Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական և ազգամիջյան ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով. հայտարարություն

Մարտ 04,2022 15:22

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի վերաբերյալ

2022թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչին հետևեց մի քանի ուղղություններով ռուսական զինված ուժերի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի Հանրապետության վրա: Պատերազմական գործողություններն առայսօր շարունակվում են` դառնալով մեծ թվով մարդկային զոհերի, վիրավորների, փախստականների, բնապահպանական, տնտեսական և մշակութային աղետի, մի ամբողջ ծաղկուն պետության քայքայման պատճառ:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է պատերազմական գործողությունների սանձազերծումը:

Մենք՝ որպես մեր դեմ իրագործված հարձակողական պատերազմների հետևանքներին առայսօր առերեսվող ժողովուրդ, անընդունելի ենք համարում 21-րդ դարում միջազգային խնդիրներ լուծելիս ապավինումը պատերազմին, երբ միջազգային իրավունքն ու դիվանագիտական հարաբերությունները զարգացրել են անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար: Այսօր տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմը չդատապարտելը պարարտ հող է ստեղծում անպատժելիության և նոր պատերազմների համար:

Անհրաժեշտ է օր առաջ գիտակցել, որ կատարվածն անդառնալի հարված է հարյուրամյակներ կողք կողքի ապրած երկու ժողովուրդների հարաբերություններին, և գալիք սերունդները դա չեն ներելու: Ցանկացած ժողովուրդ արժանի է խաղաղ կյանքի ժողովրդավար և ինքնիշխան պետությունում:

Համոզված ենք, որ միջպետական և ազգամիջյան ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցություններով` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում` ազգերի ինքնորոշման սկզբունքին համապատասխան:

Ի հավելումն ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու ՀՀ կառավարության կողմից արդեն արված հայտարարությանը` կոչ ենք անում նրան հետևել այն պետությունների օրինակին, որոնք սկսել են մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ստեղծված աղետը մեղմելու, քաղաքացիների առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Սույնով մեր ամուր և սրտանց զորակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին, մաղթում կորով և համբերություն և հույս տածում, որ մղձավանջը շուտով կավարտվի, և կվերահաստատվի խաղաղություն` հնարավորություն տալով ձեզ՝ շարունակելու կերտել ձեր ժողովրդավարությունը:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031