14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիսի Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ. «Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Միքայելը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»:
Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է Երևանում: «Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Շատ դրական տղա է, աշխատասեր ու տաղանդավոր: Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից: Դժվար է հիմա խոսել նրա հեռանկարների մասին, շատ գործոններ կան, բայց, իհարկե, հույսերը մեծ են»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:
Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն. «Մենք փոքր երկիր ենք ու չունենք այն աջակցությունը, ինչ եվրոպական ավելի հզոր պետությունները: Այս տարվա մրցաշարին մեկնել ենք պետական ֆինանսավորմամբ: Կարող եմ ասել՝ չունենալով մեծ ֆինանսներ՝ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»:
Կարդացեք նաև
Գևորգ Կարամանուկյանն ասում է՝ Հայաստանում կան բոլոր պայմանները թենիսով զբաղվելու և եվրոպական ասպարեզում մրցունակ լինելու համար. «Շատերը գուցե ասեն, թե թենիսը հայերի համար չէ, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը: Ընդհակառակը, այդ տաղանդը մեր ազգի մեջ կա: Ունեցել ենք հայազգի լավ խաղացողներ, թեև ոչ բոլորն են ներկայացրել Հայաստանը: Ինչ վերաբերում է Հայաստանում մարզվելուն և հաջողության հասնելուն, կարող եմ ասել՝ դա շատ իրատեսական է: Պարզապես այս մարզաձևը մեծ ներդրումներ է պահանջում»:
Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից՝ Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ