Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վիճաբանությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դուրս եկավ նիստերի դահլիճից ու լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ էր կատարվում նիստերի դահլիճում. «Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ այս բարդ եւ զգայուն աշխարհում, երբ մենք, ըստ էության, երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք գտնվում կարծես, տեսնում ենք ՌԴ-ի ու Արեւմուտքի առճակատումը ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով, այս պարագայում, երբ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է առավելապես զգույշ լինի, ողջախոհ, ցավով եմ արձանագրում, մենք հերթական անգամ տեսանք, որ ՀՀ վարչապետի աթոռին գտնվում է անձ, ով մեղմ ասած, անկայուն հոգեվիճակ ունի: Ես չեմ ուզում այլ որակումներ տալ: Մենք բազմիցս այդ որակումները տալիս ենք ու ամեն անգամ համոզվում ենք մեր որակումների ճշմարտացիության վրա: Արցախի հանձնման մասին հարցից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մատ թափ տալ ընդդիմության վրա, հայտարարել, որ ինքը հողեր չի հանձնել, հողեր հանձնել են նախկինները ու ավանդական սկավառակը սկսեց պտտացնել՝ թալանչիները, նախկինները եւ այլն: Նա բառացիորեն հունից դուրս եկավ»:
Ագնեսա Խամոյանն ասաց, որ մտադիր էին փորձել հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն աշխարհաքաղաքական այս իրավիճակում, Արարատ Միրզոյանից ուզում էր հարցնել, թե ինչով էր պայմանավորված ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը, պաշտոնական Կիեւն է արդեն արձանագրել, որ ՀՀ-ից դրական ազդակներ են գալիս. «Մենք այսօր ականատես ենք նոր աշխարհակարգի ձեւավորման ու այս պայմաններում մեղմ ասած, շռայլություն է անհավասարակշիռ ղեկավար ունենալը»:
Նա ասաց, որ նախորդ որեւէ իշխանություն՝ դա կլինի առաջին, երկրորդ, թե երրորդ նախագահը, չի բացառել փոխզիջումը. «Հենց բանակցությունների ամբողջ տրամաբանությունը փոխզիջումային է, դուք փաստաթղթերն էլ եք տեսել մադրիդյան սկզբունքները, այնուհետեւ ձեւավորված բանակցային փաթեթները, որեւէ մեկը չի բացառել, որ փոխզիջումային տարբերակ պետք է լինի: Ե՛վ փաթեթայինը, եւ փուլայինը փոխզիջումային է եղել, բայց մենք ունենք փաստ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի շատ է հանձնվել Ադրբեջանին, քան բանակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ հենց ասեք հող եք հանձնել՝ մատով եմ խոսելու՝ արդյոք չեք մտնում խորհրդարանական ճգնաժամի մեջ՝ Ագնեսա Խամոյանը պատասխանեց. «Խորհրդարանական ճգնաժամը ես չեմ կարծում, որ հանգուցալուծվել է: Իր անկայուն պահվածքը դրսեւորվում է յուրաքանչյուր հարցուպատասխանի ժամանակ: Բայց այսօր իմ ու գործընկերներիս հարցը, որ պետք է հնչեին, բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Հայաստանի դիրքորոշման ձեւավորման կամ դրա բացակայության մասին է»: Նա նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրենց որեւէ բովանդակային հարցին բովանդակային որեւէ պատասխան չի տվել. «Նիկոլ Փաշինյանը իբր վիրավորվել է, որ մեր գործընկերն ասել է, որ Արցախի 75%-ը հանձնել եք, բայց դա փաստ է, չէ՞: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրո՞ք է դա եղել, Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի իշխանության օրո՞ք է եղել: Այդ փաստի հետ հաշվի չնստե՞լ, չեմ կարողանում հասկանալ: Իրենք իրենց կարող են համոզել, որ իրենք ոչինչ չենք արել ու կորցրեցինք 30 տարիների ձեռքբերումները եւ այսօր ՀՀ-ն արդեն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ