Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է, մենք դեմ ենք, որ ծառայությունից ազատումը վերաբերի ոչ մարտական իրավիճակներում զոհվածներին»․ փոխնախարար

Մարտ 04,2022 13:34

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն պատերազմի ժամանակ, ՀՀ պաշտպանության ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները եւ որդիները։

«Այսինքն, այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր, եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինծառայությունից։ Գործող կարգավորումներով՝ զինծառայությունից ազատման պայման է նաեւ ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Ունենք ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են զինծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները ծանր հոգեբանական-սոցիալական վիճակում են եւ չեն ցանկանում, որ կրտսեր որդիները եւս գնան պարտադիր զինծառայության»,-ներկայացնելով խնդիրը՝ ասաց նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Կյանքը հանուն հայրենիքի զոհաբերածների ընտանիքների անդամների հանդեպ խորին հարգանքը պարտավորեցնում է նման հնարավորություն տալ ընտանիքի մյուս անդամներին։ Այս քայլով այդ ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն խնդիրները։ Հարց է հնչում՝ օրենքի ընդունումից հետո կընկնի՞ ԶՈՒ մարտունակությունը, կառաջանա՞ն անվտանգային խնդիրներ։ Ոչ։ Օրենքի շահառուների թիվը բավականին քիչ է լինելու։ Առաջիկա զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 22 քաղաքացի»,-տեղեկացրեց համահեղինակը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ 10-20 զորակոչիկի ծառայությունից ազատելը խնդիր չի առաջացնելու․ «Այս պահին ծառայում են տասնվեց զինծառայողներ, որոնք հանդիսանում են զոհվածի ընտանիքի անդամ։ Օրենքը տարածվելու է նաեւ կամավոր ռազմաճակատ մեկնածների եւ զոհվածների ընտանիքների վրա։ Կամավորը եւս զինվորական է համարվում։ Օրենքից կարող են օգտվել նաեւ անհետ կորած ճանաչված զինվորների ընտանիքները։ Օրենքից օգտվող զորակոչիկները հաշվառվելու են պահեստազորում, ինչը հնարավորություն կտա անցնել պայմանագրային զինծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում։ ՊՆ-ն առաջարկել է տարբերակել ծառայության ընթացքում մահացած եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին եւ որդիներին՝ օրենքը տարածելով միայն պաշտպանության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամների վրա։ Ես համաձայնել եմ, քանի որ հետապնդած նպատակն է մեղմել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը եւ զորակցել բարոյապես։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինվորների ընտանիքի անդամները զինծառայությունից կազատվեն միայն այն դեպքում, եթե կհանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ օրենքը վերաբերում է միայն պատերազմի եւ մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհվածների՞ն, թե՞ նաեւ այլ հանգամանքներում զոհվածներին․ «Օրինակ՝ զինվորներ, որոնք զոհվել են վթարի կամ այլ դժբախտ պատահարների պատճառով»։ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ փոփոխությունը չի վերաբերում միայն պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, այլ վերաբերում է նաեւ մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ այլ հանգամանքներում զոհվածների ընտանիքներին․ «Իսկ ՊՆ-ի առաջարկի պարագայում եթե զինվորը զոհվել է վթարից, ապա եղբայրն ազատվում է ծառայությունից այն դեպքում, եթե միակ արու զավակն է»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը նկատեց, որ բոլոր դեպքերում որդի կորցրած ընտանիքի վիշտը նույնն է՝ անկախ նրանից՝ տղան զոհվել է վթարից, թե զորամասում պատահած դեպքից․ «Զոհը մնում է զոհ։ ՊՆ-ն պատասխանատու է ամեն զինվորի համար։ Ձեր համար սկզբունքայի՞ն է։ Ի՞նչ կլինի, եթե օրենքը տարածենք մահվան բոլոր հանգամանքների վրա։ Սա առաջարկ է»։ Հայկ Սարգսյանը համաձայնեց․ «Ձեր առաջարկը ստանալու դեպքում կքննարկենք հանձնաժողովում, առավել եւս, որ նման շահառուների թիվը քիչ է լինելու։ Ես էլ եմ համաձայն, որ վիշտը նույնն է՝ անկախ նրանից՝ զոհվել է թշնամո՞ւ, թե՞ համածառայակցի գնդակից»։

Հարցի հարակից զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այս առիթով շեշտեց․ «Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է նման փոփոխությանը, մենք մեր առարկությունն ենք ներկայացնելու, որովհետեւ սկզբունքն է խախտվում։ Անգամ եթե թիվը քիչ է, օրենքի տրամաբանությունը վերաբերում է միակ արու զավակ լինելուն։ Փոփոխությունը միտված է ընտանիքների վիշտը մեղմելուն։ Այդ տրամաբանությամբ՝ դեմ ենք լինելու, որ օրենքը վերաբերի ոչ մարտական գործողությունների կամ պաշտպանության ընթացքում զոհվածներին»։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի օրենքից օգտվողները տարեկան զորահավաքների մասնակցեն՝ հաշվի առնելով հնարավոր անվտանգային սպառնալիքները։ Հայկ Սարգսյանն արձագանքեց, որ ՊՆ-ում քննարկում է ընթանում ոչ միայն այդ խմբի, այլեւ կրթության հիմքով բանակից ազատվածների՝ զինվորական ծառայության կանոններին տիրապետելու հմտություններն ապահովելու հարցը․ «Նրանք կարող են օգնել թիկունքային կամ պաշտպանության այլ աշխատանքներում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031