ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրերս լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ընդդիմադիր պատգամավորների հագուկապի հետ կապված: Ըստ նրա, երբ ԱԺ-ն երկրի նախագահ էր ընտրում, ընդդիմությունն իր հագուստով վերաբերմունք էր հայտնում ՀՀ Սահմանադրության եւ նախագահի նկատմամբ:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ ասաց. «Ես չգիտեմ՝ ում նկատի ունի Խաչատուր Սուքիասյանը ընդդիմությունից: Հավանաբար փորձում է մեծամասնության առանձին ներկայացուցիչների հագուկապը արդարացնել, որովհետեւ անբացատրելի հայտարարություններ է անում:
Իսկ ինչ վերաբերում է պետական ինստիտուտները հարգելուն, առաջին հերթին ինքը պետք է հարգի այդ ինստիտուտը եւ մեծամասնությունը: Երբ, օրինակ, ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձը այս ամբիոնից ավիրում է մեր ամբողջ պետականության անցած ճանապարհը, անվանարկում է այդ պետականությանը նվիրված շատ մարդկանց եւ գործողությունները ամենատարբեր բնութագրերի է արժանացնում, այ այդ գնահատականն է իրենց կողմից, որ պետականության նկատմամբ ոչ միայն խորը արհամարհանք է, այլ նաեւ թքում է պետականության երեսին: Սա պետք է իրենք փորձեն հասկանալ: Եթե ունեն այդ ներքին դաստիարակությունը պետականության նկատմամբ, եթե ունեն խորը հարգանք, դա իրենց պետք է ստիպի, որ կարողանան արժեւորել մեր անցած ճանապարհը՝ անկախ թերություններից ու սխալներից: Մինչդեռ մենք ականատես ենք լինում արհամարհանքի հայոց պետականության, հայ ժողովրդի հանդեպ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ