեխաներից։ Այս կանայք եկել են հիվանդանոց ու հիմնականում բժիշկներին դիմել են հղիությունն արհեստական ընդհատելու խնդրանքով։ Բժիշկները ձեռնպահ են մնացել, որովհետեւ պտուղները մեծ են եղել ու առաջարկել են, ծննդաբերել ժամկետին: Բժիշկները ձեռնարկել են բոլոր միջոցները վաղաժամ ծննդաբերությունը կանխելու համար, բայց նախաքննությունն այն կարծիքին է, որ իրենց մոտ արհեստական խթանվել է վաղաժամ ծննդաբերությունը: Վկաներ կան, որոնք ասում են՝ իրենք եկել են, ինչ-որ բժշկի դիմել են ու ինչ-որ դեղ են խմել, դրանից ենթադրում են, որ իրենց տարել են արհեստական ծննդաբերության: Բայց երբ փաստարկները նայում ես ու տեսնում՝ դեղորայքային ինչ բուժում է նշանակված եղել, պատկերն ամբողջանում է, հասկանում ես, որ բուժական միջոցառումներ են իրականացվել: 7 կին պնդում է, որ բժշկական միջամտությունն եղել է արհեստական կամ կեսարյան են արել առանց հիմքերի: Բայց մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում այդ կանանց խնդիրների մի ամբողջ պատկեր կա, էպիկրիզներ, հիվանդության թղթեր: Այսինքն՝ վաղաժամ ծննդաբերությունը նրանց մոտ ոչ թե արհեստական միջամտության արդյունքում է առաջացել, այլ իրենց մոտ եղած հիվանդությունների հետեւանքով: Իսկ մի հոգի ոչ թե ասում է, որ իր նկատմամբ եղել է արհեստական միջամտություն վաղաժամ ծննդաբերության համար, այլ ասում է՝ ծնողներիս համաձայնությունը կեղծված է, (անչափահասների դեպքում ծնողների համաձայնություն է պետք) որովհետեւ հոր համաձայնությունը հետին թվով է կնքված, ուրեմն՝ կեղծիք է տեղի ունեցել: Առանց խնամքի մնացած, ծննդատանը թողնված երեխայի հանդեպ ծննդատունն ունի պարտականություններ օրենքով, որ ձեւակերպումներ անի, որ երեխան ունենա ծննդական, անուն, ազգանուն, երեխայի ճակատագիրը տնօրինելու համար համաձայնություն։ Եթե ինչ-որ մեկը զանգում է, ասում է՝ լսի երեխայիդ թողել ես կամ արի տար, կամ համաձայնությունդ տուր, նորմալ գործընթաց է, դա վերագրել որպես ճնշման գործիք այն դեպքում, երբ երեխան արդեն երկու ամիս է՝ մնացել է ծննդատանը, աբսուրդ է: Այդ կանայք երբեւէ իրենց երեխայի ճակատագրով չեն էլ հետաքրքրվել։ Մեկն ասում է՝ բժիշկները չեն թողել երեխայիս գրկեմ։ Եթե այդ բժիշկը գիտի, որ երեխայից հրաժարվում ես, նա չի բերի երեխայիդ դնի կրծքիդ, որովհետեւ կարող է ծանր տառապանքներ պատճառի ծնողին, հոգեբանական անդառնալի հետքեր մնան»,- Aravot.am-ին ասաց Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Մեր դիտարկմանն ի պատասխան՝ իսկ շատ հնարավոր է, որ երեխայից հրաժարվել պատրաստվող մայրը գրկի երեխային ու փոշմանի հրաժարվելուց, փաստաբանը նկատեց, որ փոշմանելու համար ծնողն ունի բավարար ժամանակ, մինչեւ դատավճռի կայացում:
Այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան:
Կարդացեք նաև
Հովհաննես Քոչարյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը Ֆանտաստիկայի ժանրից է համարում. «Նման մեղադրանքներ վերջին անգամ ենթադրում եմ՝ ներկայացրել են ֆաշիստ բժիշկներին, համակենտրոնացման ճամբարներում գիտափորձեր անելու համար: Բացարձակապես ենթադրությունների, սխալ եզրահանգումների վրա հիմնված հրապարակումներ են կատարվում, հերթական անգամ վարկաբեկելու ակադեմիկոսի անունը: Նպատակը ցույց տալու, որ երկար տարիներ հանրային հնչեղություն ստացած այս գործն այլեւս բացահայտված է, բոլոր մեղավորները պատասխանատվության են կանչված, արդարությունը շուտով կվերականգնվի: Իսկ իրական արդարադատությունն այս գործով այս նյութերից շատ հեռու է: Անհասկանալի մի շղթա է ձեւավորվել ու կապում են ինչ-որ երեխաների վաճառքի հետ, գնորդներն էլ չգիտենք՝ ովքեր են, ինչքան երեխաների վաճառքն է ապօրինի, այնքան գնումն է ապօրինի։ Բա գնորդներն ո՞ւր են, ինչու պատասխանատվության չեն ենթարկվում, ո՞ւր են հայտարարված հետախուզումները, կասեցված գործերը»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքները մի քանի անգամ փոփոխվել են։ Այժմ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ծննդատուն դիմած թիրախային խմբի ծննդկաններին, որոնք հղիացել են արտամուսնական հարաբերություններից եւ ցանկացել ընդհատել հղիությունը կամ սոցիալական այլ պատճառներով պայմանավորված՝ հրաժարվել երեխաների խնամքից, իրենց նորածիններից հրաժարվելուն ուղղված ակտիվ գործողությունների՝ հորդորների կիրառմամբ, ծննդկաններից ստացել է երեխաների նկատմամբ ունեցած՝ նրանց ծնողական իրավունքներից հրաժարվելու եւ որդեգրման համաձայնություն տալու վերաբերյալ դիմումներ: Առանձին դեպքերում ծննդկաններին և նրանց հարազատներին նորածինների առողջական վիճակի վերաբերյալ տրամադրվել են բարդացված տեղեկություններ:
«Այսինքն՝ քննչական կոմիտեն տիրապետում է նյութերի, որ հայկական մենթալությամբ ծնողները հիվանդ երեխաներ չեն որդեգրում, իսկ ահա արտասահմանցիների ուշքը գնում է հիվանդ երեխաների համար: Դուք պատկերացնո՞ւմ եք այս իրավական ինֆանտիլիզմի աստիճանը: Վաղաժամ ծննդաբերությունների 70 տոկոսն ավարտվում է երեխաների մահով, կա վիճակագրություն, այսինքն՝ ինչ է տեղի ունեցել, բժիշկները գիտակցաբար վտանգել են ծնողների կյանքն ու երեխաների առողջությունը, ինչ է թե, ծնվեն հիվանդ երեխաներ, որ որդեգրվեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեղադրանք է: »,- նկատեց փաստաբանը:
Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ այս քրեական գործի նյութերում չկան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ, մասնագիտական կարծիքներ. «Ռազմիկ Աբրահամյանին էլ զրկեցին իր անմեղությունը պաշտպանելու, ապացույցներ ներկայացնելու իրավունքից: 10-ից ավելի վկա ենք միջնորդել, որ հարցաքննվի, բժիշկներ, ոչ միայն Ռազմիկ Աբրահամյանի մոտ աշխատող, այլեւ բժշկական տարբեր կազմակերպություններում աշխատող, որոնք կարողացել են հիմնավորել, որ ամեն ջանք ու եռանդ գործադրել են, որ վաղաժամ ծննդաբերությունները կանխարգելվեն: Փաստաթղթերով մի կողմից երեւում է, որ բժիշկները ձեռնարկել են միջոցներ վաղաժամ ծննդաբերությունները կանխարգելելու ուղղությամբ, մի կողմից ասում են՝ ինքը միջամտություն է արել, դեղեր է խմեցրել, որ վաղաժամ ծննդաբերությունն առաջանա, դուք պատկերացնո՞ւմ եք այս հակասությունը»:
Հովհաննես Քոչարյանը նաեւ ասաց, որ իր պաշտպանյալի հաշվեհամարին խոշոր գումար չի փոխանցվել, նրա նկատմամբ ապօրինի գումարներ ստանալու մեղադրանքները հանվել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ