Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս գալ պայմանական եղանակի պարադիգմից

Մարտ 04,2022 10:00

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր հերթական դիտարկմամբ, որի իմաստը հետեւյալն է. եթե ժամանակին մտավորականությունն իշխանությունից պահանջեր Արցախի խնդիրը լուծել փոխզիջումային ճանապարհով, ապա մենք հիմա չէինք լինի այս ողբերգական վիճակում:

Իսկապես, մենք շանս ունեինք պայմանավորվելու հարեւանների հետ շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան հիմա ունենք, եւ այդ շանսը բաց թողնվեց նաեւ այն պատճառով, որ նույն մտավորականությունը (ըստ էության՝ նույն ակադեմիկոսներն ու պրոֆեսորները) այդ շանսը համարում էին ազգադավություն եւ պարտվողականություն: Դա արձանագրելով՝ առաջին նախագահն, իհարկե, իրավացի է:

Բայց, եթե նման դիտարկում է անում ոչ միայն գիտնականը, պատմաբանը (կամ, ասենք, քաղաքագետը, հրապարակախոսը, լրագրողը), այլեւ՝ քաղաքական կուսակցության ղեկավարը, ապա, կարծում եմ, նա չպիտի սահմանափակվի այդօրինակ արձանագրումներով՝ «եթե այդպես լիներ, ապա լավ կլիներ»: Այդ մշտական հետադարձ հայացքի գերակշռումը ես նկատում եմ նաեւ ՀԱԿ-ի անդամների եւ Տեր-Պետրոսյանի շատ համակիրների մոտ, բայց այդ ճիշտ արձանագրումը քաղաքական ծրագիր չէ՝ պայմանական եղանակի անցյալ հարակատար ժամանակը չի կարող լինել նման ծրագրի հիմքը: Վատթարագույնն արդեն իսկ կատարվել է՝ չնայած ՔՊ-ական մի պատգամավոր ասում է, որ նա ապրում է իր երազած Հայաստանում, կարծում եմ, որ հայաստանցիների մեծ մասը նրա հետ այդ առումով համաձայն չէ:

Դարձյալ համաձայնելով Տեր-Պետրոսյանի հետ՝ ես էլ եմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը պարզապես պայքարում են իշխանությունը պահպանելու կամ վերցնելու համար եւ չեն առաջնորդվում պետական շահերով: Հետեւաբար, այդ շահի ձեւակերպումը պետք է ակնկալել այլ ուժերից: Զուգահեռաբար պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու են այդ «այլ ուժերը»  2021 թվականին ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների մոտ 20 տոկոսը, իսկ կոնկրետ Հայ ազգային կոնգրեսը՝ ընդամենը 19 691 ձայն, ներառյալ` իմ ձայնը: Ընտրությունների արդյունքները կեղծվե՞լ էին, թե՞ ընտրողների մեծամասնությունը նույնպես հեռու է պետական շահից: Գուցե պատճառներից մեկն այն է, որ արտախորհրդարանական ուժերի մեծ մասը կրկնում էին եւ շարունակում են կրկնել իշխանության քարոզչական թեզերը եւ կենտրոնանում են «նախկինների» վրա՝ դարձյալ նույն պայմանական եղանակով. «եթե նախկինները չթալանեին՝ ամեն ինչ լավ կլիներ»:

Քաղաքական բոլոր ուժերի խնդիրը, հավանաբար, նրանում է, որ նրանք պետք է դուրս գան պայմանական ժամանակի պարադիգմից: Իհարկե, անցյալի վերլուծությունը խիստ անհրաժեշտ է, բայց եթե դա չի կատարվում զուտ ակադեմիական նպատակներով, ապա, կարծում եմ, այդ վերլուծությունը պետք է արվի այսօրվա եւ վաղվա անելիքների տեսանկյունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Փոխզիջումը սխալ կատեգորիա է, նույնիսկ փոխադարձ սերը երիտասարդի եւ օրիորդի միջեւ երկար կյանք չի ունենա, եթե այն չզարգանա, այսինքն՝ սերը կշարունակվի, երբ երեխաներ լույս աշխարհ գան եւ ընտանիք՝ վերանձնական կառույց կազմվի: Նմանապես եւ միջազգային միջպետական հարաբերություններում՝ եթե ռազմավարական դաշինք ես կազմում, ապա իսկական հարեւանները ապրիորի պետք է լինեն ռազմավարական դաշնակից, իսկ դաշինք կազմող երկրների դաշինքը կշարունակվի, եթե այն զարգանա, իսկ զարգացման համար էլ պետք է ստեղծել վերազգային վերպետական կառույց, որը վերպետական օրենքներով, որն ընդունած կլինեն այդ կառույցի մեջ մտած բոլոր պետությունները, կլուծի բոլոր տեսակի միջպետական հակասությունները: Հեծանիվ կամ Ամերիկա չհայտնաբերենք, Եվրոմիությունը կամ Ամերիկայի միացյալ նահանգները հենց այն վերպետական կառույցներն են, որոնք կարգավորում են իրենց ֆեդերալ դաշինքի մեծ մտնող պետությունները կամ նահանգները, կամ էլ նույն անգլիական թագավորության մեջ մտնող պետությունները կառավարվում են թագի կողմից: Ինչպես տեսնում ենք, բոլոր այն պետությունները, որոնք վերպետական կառույցների մեջ են մտնում, դրանք հզոր պետություններ են: Քոչվորն արդեն ապրիորի հարեւան լինել չի կարող, որովհետեւ նա քոչվորական կյանք է վարում, իսկ ոչիսկական քոչվորը մարգինալ երեւույթ է, ոչ քոչվոր է եւ ոչ էլ նստակյաց, դրա համար շատ ագրեսիվ է, եթե ուժեղ է տեղացի նստակյացից կամ էլ շատ լսող է, եթե թույլ է տեղի նստակյացից: Մենք էլ մեր պահվածքով հեռացել ենք նորմալ նստակյաց ժողովուրդ լինելուց, ով պետք է ամեն գնով պահպանի իր ամրոցը, չերկարացնեմ, մենք բոլոր նորմալ ժողովուրդների հետ՝ լինի նստակյաց թե քոչվոր, կարող ենք նորմալ հարաբերություններ հաստատել, եթե դառնանք ամրոց, մեր նստակյաց հարեւանների հետ վերպետական կառույց ստեղծենք՝ Եվրոմիության, ԱՄՆի կամ անգլիական թագավորության նման, մեր պետությունները վերածենք անառիկ ամրոցների եւ վերջ՝ նորմալ քոչվորները մեզ կշրջանցեն կամ ճանապարհ կտանք, որ անցնեն, իսկ մարգինալ ոչիսկական քոչվորների հետ միանշանակ պատերազմ, որոնք նստակյաց կյանք են ուզում վարել տեղի նստակյացների ամրոցում: Իսկ մեր վեցերորդ 🙂 շարասյունը՝ դա մեր միջի մարգինալ ոչիսկական նստակյացներն են, որոնք էլ քարոզում են փոխզիջում ոչիսկական քոչվորների հետ:

  2. Հայ says:

    Լևոն Տեր-Պետրոսյանը,ինչպես և Նիկոլ Փաշինյանը իր մեղքերն ուրիշների վրա “բարդող” է։Վազգենը կողմ չէր իր լուծման առաջարկին,մտավորականությունը իրեն չէր աջակցում,մամուլն էր մեղավոր,քաղաքացիական պատերազմ կսկսեր։
    Չկա էդպիսի բան։Նախագահական երկրում նախագահն է որոշում։Եթե իրեն մտավորականների աջակցությունն էր պետք՝ թող բոլորի հետ հանդիպեր,համոզեր,կաշառեր, վախեցներ,ինչ ուզում ա թող աներ,թող Վազգենին համոզեր,չէր համոզվում, թող պաշտոնազրկեր,թող բանտարկեր:Քաղաքացիական պատերա՞զմ էր հասունանում՝ թող կանխեր,բայց իր պարտականությունները կատարեր,իր եփած ճաշն ուտեր ու նոր գնար,ոչ թե փախներ պատասխանատվությունից,իմանալով,որ երկիրը հայտնվելու է ծանր վիճակում։
    Լևոնին,որպես գիտնական հարգում եմ,բայց ոչ որպես նախագահ։

  3. Ruben says:

    Եթե ժամանակին մտավորականությունն իշխանությունից պահանջեր Արցախի խնդիրը լուծել առանց ԼՏՊ-ի և նրա ՀՀՇ-ի, ապա մենք հիմա չէինք լինի այս ողբերգական վիճակում:
    «Ղարաբաղ» կոմիտեի գլխավոր ստրատեգ, Սիրիայի կոմկուսի հիմնադիրներից մեկի որդին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելի խելացի՞ էր, քան ակադեմիկոս Ա.Դ. Սախարո՞վը, ակադեմիկոս Աղանբեկյա՞նը կամ պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ Մ.Ա.Յուզբաշյա՞նը:
    Պետք չէ վերականգնել հիշողությունը, որը Հայաստանում մարում է, իմաստ չունի:
    Պայմանական եղանակի պարադիգմից դուրս եկող ու հանող Հայաստանում չի մնացել:
    Մնացին Բարխուդարներ ու Լեւոններ:
    «Շնորհակալություն, ապերախտ ժողովուրդ»…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    ԼՏՊ-ն ընդամենը նախանձում է իր «ազգակործան պատուհասին». իրեն՝ լեզուներ իմացող ինտելեկտուալին, պարտվողականության հիմնադիր նախագահին չհաջողվեց թուրքերին հանձնել Արցախը, իսկ ահա իր կիսագրագետ, խուժան ու փնթի հոգեզավակը արդեն չարչիական «խաղաղության դարաշրջանն» է բացում: Արդարացի չստացվեց, էլի. հողատու հերոստրատի ողջ «փառքը» գնաց էդ անաղուհաց պատուհասին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031