Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում, Մեղրիում ու Գորիսում պատերազմից հետո տների գները գրեթե չեն աճել: Այլ քաղաքներում 1 քմ-ն 15-20 հազարով թանկացել է

Մարտ 03,2022 13:30

 Վերջին մի քանի տարում մեր երկրում տեղի ունեցող գնողունականության անկմանը զուգահեռ բնակարանների գները ոչ թե ընկել, այլ՝ աճել են: Այս մասին են փաստում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնք կոմիտեն վերջերս է ամփոփոել եւ արտացոլում են 2020 եւ 2021 թվականների գնային տարբերությունները: Բնակարանները զգալի թանկացել են նաեւ մարզերում: Անցյալ տարվա համեմատությամբ, օրինակ՝ Աշտարակում բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը 133 հազարից 2021-ին դարձել է 155 հազար 500 դրամ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում 1 քմ-ն 9 հազար դրամով է թանկացել՝ 2020 թվականին այս քաղաքում մեկ քմ-ի արժեքը եղել է 80 հազար դրամ: Նույն մարզի Թալին բնակավայրում 73 հազարից 1 քմ-ի արժեքը դարձել է 76 հազար դրամ:

Արտաշատում եւս բնակարանների գները նկատելի թանկացել են: 2020 թվականին 129 հազար դրամ մեկ քառակուսու արժեքն է եղել, անցյալ տարի Երեւանամերձ այս քաղաքում 149 հազար դրամով է վաճառվել: Մասիսում 129 հազարից մեկ տարվա ընթացքում դարձել է 149 հազար դրամ: Վեդիում բնակարանի 1 քմ-ն 112 հազար դրամից բարձրացել է, դառնալով՝ 123 հազար 500 դրամ:

Արարատ քաղաքում 2020-ին մեկ քմ-ն եղել է 96 հազար դրամ, արդեն 2021-ին՝ 111 հազար դրամ, այսինքն՝ այստեղ էլ 15 հազար դրամով է թանկացել: Վաղարշապատում 161 հազար 500-ից դրան հաջորդող տարում մեկ քմ-ն դարձել է 185 հազար դրամ: Արմավիր քաղաքում 109 հազար 200 դրամից բնակարանների մեկ քմ-ն դարձել է 123 հազար դրամ:

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում մեկ տարվա ընթացքում բնակարանների գները 10 հազար դրամով է բարձրացել: Եթե 2020 թվականին 1 քմ-ի արժեքը եղել է 78 հազար դրամ, 2021-ին արդեն՝ 88 հազար 100 դրամ:

Սեւան քաղաքում 81 հազարից մեկ քմ-ն դարձել է 95 հազար դրամ՝ այսինքն՝ 1 քմ-ն թանկացել է 14 հազար դրամով: Գավառ քաղաքում նույնպես գնաճ է արձանագրվել: Այստեղ նախանցյալ տարի բնակարանի մեկ քմ-ն եղել է 52 հազար դրամ, 2021-ին արդեն՝ 60 հազար 100 դրամով է վաճառվել: Մարտունիում մեկ քմ-ի արժեքը 4 հազար դրամով է ավելացել՝ 101 հազարից անցյալ տարի դառնալով 105 հազար դրամ: Վարդենիսում էլ՝ 2 հազար 100 դրամով: 2020 թվականին Վարդենիսում 1 քմ-ն վաճառվել է 46 հազար դրամով:

Ճամբարակում գնային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Թե՛ 2020-ին, թե՛ 2021-ին բնակարանի 1 քմ-ի արժեքը եղել է 37 հազար դրամ: Ուշագրավ է, որ այստեղ միայն 2021 թվականի նոյեմբերին բնակարանների գներն անգամ նվազել են՝ 1 քմ-ն դառնալով 36 հազար 100 դրամ: Վանաձորում եւս թանկացումներ եղել են. 81 հազար դրամից 2021 թվականին բնակարանի 1 քմ-ի արժեքը Վանաձորում դարձել է 101 հազար 500 դրամ: Ստեփանավանում 56 հազար դրամից 1 քմ-ի արժեքը դարձել է 60 հազար 500 դրամ: Սակայն 2021-ի նոյեմբերին 58 հազար 500-ով էլ է վաճառվել: Սպիտակում 10 հազար դրամով է տների գները բարձրացել՝ 1 քմ-ի գինը 88 հազարից դառնալով 108 հազար դրամ: Ալավերդի քաղաքում 2020 թվականին եղել է 43 հազար դրամ, անցյալ տարի այստեղ բնակարանի մեկ քմ-ի գինը հասել է 48 հազար 500 դրամի: Տաշիրում 52 հազար 500-ից 2021 թվականին դարձել է 55 հազար դրամ: Թումանյանում սակայն թանկացումները մյուս բնակավայրերի համեմատությամբ, մեծ չեն եղել. 2020 թվականին Թումանյանում բնակարանը վաճառվել է 1 քմ-ն 20 հազար 300 դրամով, անցյալ տարի՝ 21 հազար 500-ով: Լոռու մարզի Ախթալա քաղաքում 36 հազարից 1 քմ-ն դարձել է 39 հազար դրամ, Աբովյանում 190 հազարից՝ 226 հազար դրամ, այսինքն՝ Աբովյանում մեկ տարվա ընթացքում 1 քմ-ն թանկացել է 36 հազար դրամով: Նոր Հաճնում էլ՝ 17 հազար դրամով: 2020-ին այստեղ մեկ քմ-ի արժեքը 130 հազար դրամ էր: Բյուրեղավանում 2020 թվականին բնակարանը վաճառվել է 1 քմ-ն 115 հազար 500 դրամով, անցյալ տարի՝ 128 հազար 200 դրամով: Եղվարդում նախանցյալ տարի բնակարանի 1 քմ-ի արժեքը եղել է 129 հազար 100 դրամ, անցյալ տարի դարձել է 144 հազար 100: Հրազդանում 73 հազար դրամով է մեկ քմ-ն վաճառվել, մեկ տարի անց՝ 10 հազար դրամով ավելի՝ 83 հազար դրամ: Ծաղկաձորում եւս բնակարանների գնաճը նկատելի է. այստեղ 1 քմ-ն թանկացել է 39 հազար դրամով՝ 282 հազարից դառնալով 327 հազար դրամ: Չարենցավանում՝ 82 հազարից դարձել է 97 հազար դրամ: Գյումրիում 1 քմ-ի արժեքը 103 հազար դրամից դարձել է 124 հազար դրամ: Արթիկում 2020 թվականին բնակարանի 1 քմ-ն վաճառվել է 64 հազար դրամով, մեկ տարի անց՝ 71 հազար դրամ: Մարալիկում 47 հազար 500-ից մեկ քմ-ի արժեքը դարձել է 52 հազար դրամ:

Ուշագրավ է, որ Սյունիքի մարզի խոշոր քաղաքներում, որտեղ բնակչության կենսամակարդակը համեմատաբար բարձր է, բնակարանները քիչ տոկոսով են թանկացել: Օրինակ՝ Գորիսում մեկ քմ-ն 2020-ին վաճառվել է 140 հազար դրամով, 2021-ին՝ 5 հազար դրամ բարձր արժեքով՝ 145 հազար դրամով: Մեղրիում բնակարանի 1 քմ-ն 2020-ին եղել է 101 հազար դրամ, 2021-ին՝ 105 հազար: Կապանում էլ 8 հազար դրամով է 1 քմ-ն թանկացել՝ 112 հազարից դառնալով 120 հազար դրամ: Սիսիանում 82 հազար դրամ 2020 թվականին է եղել, անցյալ տարի 84 հազարով է վաճառվել: Քաջարանում բնակարանների 1 քմ-ն 96 հազար դրամ է եղել, 2021-ին սակայն՝ 103 հազար դրամ: Վայքում 80 հազար դրամով է 2020-ին 1 քմ-ն վաճառվել, 2021-ին՝ 88 հազարով: Եղեգնաձորում էլ 1 քմ-ի գինը 8 հազար դրամով է ավելացել: 2021-ին Եղեգնաձորում բնակարանը վաճառվել է 120 հազար դրամ՝ 1 քմ-ի արժեքով: Ջերմուկ քաղաքում 13 հազարով է 1 քմ-ն բարձրացել: 2020-ին այստեղ բնակարանի մեկ քառակուսի մետրը վաճառվել է 90 հազար դրամով: Դիլիջանում 117 հազար դրամ է եղել 1 քմ-ի արժեքը երկու տարի առաջ, սակայն 2021-ին 136 հազար դրամ: Իջեւանում նույնպես թանկացումը շոշափելի է՝ 118 հազարից մեկ տարվա ընթացքում 1 քմ-ն դառնալով 131 հազար դրամ: Տավուշի մարզի Բերդ քաղաքում 2020-ին 1 քմ-ի արժեքը եղել է 91 հազար դրամ, իսկ 2021-ին՝ 94 հազար: Նոյեմբերյանում 70 հազար դրամից մեկ քմ-ի արժեքը դարձել է 78 հազար 500 դրամ: Այրումում, սակայն, գնանկում է գրանցվել. 58 հազարից 1 քմ-ի արժեքը դարձել է 55 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031