Լրահոս
Օրվա լրահոսը

Verakangnelov hayeren tarerə, duk žоtovrtin angraget kdarcnek

Մարտ 04,2022 09:30

Հարիւր տարի առաջ այս օրը՝ 1922թ. մարտի 4-ին, բոլշեւիկները սկսեցին հայերէնի այբուբենի ցեղասպանութիւնը, որը չհասցրեցին աւարտել, ինչպէս նաեւ մնացին անպատիժ:

Սույն յօդուածս տպագրուել է «Ազգ» օրաթերթում՝ 01.10.1996թ., #184 (1190):

Արտատպուած է աննշան խմբագրմամբ:

Verakangnelov hayeren tarerə, duq žоłovrdin angraget kdarcneq

Մի քանի տարի առաջ սկսուած խօսակցութիւնները ուղղագրութեան շուրջը չեն դադարում, բայց հայերէնի ուղղագրութեան գոյութիւն ունեցող եւ շարունակաբար աճող վիհը չի փակւում, իսկ ժողովուրդն էլ մինչեւ այժմ այդպէս էլ չգիտի, թէ խօսքն ինչի մասին է ընդհանրապէս:

Ի՞նչ է ուղղագրութիւնը, կամայականութեան ոլո՞րտ: Եթէ այո, ապա մեր ողջ խօսակցութիւնը եւ ուղղագրութիւն բառն իսկ աւելորդ են դառնում, քանի որ այդ դէպքում բաւական կը լինի իմանալ միայն տառերը եւ ուզած ձեւով գրել բառերը: Միայն թէ այս դէպքում «մի քիչ» կը տուժեն այն մարդիկ, որոնց քիմքին համապատասխան տառեր չեն լինի, եւ մէկ էլ, «ընդամենը» մէկս միւսի գրածը չի հասկանայ: Չէ՞ որ եթէ չլինի միասնական ու պարտադիր գրելաձեւ, մէկը կը գրի ախշար, միւսը՝ աշխար, սենիակ կամ սենյակ, լվալ կամ վլալ, խորուրթ կամ խորհուռթ, բադ կամ փաթ եւ այլն: Այս գրելաձեւը՝ մէկ հնչիւնին մէկ տառ, ճիշտ եւ միակ միջոցն է ժամանակի (ժամանակաշրջանի) ցանկացած կտրուածքում, որոշակի մարդու կամ մարդկանց խմբի խօսուածքն ու հայոց գեղեցիկ բարբառները ներկայացնելու համար, եւ այդ դէպքում մեր այբուբենին նոյնիսկ օգնութեան են գալիս ö, քյ, գյ  եւ այլ տառերը, որպէսզի յստակօրէն ցոյց տրուի իւրաքանչիւր հնչիւն: Սակայն հիասքանչ մեր բարբառներով լինելով շատ հարուստ՝ գրաւոր կերպով հաղորդակցման համար մեզ կենսականօրէն անհրաժեշտ է ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը 1600 տարի առաջ նոյնպէս ստեղծուելով «գրիր այնպէս, ինչպէս արտասանում ես եւ արտասանիր այնպէս, ինչպէս գրում ես» պարզ ու տրամաբանական սկզբունքով, այսօր մեր առջեւ է կանգնած այդ սկզբունքից շեղուած: Ինչո՞ւ:

Թող մեզանից իւրաքանչիւրն իրեն պատկերացնի Մեսրոպ Մաշտոցի դերում: Անսանք տրամաբանութեանը: Հնարաւո՞ր է որ, այսօրուայ մարդը, չունենալով անցեալից ժառանգութիւն ստացած որեւէ բառի գրելաձեւ, յօրինի դ-թ-ի, գ-ք-ի, ջ-չ-ի եւ այլ ու այլ կարգի «ուղղագրութիւն» կոչուած բաներ: Յանուն ինչի՞ եւ ո՞ւմ մտքով կ’անցնի ստեղծել «է» եւ «ե» առանձին տառերը, երբ կարելի կը լինի բաւարարուել դրանցից մէկով, ասենք է-ով, եւ գրել այսպէս՝ էակ, էջ, յէրէկո, Յէրէվան: Ի՞նչը պիտի ստիպի տառ ստեղծող սանահինցուն ասել վարթ, ֆօտ, գձել, բայց գրել՝ վարդ, հոտ, գցել: Կամ երեւանցուն՝ ասել ճանապար, դեխց, բայց գրել՝ ճանապարհ, դեղձ: Կամ թէ կումայրեցուն՝ ասել Լեննագան, գձել եւ գրել Լենինական, գծել: «Պարապութիւնից» չէ, որ Մաշտոցն ու իր ժամանակակիցները «բանուգործ» թողած մեզ են աւանդել դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրութիւնը եւ մեզ համար «ստեղծել» ուսման բարդութիւններ: Ոչ, պարզապէս այն ժամանակ ե-ն ու է-ն տարբեր կերպ են արտասանուել: Մարդ են ասել, մարդ են գրել, ասել են տղայ, գրել՝ տղայ, ասել են աղջիկ, գրել՝ աղջիկ, ճիշտ այնպէս, ինչպէս կ’անէր մեզանից իւրաքանչիւրը, եւ ինչպէս այսօր անում է ուղղագրութիւն չիմացողը:

Մաշտոցի կատարած աշխատանքը սարսափելի դժուար է եղել: Ակնյայտ է, որ հայերէնը նա իմացել է կատարելապէս, եւ ուսումնասիրելով հայերէնի հնչիւնային համակարգը, տառեր է ստեղծել ա՛յն «ոսկէ» հնչիւնների համար, որոնք ունենալով իրենց բարբառային, խօսուածքային նրբերանգները, գործածական են եղել թէկուզ ոչ միեւնոյն, բայց մեծամասնութեան կողմից:

Սակայն ո՛չ Մաշտոցը, եւ ո՛չ էլ տառ ստեղծողներիցս եւ ո՛չ մէկը չէր կարողանայ ասել, թէ բառերի արտասանութիւնը քանիսի համար եւ որքան ժամանակ կը մնար նոյնը: Հնարաւոր է նոյնիսկ, որ հէնց տառ ստեղծողի կեանքի ընթացքում բառերի արտասանութիւնը փոխուէր, ինչպէս դա տեղի ունեցաւ վերջին տասնամեակներում, երբ, այո՛, ուղղագրութեան փոփոխութեան հետեւանքով եւ համատարած ռուսականացման պայմաններում որոշ «գրագէտներ» սկսեցին ասել մածյան, Նալբանձյան, Կառապիծյան, Առուծյուն: Եւ ով գիտի, թէ վաղն ինչ կ’ասեն: Այսինքն, կարող է հէնց տառաստեղծի կեանքի ժամանակ էլ առաջանայ, ասենք թէ տ-ծ-ի կամ դ-ձ-ի ուղղագրութիւն, որից խուսափելու համար, եթէ գրելաձեւը համապատասխանեցնենք արտասանութեանը (այլ կերպ ասած՝ «բարեփոխենք»), ապա համապատասխանեցումից որոշ ժամանակ անց ոչ միայն նորից կը կանգնենք նոյն խնդրի առջեւ, քանզի լեզուն ապրում է, այլեւ դրա հետեւողական կրկնութիւնից անընդհատ կը գտնուենք հէնց նոր տառերի գիւտ արած ազգի վիճակում եւ մեր ողջ ժամանակը կ’անցկացնենք բառերի գրելաձեւի որոնումների մէջ: Եւ եթէ ամեն մէկը գրի միայն ի՛ր ականջին եւ լեզուին համապատասխան (փաստօրէն՝ միայն իր համար), եւ եթէ աւելացնենք, որ լեզուական արատ ունեցողները (հազար ներողութիւն) կարող է ցանկութիւն յայտնեն գրելու իրենց արտասանութեանը համապատասխան (մարդու իրաւունք է, չէ՞), էլ մեր ինչի՞ն պէտք կը լինի գրելը: Այս խանաշփոթում մեզ նոյնիսկ տառ էլ պէտք չի գայ… Գրաւոր լեզուն, ամենամեծ ցանկութեան դէպքում իսկ, չի կարող փոփոխուել բանաւորի արագութեամբ, չի կարող արձագանքել բանաւորի ամեն մի շարժմանը եւ, ի վերջոյ, ուզենք, թէ չուզենք, առաջանալու է խզում գրաւորի եւ բանաւորի միջեւ: Այդ պարագայում մեր խնդիրն է դառնում չխճողել, յստակ եւ միասնական պահել գրելաձեւը, որ իրար հասկանանք: Առաջանում է ուղղագրութիւն, գրելաձեւը չփոխելու, նախնականը աւանդականօրէն պահելու եւ դրան գիտականօրէն վերաբերուելու սկզբունք: Ահա թէ ինչու է, որ մէկս ասելով ջուր, միւսս՝ չուր, մէկս՝ բադ, միւսս՝ փաթ, մէկս քթալ, միւսս՝ գդալ, մէկս՝ ճանջ, միւսս՝ ճանճ, մէկս՝ կնջիտ, միւսս՝ կնչիտ եւ այլն, գրաւորում նոյնն ենք դառնում եւ գրում ջուր, բադ, գդալ, ճանճ, կնճիթ: Արդէն տեսանք, թէ ինչի կը հանգեցնի նման սկզբունք չունենալը, դրանից հրաժարուելը: Իսկ եթէ պիտի հետեւենք այդ սկզբունքին, ապա 1922թւին ինչո՞ւ, ինչո՞ւ այլանդակեցինք 1500-ամեայ հարուստ գրականութեամբ հաստատուած ու մեզ աւանդուած մեր ուղղագրութիւնը: Ինչո՞ւ:

Մինչեւ 1922թ. գրաբարի ու գրական աշխարհաբարի ուղղագրութիւնը նոյնն էր, թէեւ քերականութեամբ նրանք տարբեր էին: 1922թ. ԽՍՀՄ-ում գործող հայերէնի ուղղագրութիւնը զոհ գնաց քաղաքական խաղերին եւ այլանդակուեց: Արտասահմանում գործող հայերէնը կուլ չգնաց այդ նենգախաղին եւ պահպանեց մեր բազմադարեան ուղղագրութիւնը: Այդ ժամանակ, 1921թ. Հայաստանի լուսժողկոմ Աշոտ Յովհաննիսեանը յայտարարում է. «Լուսաւորական նպատակի եւ կիրարկման միջոցների տեսակէտից ուղղագրութեան հարցը քաղաքական հարց է, եւ հայ լեզուի ուղղագրութեան ռեֆորմի խնդիրը՝ Հայաստանի յեղափոխական իշխանութեան հերթական խնդիրներից մինը» (Ս. Գիւլբուդաղեան, «Հայերէնի ուղղագրութեան պատմութիւն», էջ 324):

Այդ «խնդիրը» բոլշեւիկները լուծեցին 1922թ. մարտի 4-ին: Լուծման բանաձեւը տուեց Մանուկ Աբեղեանը, իսկ այդ բանաձեւի կիրառման խնդիրը լուծեց այն ժամանակուայ լուսժողկոմ Պօղոս Մակինցեանը: «Խնդրի» լուծման հետեւանքով հայոց այբուբենից վտարուեցին է, ւ, օ տառերը (ւ-ը մնաց լոկ որպէս ու «տառի» բաղադրիչ), կատարուեցին բազմաթիւ ձեւախեղումներ, փոխուեց շատ բառերի գրելաձեւը, բայց պահպանուեցին բաղաձայնների (դ-թ, ձ-ց, ջ-չ, ղ-խ եւ այլն), համր հ-ի (շնորհ, աշխարհ, ճանապարհ եւ այլն) ուղղագրութիւնները, ինչպէս նաեւ այդ ձեւախեղումներից սայթաքած որոշ մնացուկներ:

Դա սկիզբն էր այն «Մեծ» գործի, որով Մակինցեանը՝ ոգեւորուած Նիկողայոս Մառի խօսքերով, թէ «պէտք էր աւելի արմատապէս կատարել ռեֆորմը այն ուղղութեամբ, որ բոլոր կովկասեան ազգերը միանային մի այբուբենի հիման վրայ», պատրաստւում էր մեր այբուբենի փոխարէն անցկացնելու լատինատառ այբուբենը: Սակայն բոլշեւիկների այդ զառանցանքը բարեբախտաբար չիրականացաւ (թէպէտ դրա սպառնալիքը այսօր էլ չի վերացել, բայց դա ուրիշ խօսակցութեան նիւթ է):

Հետաքրքիր է, որ այսօր շատերն այդ «բարեփոխմանը» գիտական անհրաժեշտութեան հնչեղութիւն են տալիս:

1941թ., սակայն, ինչպէս եւ 1922թ., չմտածելով «ժողովրդին անգրագէտ դարձնելու» մասին, տերմինաբանական կոմիտէի որոշմամբ, «գիտականօրէն հիմնաւորուած», մասամբ վերականգնուեցին է եւ օ տառերը, ժողովրդին պարտադրուեց երկրորդ «բարեփոխուած» ուղղագրութիւնը, բայց, ըստ էութեան, ամեն ինչ գրեթէ նոյնը մնաց:

Այժմ, ի՞նչ են ուզում այսպէս կոչուած նոր եւ հին ուղղագրութիւնների կողմնակիցները: Աւանդականի (հնի) կողմնակիցները ցանկանում են վերացնել 1922թ. մարտի 4-ի յանցագործութան հետեւանքները եւ բազմադարեան հայերէնի համար ժամանակի եւ տարածութեան մէջ հաստատել մէկ միասնական ուղղագրութիւն, այն է՝ աւանդական, դասական ուղղագրութիւնը: Բոլշեւիկեան խեղագրութեան կողմնակիցները լաւագոյն դէպքում ջանում են համոզել արտասահմանի հայութեանը, որ նրանք եւս կրկնեն բոլշեւիկների յանցագործութիւնը: Վերջիններս հիմնականում շահարկում են ամբոխավարական այն կարգախօսը, թէ, անցնելով դասական ուղղագրութեանը՝ ժողովրդին անգրագէտ կը դարձնենք, եւ, ի՞նչ պետի անենք այս տարիների ընթացքում տպագրուած գրքերը: Գրքերի ճակատագրով մտահոգ մարդկանց յիշեցնելով 1500-ամեայ մեր հարուստ գրականութիւնը՝ ասենք, որ գրքերը, եթէ արժէք ունեն, ե՛ւ կը կարդացուեն, ե՛ւ կը վերահրատարակուեն: Ինչ մնում է անգրագիտութեանը, ապա դա լուրջ եւ անկեղծ չէ: Անկեղծ չէ, որովհետեւ այսօր էլ չենք փայլում գրագիտութեամբ, եւ այդ մարդիկ ոչինչ չեն անում դա շտկելու ուղղութեամբ: Աւելին, նրանց մեծ մասը սկզբունքօրէն ոչ միայն դէմ չէ ոչ հայկական դպրոցին, այլեւ անամօթաբար եւ յիմար հպարտութեամբ իր զաւակներին է կրթել այդ ուծանոցներում: Իսկ լուրջ չէ, որովհետեւ, այնուամենայնիւ, ունենք մասնագէտներ, որոնք անշուշտ կը կարողանան արագ եւ որակեալ կերպով վերականգնել երբեմնի եղածը եւ, սփիւռքի շնորհիւ, նաեւ այսօր գոյութիւն ունեցողը, ինչպէս որ մանուկաբեղեանները, աշոտյովհաննիսեաններն ու պօղոսմակինցեանները կարողացան արագ տարածել ամենեւին չեղածը:

Իսկ պատկերացնո՞ւմ ենք, եթէ Պօղոս Մակինցեանին յաջողուէր հանել գործածութիւնից մեսրոպեան տառերը եւ «գիտականօրէն հիմնաւորուած» ներմուծել լատինատառ այբուբենը, որը, յետագայում, դարձեալ առանց հաշւի առնելու անգրագիտութեան գործոնը, էլի կը փոխուէր՝ դառնալով ռուսատառ, ինչպէս ԽՍՀՄ բոլոր ազգերինը՝ մեզնից ու վրացիներից բացի (նաեւ մերձբալթեան ազգերը), արդեօք կը կարողանայի՞նք այսօր վերականգնել մեր հայկական, մեսրոպեան, անկրկնելի գեղեցիկ տառերը: Արդեօք չէի՞նք հանդիպի աւելի կատաղի դիմադրութեան, է՛լ աւելի «ազդեցիկ ու գիտական» փաստարկներով:

Ակնյայտ է, որ լեզուն պէտք է ունենայ մէկ միասնական ուղղագրութիւն: Եւ կարծել, որ չունենալով իրաւական ազդեցութիւն արտասահմանի հայութեան նկատմամբ, կը կարողանանք պարտադրել բոլշեւիկեան խեղագրութիւնը, անմտութիւն է: Առաւել եւս չենք կարող դա պարտադրել անցեալի մեր ժառանգութեանը: Միայն դատապարտելով 1922թ. ուղղագրական «բարեփոխումը», հրաժարուելով «նոր» ուղղագրութիւնից եւ վերականգնելով աւանդական, դասական ուղղագրութիւնը՝ կը կարողանանք տէրը լինել անցեալի մեր ժառանգութեանը եւ արդէն տիրոջ իրաւունքով թոյլ չտալ արտասահմանի հայերէնի ոչ բնական զարգացումը: Միայն այսպէս մենք կը կարողանանք հայերէնի համար սահմանել բաղաձայնների միասնական գրութիւն՝ նաեւ տառադարձութեան մասով, միայն այսպէս մենք կը կարողանանք միասնականացնել մեր գրելաձեւը եւ ունենալ իրօք պետական, զօրեղ լեզու՝ մէկ միասնական ուղղագրութեամբ:

Տիգրան Մոսինեան

Յ.Գ. Յետադարձ հայեացք գցելով համաշխարհային պատմութեան լեզուական եւ մշակութային կեանքին բաժին ընկնող պահերին ու իրադարձութիւններին՝ կարող ենք վստահօրէն ասել, որ գոյութիւն չունի այնպիսի ժամանակաշրջան, որ կարելի լինէր լեզուին եւ մշակոյթին վերաբերուող հարցերում ասել՝ «Այո, հիմա դրա ժամանակը չէ»: Մեր գրերը մենք ստեղծել ենք «դժուար» ժամանակներում: Ստեղծել, արարել, կառուցել ու ժառանգութիւն ենք թողել նոյնպէս «դժուար» ժամանակներում: 1920-ական եւ 1941 «դժուար» թւականներին կատարուեցին ուղղագրական բարեփոխում կոչուածները: Վերջապէս այս «դժուար» ժամանակներում, անգլերէնը, լատինատառը, «ժամանակ գտնելով» հեղեղի պէս լցւում է Հայաստան՝ սպառնալով սրբել հայերէնը: Իսկ հայերէնի ժամանակը չկա՞յ: Չառաջնորդուենք պահի ազդեցութեամբ, չապրենք միայն մի օրով: Սիրենք եւ տէրը լինենք մեր հսկայական ժառանգութեանը եւ գիտակցենք, որ նոյնպիսի պարտք էլ մե՛նք ունենք մեր սերունդների առջեւ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031