Հարցազրույց «Իմ քայլի» նախկին պատգամավոր, միջազգայնագետ Գոռ Գեւորգյանի հետ
– Իսկ այսօր մենք ունե՞նք քաղաքական տեսլական, օրինակ` Ձեզ հայտնի՞ է, թե ինչ է ուզում մեր իշխանությունը, ստեղծված իրավիճակում ինչ դիրքորոշում ունի եւ այլն։
– Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ այսօր առավել եւս պետք է շատ ավելի հավասարակշռված դիվանագիտական-քաղաքական խոսակցություն տանենք։ Եթե դա տարվում է, ապա մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մեզ ավելի ապահով կզգանք։ Օրինակ, հավանական բացասական զարգացումների դեպքում Ռուսաստանի կողմից տարբեր տեսակի քաղաքական օրակարգերի առաջադրումը, ասենք` իր կողմից ճանաչված երկու հանրապետությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելը կամ պատերազմի նկատմամբ հստակ դիրքորոշում հայտնելը։ Այս հարցով մենք պետք է ճկունություն դրսեւորենք եւ կարողանանք մեր դաշնակցին պատասխանել, որ մենք նման դիրքորոշում կարող ենք հայտնել այնքանով, որ դա համահունչ կլինի երկու երկրների միջեւ կառուցողական, դաշնակցային հարաբերություններին։ Կտրուկ քայլերը մեզ համար, անշուշտ, բացասական ազդեցություն են ունենալու։ Ինձ համար տեսանելի չէ՝ ինչ է անում այսօր իշխանությունը, բայց ընդդիմադիր դաշտի հետ այդ հարցերը գոնե պետք է քննարկվեն, վերջիններս պետք է հասկանան՝ այդ հարցերն ինչ օրակարգով ու ձեւաչափով են ներկայացնում դաշնակից հարեւաններին։ Այն պետություններն ու ազգերը, որոնք չունեն սեփական քաղաքական տեսլական եւ առհասարակ աշխարհաքաղաքական խաղերում փորձում են ինչ-որ ձեւով կրակի միջից շագանակ որսացողի կարգավիճակ ստանձնել, սովորաբար հանգրվանում են տխուր իրողությունների առջեւ։
Հիմա առավել, քան երբեւէ, հարկավոր է քաղաքական-հասարակական առողջ կոնսոլիդացիա, պետության առջեւ ծառացած խնդիրները պետք է առանց պոպուլիզմի ներկայացվի քաղաքական գործիչներին եւ մտավորականներին, որպեսզի խնդիրներին կոչված մարդիկ հասկանան իրենց անելիքները: Ի վերջո, ես եւ դուք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց նման պարագայում պետք է առաջնորդվել պետական շահով։
Կարդացեք նաև
– Դուք ասում եք՝ զգուշավորություն է պետք, բայց մի կողմից հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն է գնում, մյուս կողմից` մեր պատվիրակները դեմ են քվեարկում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի անդամության կասեցմանը, ծածուկ պրոամերիկյան դիրքորոշում են պահում` փորձելով խաղալ բոլոր լարերի վրա։
– Հայ-թուրքական հարաբերությունների մասով վաղաժամ է որեւէ բան ակնկալել, իհարկե, մենք, որպես բազմադարյա պատմություն ունեցող երկիր, շատ լավ հասկանում ենք, որ հարեւանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ։ Բայց դրանք պետք է երկկողմանի լինեն, եթե քո հարեւանն անհասկանալի նախապայմաններ է առաջ քաշում (իհարկե, իշխանություններն ասում են՝ նախապայման չկա, բայց մեր թուրքագետ լավագույն մասնագետները վկայում են, որ կա), մյուս կողմից ձգտում են պետական սահմանների դեմարկացիա անել եւ քարոզում են հայատյացություն։ Հիմա այս պետությունների հետ բանակցություններ սկսելը` առանց գիտակցելու, առաջ մղելու սեփական շահը, մեղմ ասած՝ նորմալ չէ։ Մեզ մնում է հույս հայտնել, որ ստեղծված ճգնաժամը հնարավորինս շուտ կավարտվի։
Այո, պետության համար լավագույն տարբերակը դիվերսիֆիկացված հարաբերություններն են, այդ թվում՝ քաղաքական։ Բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ չես կարող հաշվի չառնել մի պետության շահերը, որն ըստ էության ապահովում է Արցախում մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ուստի ամենակարեւորը՝ որտեղ կարելի է լռել, ամենեւին էլ պետք չէ խոսել, եթե դիրքորոշում պետք է հայտնես, որը պիտի վնասի ՀՀ շահին, ավելի լավ է լռես կամ դիվանագիտական հնարքներով հայտնես։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: