Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանների մեջ ամենատաղանդավորը, երաժիշտների մեջ՝ ամենախելացին

Մարտ 04,2022 12:00

Շտրիխներ երիտասարդ տենոր Տիգրան Մելքոնյանի կերպարից

Երեւանի 89-ամյա օպերային թատրոնը բոլոր ժամանակներում հիանալի ձայների պակաս չի ունեցել: Պատմում են, որ դեռեւս 1930-ականների վերջերին մեր թատրոնի տենոր Ալեքսանդր (Կարատով) Կարապետյանը մի առիթով հանդիսատեսի կարգավիճակում գտնվելով «Բոլշոյ» թատրոնում, դիտելով Վերդիի «Տրավիատան», որտեղ Ալֆրեդի դերերգով հանդես էր գալիս աշխարհահռչակ Լեոնիդ Սոբինովը, տեսնում է, թե նա ինչպես է «կորցնում ձայնը» ու շատ չանցած հայտարարվում է, որ ներկայացումը հետաձգվում է: Այդժամ, դահլիճից մի հանդիսատես բարձրաձայնում է, որ ինքը պատրաստ է փոխարինել երգչին, ինչը եւ տեղի է ունենում, ու այդ օրվանից հայ օպերային երգիչը «գրանցվում» է հիշյալ թատրոնի ցանկալի արտիստների ցուցակում:

«Առավոտի» հյուրը մեծ բեմում նոր-նոր կարիերա անող տենոր է, մեր օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչ Տիգրան Մելքոնյանը:

Փաստենք, որ այսօր էլ տենորների «մասով» թատրոնում պակաս չկա: Նրանք են՝ Լիպարիտ Ավետիսյանը, Տիգրան Օհանյանը, Հովհաննես Այվազյանը, Տիգրան Հակոբյանը, Հովհաննես Անդրեասյանը: Մինչեւ վերջերս 2 տենոր էլ ունեինք, որոնք զբաղված էին խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում, բայց ինչ-ինչ պատճառներով այսօր Հայաստանում չեն, խոսքը ՌԴ տեղափոխված Սարգիս Աղամալյանի եւ ԱՄՆ՝ Պերճ Քարազյանի մասին է: Հիմա մեր հյուրի մասին. առաջին անգամ Տիգրան Մելքոնյանի, որն ընթացիկ տարվա հունվարից համալրել է մեներգիչների կազմը: Նրա առաջին բեմելը 2021թ. ամռանն էր, Պեպե Առլեկինի դերերգով Լեոնկավալոյի «Պայացներում», հետո Նեմորինո Դոնիցետիի «Սիրո ըմպելիքում»: Հանդիպել ենք Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) կողմից հնչեցրած Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում, որտեղ երգիչը կատարում էր տենորի պարտիան: Հետաքրքիր են երիտասարդ արվեստագետի կյանքի տարբեր շրջանները…Նրա ծննդյան առաջին ճիչից հետո Տիգրանի մայրը լսել է, թե ինչպես են բժիշկները միաբերան ասում, որ երգիչ ծնվեց: Ծնողները տղային հետագայում ուղղորդում են սովորելու նաեւ ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում, որտեղ ակնհայտ էին երեխայի հաջողությունները: Պատանին դառնում է Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու, համերգներով հանդես գալիս նաեւ արտասահմանյան երկրներում, բայց դպրոցը ոսկե մեդալով ավարտած երեխան, ծնողների խորհրդով ընտրում է իրավաբանի մասնագիտությունը՝ ուսանում ԵՊՀ-ում: Ավարտելով այն, 2016-ից աշխատանքի է անցնում ՄԻՊ-ի աշխատակազմում, որպես Հետազոտական կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ: Փաստորեն, համատեղում է վերջինս բեմական կարիերայի հետ:

Գանք երաժշտի մասնագիտական կրթությանը: Մեր կոնսերվատորիայում նա ուսանում է միայն մագիստրատուրայում: Ի դեպ, այդպիսի եզակի դեպքեր պատահում են հենց վոկալիստների մոտ, քանի որ երգչական ձայնը կարող է «գլուխ բարձրացնել» հասունացման շրջանում: Մինչեւ օպերային թատրոնի մեներգիչների կազմը համալրելը, մեր զրուցակիցը հաճախում է թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) պարապմունքների: Իսկապես հետաքրքիր դիպվածներով է ընթանում նրա մասնակցությունը միջազգային հարթակներում, այս դեպքում՝ մրցույթներին. 2021-ի աշնանը Սանկտ Պետերբուրգում 10-րդ անգամ անցկացված Բոգաչովայի անվան մրցույթում, որտեղ առաջին մրցանակ չշնորհվեց: Հայ արտիստը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Հիշյալ մրցույթից առաջ էլ Հայաստանում անցկացված «Ռոմանսիադա» մրցույթում նա արժանանում է գլխավոր մրցանակի, որին պետք է հաջորդեր մոսկովյան մրցույթը, բայց պատերազմի պատճառով երգիչը չի մեկնում: Ի պատիվ մրցույթի կազմակերպիչների, հայտարարվում է, որ Հայաստանը ներկայացնող Տիգրան Մելքոնյանը չի ժամանել՝ Հայաստան -Ադրբեջան ռազմական գործողությունների պատճառով: Էլի կան հետաքրքիր դեպքեր երիտասարդի կյանքում, բայց հասկանալի պատճառով, բոլորը չենք կարող ներկայացնել: Մեկ փաստի մասին չենք կարող չտեղեկացնել. հուլիսին, աշխարհում ընտրված 12 օպերային երգիչների թվում Տիգրան Մելքոնյանը Իտալիայում Ջորջ Շոլթի ակադեմիայում կմասնակցի մեկամսյա վարպետության դասերի, որոնք կանցկացնեն ճանաչված մասնագետներ Խոսե Կարերասը, Բարբարա Ֆրիտոլին, Լեո Նուչին, Ջոնաթան Պապը եւ այլք:

Զրույցի ընթացքում երգիչն ասաց, որ պատրաստում է Խոսեի դերերգը, որով առաջին անգամ հանդես կգա ապրիլին: Հայտնի է այն փաստը, որ մեծամասամբ երիտասարդ մասնագետներին, հատկապես վոկալիստներին, ձգում են արեւմտյան մշակութային օջախները: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ինքն էլ բացառություն չի կազմում այդ առումով. «Իսկ ինչո՞ւ երկրիս անունը չհնչեցնեմ դրսում: Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է դրսում բոլոր ոլորտներում ինչքան հնարավոր է՝ հաճախ երեւան կամ հնչեն յան-ով վերջացող ազգանուններ…»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ իր իրավաբանի մասնագիտությանը: Դիտարկմանը, թե ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս հայտարարեց, թե մեզ մոտ շատ ցածր է կրթական մակարդակը, Մելքոնյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ոլորտում էլ կան բացթողումներ, նույնիսկ ամենահաջողած ինստիտուտներն էլ առավել առաջ գնալու կարիք ունեն: Ասել թե՝ կրթական մակարդակը շատ ցածր է, այլ կերպ է հնչում: Չենք կարող բարձր չգնահատել ուսուցիչների աշխատանքը եւ վաստակը: Պետք է խոսել ոչ թե ցածր մակարդակից, այլ քայլերի մասին, որոնք կուղղորդեն երազած մակարդակի կամ որակի հասնելու համար: Մի բան էլ ասեմ, եթե այսօր ես կամ` որպես իրավաբան կամ օպերային երգիչ, դա նախ ընտանիքիս, հետո արդեն ուսուցիչներիս ավանդն է»: Մեր զրուցակցին փոխանցեցինք իր մասին հնչող հետեւյալ արտահայտությունը. իրավաբանների մեջ ամենատաղանդավորն է, երաժիշտների մեջ՝ ամենախելացին, նրա պատասխանը ժպիտն էր:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031