Երեւանի քաղաքապետարանը մտադիր է էլեկտրոնային համակարգ ներդնել, որտեղ արտացոլվելու են համատիրությունների աշխատանքները։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Այս հարթակի միջոցով, ինչպես ասաց Կարոյանը, բնակիչը կարող է տեսնել համատիրության մուտքագրված եւ ծախսագրված միջոցները, ֆինանսական շարժը․ «Յուրաքանչյուր բնակիչ կարող է տեսնել իր վճարված գումարը մուտքագրվե՞լ է տվյալ համատիրության հաշվեհամարին, թե՞ ոչ։ Այս հարթակում հնարավորություն է լինելու քննարկել տարբեր հարցեր, բնակիչները կարող են առաջարկություններ ներկայացնել։ Սա բաց եւ թափանցիկ հարթակ է լինելու»։
Հաճախ շատ բնակիչներ հրաժարվում են համատիրությանը սահմանված գումարը վճարել, քանի որ համատիրության աշխատանքն իրենց համար տեսանելի չէ, չեն վստահում, մարդիկ մտածում են, որ իրենց վճարած գումարները նպատակային չեն ծախսվում կամ ընդհանրապես չեն ծախսվում։ Սրան զուգահեռ, ըստ Արսեն Կարոյանի, կան համատիրություններ, որոնք լավ են աշխատում, բայց գումարի հավաքագրման խնդիր ունեն․ «Այս հարթակն ուղղակի թափանցիկ մի հարթակ է լինելու, որպեսզի բոլոր բնակիչները ներգրավված լինեն, սեփականատերերը, որոնք տնօրինում են տվյալ շենքի գույքը, ամբողջությամբ տիրապետեն իրենց շենքում կատարվող աշխատանքներին»։
Կարդացեք նաև
Արսեն Կարոյանը վստահեցնում է՝ այս հարթակը ներդնելուց հետո բնակիչների մոտ համատիրության նկատմամբ վստահությունը կբարձրանա, քանի որ կարողանալու են վերահսկել իրենց վճարած գումարներով ծախսերն ու դրանց արդյունավետությունը։ Օրինակ՝ երբ մեկ համատիրությունում շենքերի քանակը շատ է եղել եւ բնակիչը երբեւէ չի տեսել, որ իր հավաքագրած գումարը ծախսվել է մեկ այլ շենքի համար, կարծել է, թե գումարները կորում են։ Այս հարթակը ներդնելուց հետո, ինչպես վստահեցրեց Կարոյանը, նման խնդիր չի առաջանա, յուրաքանչյուր շենքի հավաքագրված գումարը կծախսվի տվյալ շենքի համար։
Համակարգն այս պահին մշակման փուլում է, ապա մրցույթ է հայտարարվելու, նախագծման աշխատանքներն էլ շուտով կսկսվեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ