Ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները սկսվել էին 2014 թ․ մարտին, երբ Ղրիմի միավորումից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Կանադան պատժամիջոցների «առաջին փաթեթը» կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ։
Այդ պատժամիջոցների բնույթը հիմնականում կապված էր պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց ակտիվների սառեցման, վիզաների սահմանափակման, ռուսական կազմակերպությունների հետ գործնական հարաբերությունների դադարեցման հետ։ Նույն թվականին Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման հետ կապված այդ պատժամիջոցներն ընդլայնվեցին։
2018 թ․ օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր նոր պատժամիջոցների մասին, որոնց պատճառն էր Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» անվամբ հայտնի դարձած թունավոր նյութով երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և իր դստեր՝ Յուլյայի թունավորման դեպքը։ Դրանից հետո՝ 2021 թվականին, հայտնի դարձավ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու՝ նույն նյութով թունավորման դեպքի մասին, որի հետևանքով ևս մի փաթեթով ավելացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։
ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի կամ, ինչպես իրավիճակը ռուսական կողմն է ներկայացնում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու պատճառով Ռուսաստանի Դաշնության հանդեպ սկսեցին կիրառվել տնտեսական պատժամիջոցների թարմ փաթեթներ, որոնք նպատակ ունեն տնտեսական հակահարված տալ Ռուսաստանի գործողություններին։ Պատժամիջոցների այս փուլը, թերևս, ամենադաժանն է և ամենաընդգրկունը Ռուսաստանի պատմության մեջ: Նոր ընդունված պատժամիջոցները ներառում են Եվրոպայի խորհրդում ՌԴ անդամության սառեցում, անձնական պատժամիջոցներ ՌԴ նախագահի և ԱԳՆ-ի հանդեպ և այլն։
Կարդացեք նաև
Այս նյութում կանդրադառնանք Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներին՝ ըստ ոլորտների։
Անձնական պատժամիջոցներ
Ռուսաստանի պետական դումայի կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումից հետո Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց նախագծին կողմ քվեարկած 351 պատգամավորների նկատմամբ։ Ապա ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ավստրալիան հայտարարեցին պատժամիջոցների կիրառման մասին նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։
Արդեն փետրվարի 28-ից ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ սկսեց կիրառել նաև ՌԴ նախագահի շրջապատի գործիչների ու օլիգարխների նկատմամբ, որոնց թվում են Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, խոշոր գործարարներ Միխայիլ Ֆրիդմանը և Պյոտր Ավենը («Ալֆա-բանկի» համահիմնադիրներ), խոշոր գործարար Ալիշեր Ուսմանովը, փոխվարչապետ և Ռուսական երկաթուղիների (РЖД) խորհրդի անդամ Դմիտրի Չերնիշենկոն, նաև պետական ԶԼՄ-ների լրագրողներ Անտոն Կրասովսկին, Օլգա Սկաբեևան, կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանը և այլք՝ ընդհանուր առմամբ 26 հոգի։
Այս պատժամիջոցները նախատեսում են ցանկում ներառված անձանց՝ ԵՄ երկրներ մուտքի արգելում և այդ անձանց ԵՄ տարածքում գտնվող բոլոր ակտիվների սառեցում։
Ցանկում ներառված գործարարներից Պ․ Ավենին ԵՄ-ն անվանել էր ռուսական օլիգարխներից Պուտինին ամենամոտը կանգնածը, իսկ Ֆրիդմանին՝ «ռուսական առաջատար ֆինանսիստ և Պուտինի առաջնային շրջանակի օգնական»։ Երկու միլիարդատերերն էլ հերքել են կապը Պուտինի հետ և նույնիսկ դուրս են եկել «Ալֆա-բանկի» տնօրենների խորհրդից, որպեսզի կարողանան փրկել իրենց բիզնեսը։ Ֆրիդմանը նաև հեռացել է Veon կազմակերպության (Beeline-ի սեփականատեր) տնօրենների խորհրդից։
26-ի ցանկում ներառված գործարար Ալեքսանդր Պոնամարենկոն, իր հերթին, հրաժարվել է Շերեմետևոյի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից։
USM Holdings-ի համասեփականատեր խոշոր գործարար Ալիշեր Ուսմանովը, որը պատժամիջոցների ցանկում ներառվել է որպես Պուտինի սիրելի օլիգարխներից մեկը, մեղադրվել է նաև «Կոմերսանտ» օրաթերթը գնելու մեջ, որը պրոիշխանական դիրք է սկսել զբաղեցնել, և ոտնահարվել է պարբերականի ազատ խոսքի իրավունքը։
«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը ներառվել է ցանկում այն բանի համար, որ, ինչպես նշված է հրապարակված փաստաթղթում, լինելով ՌԴ ամենաազդեցիկ գործարարը՝ նյութական և ֆինանսական եղանակներով աջակցել է և օգուտ է ունեցել նրանցից, ովքեր պատասխանատվություն են կրում Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայում վիճակի ապակայունացման համար»։
Մարտի 3-ին Սպիտակ տունը նույնպես հայտարարել է անձնական պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին՝ ներառելով ՌԴ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, նախագահի շրջապատում գտնվող 19 օլիգարխներին և նրանց ընտանիքներին։ ԱՄՆ պատժամիջոցները ներառում են այս անձանց ԱՄՆ ֆինանսական համակարգից հեռացում, նրանց՝ ԱՄՆ-ում գտնվող ունեցվածքի և միջոցների սառեցում, վիզաների տրամադրման սահմանափակում։
Պետական պարտք
ՌԴ պետական դումայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչումից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ամերիկյան ֆինանսական ինստիտուտներին արգելվում է ցանկացած գործարքներ կատարել թե՛ առաջնային և թե՛ երկրորդային շուկաներում դաշնային ռուբլու փոխառության պարտատոմսերով կամ ՌԴ սուվերեն եվրոբոնդերով, որոնք թողարկվելու են 2022 թ․ մարտի 1-ից հետո։ Այսինքն՝ ՌԴ-ն մարտի 1-ից հետո այլևս չի կարողանա ամերիկյան խոշոր ներդրողների օգնությունը խնդրել։
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք՝ այս տեսակի պատժամիջոցների ամենածանր տարբերակը, որը հասանելի է ամերիկյան իշխանություններին, կլիներ ռուսական պետական պարտքի հետ ընդհանրապես բոլոր գործողությունների արգելումը։ Այս միջոցառումը ԱՄՆ-ն կիրառել է Իրանի հանդեպ 2018 թ․-ից։
ԱՄՆ-ի կողմից արգելվել է նաև «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին» (РФПИ) որևէ տեսակի փոխանցումներ կատարելը։
Ավանդներ
Եվրամիությունը սահմանափակել է եվրոպական բանկերում ռուսական ընկերությունների՝ ավանդներ ունենալու իրավունքը և մեկ բանկում 100 հազար եվրոյից ավել ավանդ ունենալու արգելք է դրել Ռուսաստանի բոլոր սուբյեկտների համար։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան սահմանել է բրիտանական բանկերում 50 հազար ֆունտ ստերլինգը գերազանցող ավանդներ ունենալու արգելք ռուսաստանցիների համար։
Բանկեր
Ռուսական մի շարք բանկեր ընկել են նաև միջազգային պատժամիջոցների տակ։ Մասնավորապես, այս բանկերը մեկուսացվել են արժույթի հաշվարկների և միջազգային դրամական փոխանցումների համակարգերից: Բացի դա, սառեցվել են արտասահմանում ռուսական վարկային կազմակերպությունների ակտիվները։
Ներկայացնենք, թե որ բանկերի վրա են այս հոդվածի պատրաստման պահին գործում պատժամիջոցները․
Եվրամիության կողմից՝ Альфа-банк, Промсвязьбанк, Открытие և «Россия»,
ԱՄՆ–ի կողմից՝ ВЭБ.РФ, Промсвязьбанк, ВТБ, Сбербанк, Альфа-банк, Открытие, Россельхозбанк, Новикомбанк, Совкомбанк, МКБ,
Մեծ Բրիտանիայի կողմից՝ ВТБ, Промсвязьбанк, «Россия», ИС-банк, ЧБРР и Генбанк,
Կանադայի կողմից՝ Сбербанк, ВТБ, Альфа-банк, ВЭБ.РФ, Открытие, Газпромбанк, Россельхозбанк, Промсвязьбанк, Совкомбанк:
Նաև կիրառվում են սեկտորային պատժամիջոցներ «Գազպրոմբանկի» հանդեպ, որոնք վերաբերում են միայն ֆինանսավորման արգելմանը ԱՄՆ կողմից։
Փետրվարի 26-ին ԵՄ խորհրդի կողմից որոշում էր կայացվել արգելել ՌԴ կառավարությանը, կենտրոնական բանկին, մի քանի ռուսական բանկերին և այլ վարկային կազմակերպություններին որևէ կերպ մուտք ունենալ եվրոպական կապիտալի շուկա։ Այսինքն՝ որևէ կերպ գնել, վաճառել, տեղադրել արժեթղթեր և այլ վարկային գործիքներ, որոնք կթողարկվեն 2022 թ․ ապրիլի 12-ից։
Փետրվարի 27-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների սառեցման և ԵՄ շուկաներում ռուսական օլիգարխների ֆինանսների օգտագործման արգելք սահմանելու մասին։
Ռուսական РБК գործակալության գնահատմամբ՝ այս պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կարող է զրկվել կենտրոնական բանկի ռեզերվների գրեթե 60%-ից ($340 մլրդ․)։ Սա նշանակում է, որ կենտրոնական բանկը նշանակալիորեն ավելի քիչ ռեսուրսներ կունենա ներդրումներ կատարելու (և արժույթի վաճառք իրականացնելու) միջոցով ռուբլու անկումը կանխելու համար, ինչպես նաև կդժվարանա արտաքին պարտքի պարտավորությունները կատարելիս։
Եվրամիությունը մարտի 2-ին Ռուսաստանի հանդեպ կիրառել է պատժամիջոցների նոր փաթեթ, որով, առաջին հերթին, արգելում է վաճառել, ներկրել և արտահանել եվրոյի թղթադրամներ։
Visa և Mastercard համակարգերի քարտերի մասին
Ռուսաստանցիների համար Visa և Mastercard քարտերն այլևս չեն թողարկվի այն բանկերում, որոնք ներառված են պատժամիջոցների ցանկերում։
Սա նշանակում է, որ այս բանկերի շահառուների համար կգործեն միայն առկա Visa և Mastercard քարտերը՝ մինչև ժամկետի ավարտը, և չեն տրամադրվի նոր քարտեր։ Ընդ որում, նշված բանկերի քարտատերերը փաստացի կարող են օգտվել այս երկու համակարգերի քարտերից միայն Ռուսաստանի տարածքում։ Այսինքն՝ արտասահմանում գտնվող ռուսաստանցիները պետք է պատժամիջոցների տակ գտնվող բանկերում իրենց ունեցած միջոցները տեղափոխեն այլ բանկ, որպեսզի կարողանան վճարումներ կատարել։
Պատժամիջոցների տակ գտնվող բանկերի շահառուների համար հասանելի չեն նաև մի շարք օնլայն վճարման համակարգեր (Apple Pay, Google Pay, Samsung Pay) և օնլայն գործարքներ։
SWIFT-ի անջատում
Փետրվարի 26-ին ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ պատրաստվում են իրականացնել պատժամիջոցներ ՌԴ կողմից Ուկրաինայի վրա հարձակման պատճառով, այդ թվում՝ անջատել ռուսական ընտրված բանկերը SWIFT վճարումների համակարգից։
SWIFT համակարգը թույլ է տալիս ողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ հեռագրային բնույթի պաշտպանված տեղեկատվություն ֆինանսական գործառնությունների մասին։ Այն փաստացի չի իրականացնում ուղիղ դրամական փոխանցումներ, միայն տալիս է գաղտնագրված հաղորդագրություններ բանկերին, այդ թվում՝ կենտրոնական բանկերին, ներդրումային հաստատություններին և կազմակերպություններին՝ իրականացվող փոխանցումների, արժեթղթերի կամ այլ ֆինանսական գործարքների մասին։
Համակարգը միավորում է ավելի քան 11,000 բանկեր, որոնցից 600-ը ռուսական բանկերն են։ Սա նշանակում է, որ համակարգի ամբողջությամբ անջատումը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանա արտասահմանից գումարներ ստանալ և/կամ գործարքներ կատարել արտասահմանում։
Մարտի 2-ին Եվրամիությունը SWIFT համակարգը անջատելու վերաբերյալ որոշում է ընդունել 7 բանկերի համար` ВТБ, Россия, Открытие, Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк, ВЭБ.РФ։
Deutsche Welle պարբերականի տեղեկացմամբ՝ Եվրախորհուրդը պարզաբանել է բանկերի այս ցանկը նրանով, որ ուղիղ կամ միջնորդավորված եղանակներով այս բանկերը կապված են Ռուսաստանի ռազմական համակարգի ֆինանսավորման հետ և այդպիսով նաև՝ ռուսական զորքի՝ Ուկրաինա ներխուժելու։
Հատկանշական է, սակայն, որ պատժամիջոցներ չեն կիրառվել ռուսական խոշոր բանկերից «Գազպրոմբանկի» և «Սբերբանկի» նկատմամբ։ Սա պայմանավորված է նրանով, որ հենց այս երկու բանկերի միջոցով են անցնում Ռուսաստանի հետ գազի և նավթի առևտրի հիմնական միջոցները, այդ թվում՝ ԵՄ-ից, իսկ անջատել միայն փոխանցումների առանձին տեսակներ տեխնիկապես հնարավոր չէ։
Ներկա պահին ռուսական իշխանությունները համակարգի անալոգի՝ Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի (СПФС) գործարկմանն են պատրաստվում, որին միացած են ռուսական բանկերի մեծ մասը, ինչպես նաև ԱՊՀ երկրներից շատերի բանկերը։ SWIFT-ի այլընտրանք է նաև չինական CIPS համակարգը (Cross-Border Interbank Payment System): Սակայն այս երկու համակարգերը կարող են միայն մասնակի փոխարինել SWIFT-ին:
Ռուսաստանին SWIFT-ի անջատումը սպառնում է այնպիսի իրավիճակ, որում կդժվարանան արտասահմանից դրամական փոխանցումները և ներկրումները, բանկային համակարգը մեծ կորուստներ կունենա, հավանական են նաև սնանկացումներ և ֆինանսական կորուստներ, քանի որ կբարդանան ինչպես արտասահմանյան, այնպես ներռուսաստանյան բանկերի միջև արժույթային փոխանցումները։
Առևտրային պատժամիջոցներ
Ռուսաստանի ամենամեծ ռեսուրսներն են նավթը և գազը, որոնց սպառողն են նաև ԵՄ երկրները։ Սակայն պատժամիջոցներն անդրադարձել են այս ոլորտին նույնպես։ Մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանձնարարականով սառեցվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրումը, ինչը նշանակում է, որ Գերմանիան և այլ ԵՄ երկրներ առաջիկա տարիներին այլևս չեն կարողանա գազ ներկրել այս գազատարով։
Փորձագետների կարծիքով՝ «Հյուսիսային հոսքով» գազի ներկրումը կսպառնա նաև Գերմանիայի տնտեսությանը՝ մասնավորապես գազի գնի բարձրացմամբ, սակայն գերմանական իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են գնալ այդ ռիսկին։
Արդեն փետրվարի 27-ին բրիտանական BP-ն հայտարարել էր «Ռոսնեֆտի» բաժնետերերի կազմից դուրս գալու մասին․ BP-ին է պատկանում բաժնետոմսերի 19․75%-ը։
«Գազպրոմի» խոշոր «Սախալին-1» նավթագազային նախագծից դուրս են եկել բրիտանական նավթային հսկա Shell-ը, իսկ ապա նաև ամերիկյան ExxonMobil-ը։
ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ առևտրի ոլորտում պատմության մեջ խոշորագույն պատժամիջոցներն է կիրառել, որոնք կարևորագույն տեխնոլոգիական տարրերից կզրկեն Ռուսաստանի պաշտպանությանն առնչվող արդյունաբերական, ինքնաթիռաշինության և նավաշինության ոլորտները։
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան նույնպես արգելք են դրել սարքավորումների և տեխնիկայի արտահանման վրա: Խոսքը գնում է արտադրանքի այնպիսի մեծ շրջանակի մասին, որը կիրառվում է ինքնաթիռաշինության, նավաշինության, պաշտպանական համակարգերի, տիեզերական տեխնիկայի, էլեկտրոնային և համակարգչային ոլորտներում (չիպեր, ինժեներական-ծրագրային ապահովում, միկրոէլեկտրոնիկա, լազերներ, տելեքոմ-սարքավորումներ և այլն)։
Ըստ The Bell պարբերականի կողմից հարցված փորձագետների՝ Ռուսաստանի համար սանկցիաներից ամենամեծ գլխացավանքն է լինելու սարքավորումների դեֆիցիտը։ «Ռուսաստանը կարող է մոռանալ սեփական արտադրության պրոցեսորների և սերվերների, «Բայկալների» և «Էլբրուսների» մասին։ Այս ամենի համար անհրաժեշտ են դետալներ և մասեր, որոնք մենք չենք արտադրում»,- հայտնել է Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական միավորման գլխավոր վերլուծաբան Կարեն Ղազարյանը։
Ռուսական շուկայից աստիճանաբար դուրս են մղվում նաև եվրոպական և ամերիկյան ամենահայտնի բրենդների դիստրիբյուտորները։
Ներկրման արգելքները միջազգային ապրանքանիշների կողմից
Ռուսական բոլոր ավիաընկերությունների համար ինքնաթիռների սպասարկման, պահեստամասերի ապահովման և տեխաջակցման արգելք են սահմանել ինքնաթիռների ամենախոշոր ընկերություններից Boeing-ը և Airbus-ը։ Նշենք, որ ռուսական գլխավոր ավիաընկերության՝ «Աերոֆլոտի» ինքնաթիռների մեծ մասը Boeing 737 և 777 մոդելներն են։ Սա նշանակում է, որ առաջիկայում ռուսական ավիաընկերությունները ստիպված են լինելու դադարեցնել այս ինքնաթիռների շահագործումը։ Ավելին, պարզ չէ, թե ինչ ինքնաթիռներ կարող են օգտագործվել դրանց փոխարեն, քանի որ ռուսաստանյան միակ քաղաքացիական «Սուխոյ Սուպերջեթներն» առավել կարճ հեռավորությունների համար են նախատեսված և, կրկին, օգտագործում են բազմաթիվ ներմուծվող կոմպոնենտներ:
Մի շարք պատժամիջոցներ են կիրառել նաև ավտոմոբիլային ընկերությունները։ Ներկա պահին դադարեցվել է ավտոմեքենաների, ավտոմասերի և ավտոպահեստամասերի ներկրումը Mercedes-Benz, BMW, General Motors, Volvo, Mitsubishi, Jaguar Land Rover ընկերությունների կողմից, իսկ VW Group-ի կողմից նաև դադարեցվել է արդեն Ռուսաստանի տարածքում գտնվող ավտոմեքենաների բեռնաթափումը։ Ford, Toyota, Hyundai և Skoda ընկերությունները նաև դադարեցրել են մեքենաների արտադրությունը Ռուսաստանում։ Այս ամենը ենթադրում է, որ ռուս սպառողը ոչ միայն հնարավորություն չի ունենա գնել արտասահմանյան նոր մեքենաներ, այլ նաև չի կարողանա ստանալ նշված ապրանքանիշների ավտոպահեստամասերը։
Բացի դրանից, Harley Davidson հայտնի մոտոցիկլների ընկերությունը նույնպես արգելել է իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան, իսկ Mercedes-Benz-ի կոնցեռնի Daimler Truck բեռնատարների արտադրողը կանգնեցրել է ռուսական КамАЗ-ի հետ 12-ամյա համագործակցությունը, որի հետևանքով, հավանաբար, բեռնատարների արտադրության խնդիրներ կծագեն:
Պատժամիջոցներին միացել են նաև համակարգչային և էլեկտրոնային տեխնիկայի արտադրողներ։ Apple-ը դադարեցրել է Ռուսաստանում տեխնիկայի արտահանումը և վաճառքը, սահմանափակել օնլայն ծառայությունները ռուս օգտատերերի համար։ Համակարգչային և տելեկոմունիկացիոն վաճառքի խոշոր Dell, Ericsson, Nokia ընկերությունները նույնպես դադարեցրել են արտադրանքի վաճառքը Ռուսաստանում։ Այս պատժամիջոցները վերաբերում են նաև նշված ապրանքանիշների ծրագրային ապահովմանը։
Իրավիճակը սահմանային է նաև միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման համար․ աշխարհի ամենամեծ փոխադրողները՝ հոլանդական Maersk-ը և Ժնևում հաստատված MSC-ն, կանգնեցրել են կոնտեյներային փոխադրումները Ռուսաստանից և դեպի Ռուսաստան
Ռուս օգտատերերի համար բարդ կլինեն նաև օնլայն գնումները․ ինտերնետ-խանութներից Asos, Mr Porter, YOOX, Net-A-Porter, Matches Fashion, iHerb, Nike հայտնի ապրանքանիշները միացել են պատժամիջոցներին՝ թույլ չտալով ռուս օգտատերերին օնլայն գնումներ կատարել։ Հատկանշական է, որ Nike-ը խորհուրդ է տվել ռուս շահառուներին գնումներ կատարել միայն սովորական խանութներից, իսկ IKEA-ն ընդհանրապես դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։
Մեդիան, մշակույթը և սպորտը
Ռուսաստանը համաշխարհային մակարդակով բոյկոտելն անդրադառնում է նաև մեդիայի, մշակույթի և սպորտի վրա։
Անդրադառնանք կինոարտադրությանը․ ԱՄՆ 5 ամենամեծ կինոարտադրողներ Disney, Sony, Paramount, Universal և Warner Bros․ ընկերությունները կանգնեցրել են Ռուսաստանում իրենց ֆիլմերի ցուցադրությունը։ Այս կազմակերպությունների նոր ֆիլմերը հասանելի չեն լինի ռուս կինոդիտողի համար («Բեթմեն», «Աշխարհը յուրայի դարաշրջանում․ Տերություն», «Մորբիուս» և «Կարմրում եմ» անիմացիոն ֆիլմը):
Բրիտանական BBC Studios-ն այլևս չի տրամադրելու ռուսական գործընկերներին իր արտադրանքի լիցենզիաները, այդ թվում՝ հայտնի «Լյութեր» և «Դոկտոր Ով» հեռուստասերիալների համար։
Netflix-ը, իր հերթին, դադարեցրել է ռուսական կինոընկերությունների հետ աշխատանքը ընթացիկ ֆիլմերում և սերիալներում։
Անդրադառնալով մեդիա տիրույթին՝ առանցքային ազդեցություն է ունեցել Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը, որն արգելել է ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդ հրապարակել սոցցանցում և դրամայնացում իրականացնել, ինչը մեծ հարված է ռուսական մեդիադաշտի համար, քանի որ օնլայն կոնտենտի տեսանելիությունն ամենամեծ չափով Facebook սոցիալական ցանցն է ապահովում։ Google-ը նույն որոշումն է կայացրել իր ծառայությունների մասով, նաև դադարել է որոնման համակարգում ցուցադրել ռուսական որոշ լրատվականների։
Տարբեր երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, Լատվիան, Ավստրալիան սկսել են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ ԵՄ երկրներում արգելվել են Russia Today և Sputnik լրատվականները։
Այս տարի Ռուսաստանը նաև չի մասնակցի «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին՝ կազմակերպիչների որոշման համաձայն։
Ինչ վերաբերում է սպորտին, ապա ռուսական մարզիկները փաստացի մնացել են առանց մրցաշարերի։
Առաջինը պատժամիջոցներ է կիրառել ՈւԵՖԱ-ն, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել է Փարիզ։ Իսկ ապա երկու ֆուտբոլային կազմակերպությունները՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն, ընդհանրապես դուրս են հանել ռուսական հավաքականը և բոլոր ակումբները բոլոր մրցաշարերից։ Շուտով ֆուտբոլային առաջամարտիկներին միացան այլ սպորտային մրցաշարերի կազմակերպիչներ, այդ թվում՝ ՄՕԿ-ը, որը կոչ է արել չեղարկել կամ հետաձգել Ռուսաստանում և Բելառուսում անցկացվելիք բոլոր մրցումները։ Նույն սկզբունքով Միջազգային պարաօլիմպիական կոմիտեն որոշել է արգելել մարտի 4-13-ը Պեկինում կայանալիք Պարաօլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը։
Հայտնի փաստ է, որ ռուսական սպորտի ոլորտում ամենակարևորն են ձմեռային մարզաձևերը: Այս տեսանկյունից Ռուսաստանը ցավալի կորուստներ է ունեցել, քանի որ՝
- չեղարկվել են դահուկային սպորտի Աշխարհի գավաթի բոլոր մրցաշարերը, որոնք նախատեսվում էին անցկացնել Ռուսաստանում (6 տեսակի մրցաշարեր),
- Ռուսաստանին արգելել են մասնակցել գեղասահքի, չմշկավազքի և շորթ-թրեքի միջազգային մրցաշարերին,
- արգելվել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել հոկեյի 2022 թ․ աշխարհի առաջնությանը,
- արգելվել է նաև 2023 թ․ հոկեյի երիտասարդական աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում,
- ֆիննական «Յոկերիտը» և Ռիգայի «Դինամոն» բոյկոտել են հոկեյի աշխարհամասային լիգան, իսկ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են մասնակցել գնդակով հոկեյի 2022 թ․ աշխարհի առաջնությանը՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով,
- կյորլինգի 2022 թ․ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկել են «Պերմին»։
Տեղափոխվել են Ռուսաստանում նախատեսվող գրեթե բոլոր մարզական իրադարձությունները․
- «Ֆորմուլա-1»-ի 2022 թ․ Գրան-պրիի Սոչիի մրցարշավը,
- փամփուշտային և ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում,
- 2022 թ․ Շախմատի միջազգային օլիմպիադան,
- ջրացատկի համաշխարհային սերիայի այն փուլը, որը պետք է անցկացվեր Կազանում,
- 2022 թ․ վոլեյբոլի Աշխարհի առաջնությունը:
Բացի այդ, Բասկետբոլի եվրոպական լիգան ժամանակավորապես հեռացրել է ռուսական ЦСКА, Зенит, УНИКС, Локомотив-Кубань թիմերը, իսկ Հանդբոլի եվրոպական ֆեդերացիան հեռացրել է ռուսական թիմերը բոլոր մրցաշարերից։
Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների կիրառումը սկսելուց հետո նաև հայտնի «Մանչեսթեր-Յունայթեդ» ֆուտբոլային թիմը չեղարկել է «Աերոֆլոտի» հետ իր պայմանագիրը։ Գերմանական «Շալկեն» էլ հեռացրել է «Գազպրոմի» լոգոտիպը թիմի համազգեստի վրայից՝ փոխարինելով «Shalke 04» գրառմամբ։
Այսպիսով
Ամփոփելով ՌԴ հանդեպ բոլոր պատժամիջոցների ցանկը՝ կարող ենք ասել, որ Արևմուտքը նպատակ է հետապնդում ամբողջությամբ ճնշել Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես նաև իզոլացնել այն միջազգային հարթակից։ Ռուսաստանի վրա պատժամիջոցների տնտեսական վնասների մասշտաբներին անդրադարձել է հայտնի ռուս գործարար Օլեգ Դերիպասկան (Базэл-ի հիմնադիր)։
Կրասնոյարսկի տնտեսական ֆորումի շրջանակներում թեմային անդրադառնալով՝ Դերիպասկան կանխատեսել է, որ Ռուսաստանը ամենաքիչը 3 տարով ամենադաժան տնտեսական ճգնաժամի մեջ է ընկնելու։ «1998 թ․ ճգնաժամը բազմապատկեք 3-ով»,- մեկնաբանել է նա։
Ակնհայտ է, որ ճգնաժամը կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով ՀՀ մի շարք տնտեսական ռեսուրսների կախվածությունը Ռուսաստանից։
Լիլիթ ՂԱԶԱՐՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»