Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվի, արժանապատվության պաշտպանության հայցերի պակաս չկա

Մարտ 04,2022 13:00

«Անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են. դատարաններում դառնում են փոխհատուցման միջոց» հրապարակումից հետո («Առավոտ, փետրվարի 24) տեղեկացանք, որ կան էլի լրատվամիջոցներ, որոնց դեմ հայցապահանջներով միջնորդություններ են արվել դատարաններում հայցի չափով գույքի վրա արգելանք դնելու համար: Մեր նախորդ հրապարակման մեջ մենք բարձրաձայնել էինք՝ իրավաչա՞փ է, արդյոք, այդ պահանջը, թե՞ ոչ:

«Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը 2021թ. հոկտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ փաստաբան Հակոբ Ճարոյանի, երրորդ անձ «Լայվ Նյուզ Մեդիա» ՍՊԸ-ի` զրպարտություն համարվող փաստացի տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, արժանապատվությանը, պատվին եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Նույնաբովանդակ հայցադիմում էլ նա ներկայացրել է «Լայվ Նյուզ Մեդիա»-ի դեմ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին: Պատասխանողի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու միջնորդություն է արվել: Ինչպես գիտեք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Տեղեկացնեմ, որ պատասխանողի գույքի վրա նույնպիսի արգելանքի միջնորդություն եղավ մեկ այլ լրատվամիջոցի՝ «Հրապարակի» դեմ գործով. կուսակցության ղեկավարի՝ Մհեր Տերտերյանի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանն ընդդեմ պատասխանող՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելը պարտավորեցնելու, գործարար համբավն արատավորող արտահայտության համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին: Անցյալ տարվա ապրիլի 6-ին գործը հանձնվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Միջնորդության պատճառաբանությունը հետեւյալն էր: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել էր արգելանք դնել պատասխանող «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր միավոր անշարժ եւ շարժական գույքերի, դրամական միջոցների, ՀՀ բանկերում առկա պահոցների վրա՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ. «…հաշվի առնելով հայցապահանջի հնարավոր բավարարման դեպքում կայացվելիք դատական ակտի կատարման ապահովման անհրաժեշտությունը, այնքանով, որքանով որ հայցապահանջի հնարավոր բավարարման ելքի դեպքում պետք է պատասխանողը ունենա բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոց»:

Դատարանի որոշմամբ՝ միջնորդությունը մերժվեց, քանի որ ըստ դատարանի՝ հայցվորի ներկայացուցիչը չի հիմնավորել միջնորդության հիմքում դրված հանգամանքն այն մասին, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ինչպես նաեւ որեւէ կերպ չի հիմնավորվել, թե հայցի ապահովում չձեռնարկելն ինչպես կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Դատարանը հղում էր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին եւ հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, բացի այդ՝ «Սույն միջնորդությունը բավարարելու արդյունքում իրավաբանական անձի՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության գործունեությունը կդառնա անհնարին»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հակոբ Ճարոյանը (լուսանկարում) «Առավոտին» տեղեկացրեց, որ դատական գործընթացների մեջ է Տերտերյանի հետ: Նա ասաց, որ մինչ դատարան դիմելը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանին՝ «Տեղեկատվություն տրամադրելու խնդրանքի մասին», խնդրելով հայտնել «1. Ո՞ր արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններն են որոշում կայացրել Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 3 անձ գործուղելու մասին»։

Նա դիմել էր նաեւ վարչապետ Փաշինյանին: «Դուք իրականացնում եք հանդիպումներ արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ով ներկայանում է որպես գործարար եւ քաղաքական գործիչ, ում կողմից հիմնադրված «Միասնական Հայրենիք» կուսակցությունը 25.05.2021թ.-ին ստացել է պետական գրանցում, ով 20.06.2021թ.-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Միասնական Հայրենիք» կուսակցության թվով 88 թեկնածուներով ստացել է ընդամենը 957 ձայն կամ ընտրողների ընդհանուր ձայների ընդամենը 0,08%-ը, ում նկատմամբ՝ իմ դիմումների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում, իսկ հարուցված քրեական գործերը կարճվում են։ Խնդրում եմ հայտնեք, թե՝ 1. Մհեր Տերտերյանի վերաբերյալ փաստերը, մասնավորապես, իմ կողմից Ձեզ հասցեագրված գրությունների մեջ նշված փաստերը, Ձեզ զեկուցե՞լ են, թե՞ ոչ։

2.Դուք Մհեր Տերտերյանին քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Ի դեպ, մարտի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում նշանակվել է փաստաբանի բողոքի քննությունը՝ քրեական գործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ:

Մայիսի 25-ին նշանակվել է նախնական դատական նիստ թիվ ԵԴ/16339/02/19 քաղաքացիական գործով. Լարա Ահարոնեանն ընդդեմ Հայկ Այվազյանի, «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի, «Լայվ Նյուզ մեդիա» ՍՊԸ-ի՝ պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջի մասին: Դատարանը թույլատրել է հայցի առարկան հետեւյալ կերպ. «Պարտավորեցնել համապատասխանող Հայկ Այվազյանին հրապարակայնորեն հերքել 23.04.2019թ. ասուլիսում հնչած՝ «Ես նաեւ հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության» օրինակ, հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնեանը նաեւ զբաղվում է պղծությունների քարոզով, այդ թվում նաեւ երեխաների շրջանում» զրպարտիչ տեղեկությունը, իսկ համապատասխանողներ լրատվամիջոցներին պարտավորեցնել հերքել. զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հոդվածը, զրպարտիչ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը», եւ բռնագանձել Լարա Ահարոնեանի օգտին 2 միլիոն ՀՀ դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031