ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում էր ՔՊ-ական պատգամավորների հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։ Ըստ գործող կարգավորումների՝ բուհերի համար սահմանված՝ իրենց համակազմի 10%-ի չափով գոյացած գումարից են փոխհատուցվում ուսանողական վարձավճարները, իսկ այս փոփոխությամբ շեմը սահմանվում է 20%։ Այսպիսով` սա հնարավորություն կտա 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
«Սա տեղի չի ունենալու ի հաշիվ սոցիալապես անապահովների համար նախատեսված զեղչի կամ բուհի ֆինանսական վիճակի։ Բուհն ու պետությունը համագործակցում են, որ ուսանողները ստանան զեղչեր։ Մի մասը բուհն է փոխհատուցում, մյուս մասը՝ պետությունը»,-ներկայացնելով նախագիծը՝ ասաց համազեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ այս փոփոխությամբ հաշվի առնվե՞լ են պետության համար առաջնահերթություն համարվող մասնագիտությունները․ «Բացի այդ, գուցե ավելի նպատակահարմար է, որ կառավարությո՞ւնը որոշի, այլ ոչ թե թողնի բուհի որոշմանը։ Եվ կա՞ հաշվարկ, թե որքան գումար պետք է գա պետբյուջե, եւ չգալու դեպքում ինչ ազդեցություն կլինի»։
Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Մասնագիտությունների առնչությամբ ձեր մոտեցումը կիսում եմ, բայց չեմ համարում, որ դա այս օրենքով պետք է լուծվի։ Մասնագիտությունների հարցը պետությունը պետք է պետպատվերի միջոցով լուծի։ Համաձայն եմ եւ կառավարությունն էլ է համաձայն, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տվել է հանձնարարական, որ 24թ․-ից սա ուժը կորցնելու է։ Այսինքն, կառավարությունը սուբսիդավորելու է ուսման վարձն այն չափով, որքանով որ հարմար կլինի։ Եվ երրորդ․ նախնական գնահատականով առավելագույնը տարեկան 440-450 միլիոն դրամի մասին է խոսքը։ Հաշվի առնելով պետության սոցիալական պատասխանատվությունն անապահով եւ պատերազմին մասնակցած տղաների առաջ՝ այս գումարը, կարծում եմ, ամբողջովին արդարացված է»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բուհերի կարծիքներին, Պապոյանը տեղեկացրեց, եւ քննարկել են մի շարք բուհերի հետ, վերջիններս նշել են, որ դրական են վերաբերվում այս փոփոխությանը։ Հարցի հարակից զեկուցող, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը տեղեկացրեց, որ կառավարության եզրակացությունը դրական է․ «Այսպես բուհերին օգնելու ենք, որ ուսանողներին զեղչ տրվի»։
Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրաձայնեց՝ շահութահարկի հաշվին 10%-ը դարձնում եք 20%, դրանով վճարվելիք շահութահարկն ավելի պակաս է լինելու․ «Ընդհանրապես, կարծում եմ, բուհերն առհասարակ չպետք է շահութահարկ վճարեն։ Այդ վճարվելիք գումարը պետք է գնա տեխնիկական վերազինմանը կամ դասախոսներին վճարելուն։ Զարմացած եմ, որ բուհերը շահույթ են հետապնդում։ Անընդունելի է։ Ի՞նչ շահույթ, դա պետք է ներդրվի ուսանողների գիտելիքների բարձրացման համար։ Բացի այդ, ոչ մի վիճակագրություն չլսեցինք, ոչ մի բան չհասկացանք»։
Կարեն Թռչունյանն արձագանքեց, որ ՊԵԿ-ի հետ հարցը կքննարկեն․ «Տարիներ շարունակ շահութահարկը միշտ տրվել է։ Ես էլ, որպես դասախոս, կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չի, բայց ունենք այն, ինչ ունենք։ ՊՈԱԿ եւ հիմնադրամ համարվող բուհերի հանդեպ ընդհանուր մոտեցում պետք է ցուցաբերենք եւ տեսնենք՝ դա ընդունելի կլինի՞ քննարկումների արդյունքում, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա կառավարությունը սահմանել է, որ զեղչը տրվում է ըստ դասակարգման՝ բարձր առաջադիմության հիման վրա։ Այսինքն, այնպես չի, որ մտար բուհ ու ստացար զեղչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ