Ռուսաստանի շախմատի հավաքականի մի խումբ շախմատիստներ նամակ են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մենք դեմ ենք հանդես գալիս ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և դիվանագիտական բանակցությունների միջոցով: Մեզ համար անտանելի ցավոտ է տեսնել այն աղետը, որն այս օրերին տեղի է ունենում մեր ժողովուրդների հետ:
Մենք միշտ հանդես ենք եկել Ռուսաստանի համար, և հատուկ հպարտությամբ, և՛առանձին, և՛ խմբային մրցույթներում: Մենք համոզված ենք, որ շախմատը, և սպորտն ընդհանուր առմամբ, պետք է համախմբի մարդկանց: Ամենաբարդ և հեղինակավոր միջազգային մրցույթները մեր երկրում անցկացվել են ամենաբարձր մակարդակով անգամ համավարակի ամենաթեժ օրերին:
Շախմատը սովորեցնում է պատասխանատվություն սեփական գործողությունների նկատմամբ. յուրաքանչյուր քայլ ունի իր նշանակությունը, իսկ սխալը կարող է հանգեցնել անդառնալիության ճակատագրական կետի: Եվ եթե միշտ դա վերաբերում էր սպորտին, ապա հիմա սեղանին դրված են մարկային կյանքեր, հիմնարար իրավունքներ և ազատություններ, մարդկային արժանապատվություն, մեր երկրի ներկան և ապագան:
Կարդացեք նաև
Այս պատմական օրերին մենք մտածում ենք այն բոլոր մարդկանց մասին, որոնք հայտնվել են այս սարսափելի հակամարտության կենտրոնում: Մենք կիսում ենք ցավը մեր ուկրաինացի գործընկերների հետ և խաղաղության կոչ անում:
Ուկրաինայի շախմատի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է, մեր հավաքականի հետ աշխարհի լավագույն թիմերից մեկը: Մենք խաղացել ենք տասնյակ խաղեր և հարյուրավոր պարտիաներ: Մենք միշտ մարզական պայքարը վեր ենք դասել քաղաքականությունից, և ուկրաինացիներն էլ մեզ նույն կերպ են պատասխանել: Մենք ձեզ խնդրում ենք պահպանել երկու երկրներից թիմերի, խաղացողների և հասարակ մարդկանց համար փոխադարձ հարգանքի հնարավորությունը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ