Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Շահրիմանյանը` ձայնագրված սոնատի, Հայաստանում մնալու եւ հայ երաժշտություն ստեղծելու մասին

Մարտ 04,2022 12:30

Նրա համոզմամբ, դրսում ապրելով՝ հայ կոմպոզիտորները ստիպված են ուրիշ մոտեցումներով ստեղծագործել

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իր ստեղծագործությունը ձայնագրվել է Իտալիայում եւ շուտով կտեղադրվի նաեւ իր յութուբյան ալիքում: «Ալտի եւ դաշնամուրի համար սոնատս գրել եմ 2009թ., այդ ստեղծագործությունը ստեղծվել է ալտահար, Կոմիտասի քառյակի երկարամյա երաժիշտ Ալեքսանդր Կոսեմյանի առաջարկով: 2009-ի դեկտեմբերին մենք միասին ձայնագրեցինք սոնատս, եւ ձայնագրությունը հրապարակեցինք յութուբյան էջում»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ դա գործի հետագա տարածման համար լավ խթան հանդիսացավ, ու այն ձայնագրել ցանկացողները սկսեցին դիմել իրեն՝ նոտաները ստանալու առաջարկով: Դրան հաջորդել է Սոնատի համերգային կատարումը 2010-ի փետրվարին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, նոյեմբերին էլ այն Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կատարել են Գոռ Հովհաննիսյանն (ալտ) ու Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր):

Կոմպոզիտորը հիշեցրեց, որ գործի արտասահմանյան առաջին կատարումը տեղի ունեցավ 2012թ. սեպտեմբերին` Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի արվեստի համալսարանում, այլ կատարումներ էլ են եղել տարբեր որակներով ու մոտեցումներով: Նրանից տեղեկացանք, որ 2020 թ. իտալացի ալտահար Մաուրիցո Ռեդեգոսո Խարիտիանը կապ է հաստատել իր հետ` Սոնատն իր համերգներին կատարելու առաջարկությամբ, ցավոք, համավարակի պատճառով մի շարք նախագծեր կամ չեղարկվել են, կամ սառեցվել: «2021-ի ավարտին եւ 2022-ի սկզբին հնարավոր եղավ ստուդիայում ձայնագրել Սոնատը Միլանի կոնսերվատորիայի դասախոս, հրաշալի դաշնակահար Ալֆրեդո Կաստելիանիի հետ: Անչափ շնորհակալ եմ այս երաժիշտներին գործիս նկատմամբ ցուցաբերած բացառիկ ուշադրության եւ այդքան շատ տարբերակներով այն ձայնագրելու համար»,-ասաց Ժիրայր Շահրիմանյանը ու հավելեց, որ օրերս այդ ձայնագրությունն էլ կտեղադրվի յութուբի իր էջում:

Մեր դիտարկմանը, որ 70-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, սակայն ավելի շատ հնչում է դրսում, քան Հայաստանում, նա չհամաձայնեց: Իսկ հարցին` որն է իր հաջողության գրավականը, լինելով երիտասարդ կոմպոզիտոր, այդքան ձայնագրվել եւ կատարվել է արտասահմանում, Ժիրայր Շահրիմանյանն այսպես պատասխանեց. «Իմ հաջողության գրավականը աշխատասիրությունն է եւ իմ մասնագիտության հանդեպ սերը, որեւէ մեկը չի պարտադրել, որ երաժիշտ դառնամ, ես նվիրվել եմ երաժշտությանը»: Նա նաեւ ընդգծեց, որ ցավոք, Հայաստանում արտմենեջերների ինստիտուտը, որպես այդպիսին, սաղմնային փուլում է, ու որպեսզի արվեստի մարդը դաշտում երեւա, ստիպված հենց ինքն է իր մենեջերը դառնում: Նա ափսոսանք հայտնեց, որ սոնատի կատարումը եվրոպական մի շարք քաղաքներում չեղարկվել է համավարակի պատճառով, եւ ուրախալի է, որ այն ձայնագրվել է կրկին:

Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների` դրսում ավելի շատ կատարվելուն, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Դասական երաժշտության հայրենիքը Եվրոպան է, երեւի դրա համար էլ հետաքրքրությունը, մոտեցումները շատ ավելի լուրջ են: Հայաստանում էլ շատ են կատարվում, ուղղակի մեր երկրում առիթներն ուշ-ուշ են լինում, ասենք՝ տարին մեկ-երկու անգամ, դրա համար կոմպոզիտորը կարծես չի երեւում: Բացի դրանից, մի քիչ օտարամոլ ենք, ժամանակակից հեղինակներին չեն կարեւորում, պետական կոլեկտիվները, նվագախմբերը ավելի շատ օտարներին են հնչեցնում… Հաճախ դիրիժորներն ասում են, եթե նոր հեղինակ է, անունը հայտնի չէ, մարդիկ տոմս չեն գնի, դահլիճը չի լցվի, բիզնես մոտեցում են ցուցաբերում, մինչդեռ իմ կարծիքով՝ նոր անունը հետաքրքրություն է առաջացնում, մարդիկ նախընտրում են լսել նոր անունների, ոչ թե 100-րդ անգամ Բեթհովենի սիմֆոնիան` նույն կոլեկտիվի կատարմամբ»:

Կոմպոզիտորը փաստում է, որ հաճախ համերգներ կազմակերպելիս հաշվի են առնում այն հանգամանքը՝ թե մենակատարները, թե կոմպոզիտորները դրսում կայացած անուններ լինեն: Նրա ձեւակերպմամբ, այդպիսով դիվիդենդներ են հավաքում: Ժիրայր Շահրիմանյանը նշում է, որ ինքը քանիցս եղել է արտասահմանում, բայց գերադասում է հայրենիքում ապրել ու ստեղծագործել. «Մեր կոմպոզիտորներից շատերը գնացին արտասահման եւ հիմա ուրիշ երաժշտություն են գրում, որովհետեւ պետք է հարմարվեն այդ երկրի մոտեցումներին, պահանջներին: Եվ որքան էլ հոգով ու ծագումով հայ լինեն, այդ պայմաններում իրենք դադարում են հայ երաժշտություն գրել, քանի որ ստիպված են մնալ ջրի վրա ու այլ կերպ պետք է ստեղծագործեն»:


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ժիրայր Շահրիմանյանը

«Առավոտ» օրաթերթ
03.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031