Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ դավաճաններ, թալանչիներ․ ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 02,2022 18:30

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց՝ թեեւ գազի սակագնի հետ կապված այսօր մեկնաբանություն հնչեց, սակայն հստակ չէ՝ կառավարություն ի՞նչ է անելու՝ ապրիլից թանկացող գազի սակագնի համատեքստում սոցիալական խնդիրները մեղմելու համար։ Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը մեր վրա հաշվարկվե՞լ է։

Ստամբուլյանն այնուհետեւ նշեց, որ քաղաքացիները, հատկապես հացահատիկի պաշարներով են հետաքրքրված, որովհետեւ իշխանությունն Արցախի 75%-ը հանձնելով՝ հանձնեց նաեւ հացահատիկի պաշարները։ «Ո՞նց եք այս իրավիճակում սպասարկելու ՀՀ քաղաքացու անվտանգությունը․․․որեւէ բան մշակո՞ւմ եք, թե ասելու եք, որ դուք համար մեկ պատասխանատուն եք, բայց ոչ համար մեկ մեղավորը»,-հարցրեց պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ամբիոնին չէի մոտենա, եթե հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ մենք Արցախի 75%-ը թողել ենք թշնամուն։ Պաշտոնապես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք դիրքորոշում հայտնեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի եւ այդպես շարունակ։ Միանգամից ասեմ արձագանքս՝ եթե Սանասար է, եւ ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչո՞ւ են քսան տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ընդ որում, դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է, որ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին»։

Փաշինյանը շարունակեց․ «Հիմա ասեք՝ այ դավաճաններ, այդ հողերն ինչո՞ւ եք գնացել․․․հայրենիքը դրել եք սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք։ Ասեք պաշտոնապես՝ հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է, եւ ոչ Կուբաթլի։ Եթե հաստատեք, ապա Արծվիկ Մինասյանի ասած հոդվածով՝ հայրենիքի դավաճանության, ձեր երկու լիդերների հանդեպ պետք է քրեական գործ հարուցվի։ Այն, ինչ ուզում եք բեմադրել մեր հանդեպ, պետք է ձեր հանդեպ արվի։ Հերիք է գաք այստեղ կոկորդիլոսի արդյունքներ թափեք։ Սյունիքի մասին խոսողները գլուխները կախ 15 միլիարդ վճարեցին պետբյուջե եւ ընդունեցին մեղքը։ Այդ դո՞ւք եք խոսում Սյունիքից՝ այլ թալանչիներ»։

Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց․ «Ձեզ մի անգամ էլ եմ զգուշացրել, որ երբ այստեղ եք գալիս որպես գործադիր, իրավունք չունեք մատ թափ տալով եւ բղավելով պատասխանեք հարցերին։ Կպատասխանե՞ք՝ ի՞նչ եք անում քաղաքացու համար, երբ լինեն թանկացումներ եւ հացահատիկի խնդիր։ Ձեր ձայնի տոնայնությունն էլ մի բարձրացրեք։ Դուք գործադիր եք եւ պարտավոր եք հարցերին պատասխանել»։

Փաշինյանը պատասխանեց․ «Եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, թե տակից, գլխից կարող եք ամեն ինչ խոսել։ Պարզ հարց տվեցի։ Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու եւ մատով եմ խոսեցել։ Ձեր չափն իմացեք։ Պետք լինի՝ թափ կտամ մատս»։

Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նկատողություն տվեց եւ կոչ արեց իր պատգամավորներին կարգի հրավիրել, որոնք երկրի ղեկավարների մասին ԱԺ ամբիոնից անպատկառ խոսքեր են ասում․ «Կոռեկտության կոչը սկսեք ձեր խմբակցությունից»։

Հակոբ Արշակյանը նկատողություն տվեց նաեւ Հռիփսիմե Ստամբուլյանին եւ ասաց, որ իր խոսքերով իրավիճակը չսրի դահլիճում։

Նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը եւ ստացավ նկատողություն, ապա «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը զրկվեց ձայնի իրավունքից եւ դուրս հրավիրվեց դահլիճից։ Ապա` Հակոբ Արշակյանը ձայնի իրավունքից զրկեց նաեւ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանին։ Հնչեց «դավաճան» արտահայտությունը, երկուստեք բղավոցները սաստկացան։ Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031