ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը բարձրաձայնեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հնարավոր փակման հարցը։ «Երբ այն հիմնադրվում էր, երկու նպատակ ուներ՝ տարածքային համաչափ զարգացում, կրթության միջոցով սոցիալական խնդիրների լուծում։ Ուզում եմ հասկանալ՝ այս երկու նպատակից ո՞րն է իրականացվել, որ որոշվել է մասնաճյուղը փակել։ Վայոց ձորում տարածքային համաչափ զարգացումն ապահովվա՞ծ է, որ որոշել են փակել, թե՞ սոցիալական խնդիրներն են լուծվել կրթության միջոցով։ Վստահաբար, դուք այս խնդիրներից որեւէ մեկը չեք լուծել, հետեւաբար՝ անընդունելի է այս որոշման իրականացումը»,-նշեց նա։
Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն օրերս խոսել էր բուհի Վայոց ձորի մասնաճյուղի ֆինանսական խնդիրներից․ «Պարոն նախարար, դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար։ Ձեր գործառույթը պետք է լինի ողջ ՀՀ-ում որակյալ կրթության ապահովումը։ Փոխանակ ասեիք, թե ստեղծված խնդիրները ոնց է հնարավոր լուծել, բուհի ֆինանսական խնդիրներից եք խոսում։ Եթե այդպես է, եկեք սահմանամերձ բոլոր դպրոցները փակենք, որովհետեւ կարող է պարզվել, որ ֆինանսապես ձեռնտու չի։ Դահլիճում Վայոց ձորի նախկին մարզպետներ են նստած, դուք դիրքորոշում չունե՞ք, չի անհանգստացնո՞ւմ, չէ՞ որ ավարտողների մեծ մասն աշխատում է մարզում եւ փոխում աշխատաշուկան։ Վատ չէր լինի, եթե գլխադասային հանձնաժողովն էլ խոսեր այս մասին»։
Արձագանքեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը․ «Տիկին Գրիգորյան, երբ ասում եք «փակում եք», կխնդրեի հստակեցնել, թե ով է փակում, որովհետեւ երբ օրենքում կառավարության չնչին լծակների մեծացում է լինում, ձեր քաղաքական ուժը դա որակում է որպես բուհերի ինքնավարությանը միջամտել։ Ուսումնասիրեք եւ տեսեք՝ նախ փակվե՞լ է, թե՞ ոչ, եւ ով է այդ որոշումը կայացրել։ Իսկ դպրոցները պետության պոզիտիվ պարտականությունն են կրթություն տալու։ Կարծում եք՝ արդյունավե՞տ ծախս կլինի, եթե ես, որպես կառավարող ուժ, ֆինանսավորեմ մի բուհ, որտեղ տարեկան ընդունվում է 14 հոգի։ Եթե կարծում եք, որ մեծ բուհը պետք է պահել դրա համար, Երեւանից տանել դասախոսներ՝ այն դեպքում, երբ երեք տարում 14-20 հոգի է ընդունվել, ապա փորձեք հաղթել ընտրություններում, ֆինանսավորեք եւ պահեք այդ բուհերը։ Խոսեք նրանից, ինչից հասկանում եք։ Դպրոցը սահմանադրությամբ երաշխավորված պարտավորություն է։ Իսկ եթե որեւէ գյուղում պետք լինի, կգործի մեկ դպրոց, որ երեխաների տեղաշարժն ապահովվի։ Կարեւորը կրթության բովանդակությունն է»։
ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ ասաց, որ որոշողը բուհն է, ոչ թե կառավարությունը․ «Ինչ վերաբերում է սահմանամերձ դպրոցներին, ապա կարծում եմ, որ ավելի լավ է՝ երեք գյուղ ունենանք մեկ արեւմտաեվրոպական զարգացած երկրի պես դպրոց, քան այնպիսի դպրոց, որի պատերը ճաքած են, դասասենյակները՝ ցուրտ։ Այդ երեք գյուղի համար պետք է գործի մեքենա, որ երեխաներին հասցնի դպրոց։ Կարեւորը բովանդակությունն է, որ դպրոցը լինի տեխնիկապես զարգացած, տաք, լավ մասնագետներով։ Մեզ հենց այդպիսի դպրոցներ են պետք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ