Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Թովմասյան, այդ ո՞ր պատգամավորներն են ապրում զոքանչի տանը․ գուցե ձեր խմբակցությունի՞ց են»․ Արթուր Հովհաննիսյան

Մարտ 04,2022 15:18

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ եթե պայմանագրային զինծառայողը կադաստրից տեղեկանք է ներկայացնում այն մասին, որ ինքը, իր ընտանիքի անդամը չունեն սեփականություն, սա արդեն հիմք է, որ ՊՆ-ն բնակարանի վարձավճարի փոխհատուցումը տա՝ որեւէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ վարձակալության մասին վկայական չպահանջելով։

ԱԺ լիագումար նիստում այսօր առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ քչերը երեւի գիտեն, որ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջարկով ինքը հետ է քաշել նախագիծը, կազմակերպել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՊՆ, զինվորական դատախազության, քննչական կոմիտեի եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ․ «Բոլորը միաբերան ասացին, որ օրինագիծն անհրաժեշտություն է։ Հետո նորից շրջանառեցի նախագիծը, քանի որ հանձնաժողովում այն ստացել է դրական եզրակացություն»։

Թագուհի Թովմասյանը հավելեց․ «Պատկերավոր ասած՝ վարձով ապրող զինծառայողներին դատում ենք, բայց ԱԺ դահլիճում կան պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ, զոքանչի տանը եւ ստանում վարձավճարի փոխհատուցում ու չեն դատվում։ Ստացվում է, որ պատգամավորին կարելի է, բայց զինվորին՝ ոչ։ Հետեւաբար, առաջարկում եմ այդ խութերը վերացնել եւ զինծառայողին հնարավորություն տալ միայն կադաստրի եզրակացությամբ ստանալ վարձավճարի փոխհատուցում»։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ այս նախագծի ընդունմամբ լինի իրավիճակ, երբ զինծառայողը բնակվի բարեկամի տանը, բայց միաժամանակ ստանա վարձավճարի փոխհատուցում։ Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Նման դեպքեր այսօր էլ են հնարավոր։ Մենք ուղղակի ամրագրում ենք, որ կարգը պետք է հեշտացնել։ Սա իրավիճակի վրա վատ իմաստով ազդեցություն չի ունենալու»։

Թունյանն արձագանքեց․ «Ընդունում եմ, որ խնդիր կա, բայց այն այլ տեղ է։ Վարձով տվողը չի ուզում պայմանագիր կնքի, որ գործարքը չգրանցվի, այսինքն՝ չեն ուզում հարկ վճարել պետությանը։ Ձեր վերոնշյալ օրինակի հետ կապված․ զինծառայողը դատվում է ոչ թե վարձով ապրելու, այլ ֆիկտիվ պայմանագիր կնքելու համար։ Իսկ պատգամավորները փոխհատուցում ստանում են միայն այն դեպքում, երբ ներկայացնում են վարձավճարի պայմանագիրը։ Չի ստացվո՞ւմ, որ այս օրենքով հարկ թաքցնողներին կանաչ ճանապարհ ենք տալիս»։

Թովմասյանն արձագանքեց, որ հարկային ծառայության թերության պատճառով չպետք է պատասխան տա զինծառայողը․ «Եթե խնդիրը վատ հարկատուներին գտնելն է, ապա սլաքը դրան պետք է ուղղել»։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ սա այն դեպքերից է, երբ իշխանական խմբակցությունը նպաստել է նախագծի՝ լիագումար նիստում հայտնվելուն, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել․ «Դուք բարի նպատակ եք դրել, բայց զինվորականների հոգսը թեթեւացնելու փոխարեն չենք լուծում խնդիրը։ Ստվերում խնդիր է մնում»։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Չեմ ուզում, որ դուք դա որպես լավություն մատուցեք։ Դա լավություն չի, այլ պարտականություն։ Որեւէ մեկը ձեզ չի խանգարում, որ, օրինակ, վարձավճարները բարձրանան։ Դա ի՞նչ կապ ունի իմ նախագծի հետ։ ՊՆ-ն, ուժային կառույցները կողմ են, ո՞վ է դեմ»։ Քոչարյանը պատասխանեց՝ աշխատանքային քննարկման ժամանակ կողմ են արտահայտվել, բայց կառավարության եզրակացությունը բացասական է, այն հիմնավորված է․ «Պետք է կողմնորոշվենք»։ Թովմասյանը պնդեց, որ կառավարության եզրակացությունը բացարձակ ճշմարտություն չէ, եւ կան հարցեր, որոնցում կառավարությունը եւս կարող է սխալվել։

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ Թագուհի Թովմասյանին կոչ արեց կողմնորոշվել՝ ի վերջո, լավությո՞ւն է տեղի ունեցել, թե վատություն․ «Համ էլ եկել խրախուսում եք, որ մարդիկ խուսափեն հարկեր վճարելուց։ Էմոցիոնալ թեմա եք բերել զինվորների մասին եւ միաժամանակ հակադրվում եք պետության՝ թափանցիկության քաղաքականությանը։ Ո՞նց կլինի։ Սա հերթական սոփեստական նախագիծն է…Մեզ լուծումներ են պետք, բայց ոչ PR-ի նման նախագծերի տեսքով։ Սա չի լուծում խնդիրը։ Տիկին Թովմասյան, բանակի կարիքները հարկահավաքության միջոցով են հոգում։ Ասում եք, թե մի շարք կառույցներ դրական են վերաբերվել նախագծին, բայց կառավարությունը դեմ է։ Դուք չեք հիմնավորել նախագիծը։ Եվ հետո, տիկին Թովմասյան, մի հատ խնդրում եմ՝ կոնկրետացրեք, թե որ պատգամավորներին նկատի ունեիք, երբ ասում էինք, որ զոքանչի տանն են ապրում։ Կարո՞ղ է՝ ձեր խմբակցությունից են։ Կոնկրետացրեք, այլապես սա ԱԺ-ն է, ոչ թե օրաթերթ, որտեղ կարող եք գրել այն, ինչ ձեր մտքին գալիս է»։

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը եւս համաձայն է պնդման հետ, որ այս նախագիծը խրախուսում է հարկերից խուսափելը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ տեղի ունեցավ քվեարկությունը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հնարավորություն ստեղծեց, որ լիագումար նիստում էլ հարցը քննարկվի․ «Արդյունքում արձանագրվեց, որ նախագիծը չի լուծում իր նպատակի խնդիրը, նաեւ՝ իրավական խնդիրներ է առաջացնում, ուստի մեր խմբակցությանն առաջարկում եմ դեմ քվեարկել»։

Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ձեր դիրքորոշումը կանխատեսելի էր, պարոն Քոչարյան։ Նախագիծը ստացել էր պատկան կառույցների դրական արձագանքը, խնդիրն արձանագրվել էր։ Ձեր առաջարկով խնդիրը կշարունակվի, եւ վարձով աշխատող զինծառայողները կշարունակվեն դատապարտվել»։ Նախագծին կողմ քվեարկեցին միայն 22 պատգամավորներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031