Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվում են խոպան գնալ․ ռուբլու փոխարժեքի անկումը կրախի առջև է կանգնեցրել Ազատանի տղամարդկանց

Մարտ 02,2022 22:15

Շիրակի մարզի Ազատան համայնքից Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ՝ Յակուտսկ, Մոսկվա, Սախալին, Վլադիվոստոկ արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը ռուբլու փոխարժեքի անկման պատճառով մնալու են հայրենիքում։ Նրանք աշխատանք են փնտրում  հայրենի հողում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

«Մեր համայնքի տղամարդկանց 50 տոկոսն արտագնա  աշխատանքի է մեկնում, մի մասը գնացել են, բայց այն մարդիկ, որոնք դեռ չեն գնացել, ռուբլու նման կուրսով գնան, ի՞նչ անեն։ Օրինակ՝ մեր գյուղում դպրոցի շինարարություն է մեկնարկել, երկու բրիգադ՝ մոտ 30-40 հոգի, մտել են աշխատանքի մեջ,  մեծ սիրով են աշխատում, ուրախացել  են, որ այստեղ երկու տարվա աշխատանք ունեն, մնալու են»,-ասում է համայնքապետը։

Նշենք, որ Ազատանը՝ շնորհիվ  աշխատասեր, ստեղծարար ժողովրդի,  որի հիմնական մասը արտագնա աշխատանքի է մեկնում,  համարվում է բարեկեցիկ  համայնքներից մեկը։

Այն Շիրակի մարզի կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենամեծ համայնքն է, սակայն, ըստ համայնքապետի,  արտագնա աշխատանքի չմեկնող տղամարդիկ դժվար թե կարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ, հետևաբար և նրանք շինարարական աշխատանքներ  են փնտրում։

Բանն այն է, որ ռուբլու փոխարժեքի  անկումը  գյուղատնտեսական լուրջ խնդիրներ է ստեղծում․ վտանգի տակ է դնում գյուղից կարտոֆիլի արտահանումը ռուսական շուկա։

Ըստ Վարդան Իկիլիկյանի, եթե այսպես շարունակվի, իրենք իրացման լուրջ խնդիր կունենան, քանի որ Ազատանից ամեն տարի մոտավորապես 15-20 հազար տոննա կարտոֆիլ ուղարկվում  է ռուսական շուկա, այն կազմում է համայնքի արտադրանքի ուղիղ կեսը։

Բացի այդ, Վարդան Իկիլիկյանի ասելով,  այս պահին ո՛չ գարնանացան սերմնացու ունեն, ո՛չ էլ պարարտանյութ, ու թեև վերջինիս գինը եռակի թանկացել է, սակայն թանկ պարարտանյութն էլ չի ներկրվել Հայաստան։

Ազատանի կարտոֆիլագործությամբ զբաղվող  խոշոր ֆերմերներից մեկն էլ՝ Գևորգ Աբրահամյանը, նշում  է, որ իրենց գյուղից Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզեր արտագնա աշխատանքի մեկնած բնակիչները ընտանիքները կրախի առջև են կանգնած։

«Կան մարդիկ, որոնք Ռուսաստանի հույսին, հիփոթեքային վարկեր են վերցրել՝ տարբեր հարցեր հոգալու համար, այդ թվում նաև տուն կառուցելու կամ տունը բարեկարգելու, բայց հիմա ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Եթե մինչ պատերազմը 15 հազար ռուբլի պիտի մարեին, էսօր 30 հազար ռուբլի պիտի ուղարկեն, որ ամսական տոկոսը կարողանան փակել, Ռուսաստանում աշխատավարձ չի բարձրացել։

Եթե երկար շարունակվի, գուցե բոլոր արհեստավորները հետ գան, ես անմիջական կապ ունեմ նրանցից շատերի հետ։ Նրանց աշխատավարձն առավելագույնը 70 000-100 000 ռուբլի է, 100 000 ռուբլին 400-450 հազար դրամ գումար է անում, տղամարդը էդ 450 հազար դրամի համար ի՞նչ ձևի 12 հազար կիլոմետր կտրի, գնա ու գա։

Իմ աչքով եմ տեսել, մարդը եկել է դեղ առնելու, մոտեցել է տարադրամի փոխանակման կետին՝ ռուբլին ձեռքը, բայց իմանալով կուրսը, զանգել է իրենց բարեկամին, թե կարո՞ղ է մեզ պարտքով դրամ տաք, մինչև ռուբլու կուրսը կարգավորվի, դեղ պիտի գնենք, բայց չգիտենք՝ ինչքան մանրենք, որ կարողանանք գնել»,-ասում է Գևորգ Աբրահամյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031