Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսօր Ռուսաստանին չկանգնեցնեն, վաղը նա կհասնի Կարս ու Արդահան». Թուրքիայի համար ՌԴ-ն անվտա՞նգ է՝ հարցադրում են անում թուրք գործիչները

Մարտ 02,2022 18:08

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։

Նա նշել է, որ Թուրքիան պիտի «ընդդիմանա Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա», քանի որ, եթե Ուկրաինայում Ռուսաստանը չկանգնեցվի, կարող է նաև հասնի Կարսի և Արդահանի սահմաններին։

«Մենք պետք է հստակ լինենք, հստակ դիրքավորվենք։ Մենք պետք է լինենք այն երկիրը, որն իր ձայնն ամենաուժեղը կբարձրացնի այս օկուպացիայի դեմ, քանի որ եթե Ռուսաստանն այսօր այստեղ չկանգնեցվի ու հաջողության հասնի, ապա վաղը նրա թիրախը կլինեն թյուրքական պետությունները և թյուրքական հանրույթները։ Կարծես այսքանը բավական չէ, նա [Վ․ Պուտինը-խմբ․] դեռ Լենինին է հղում անում։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նա հասնի Կարսի և Արդահանի մեր սահման», – հայտարարել է Դեսթիջին։

Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան առանց պատերազմի մեջ մտնելու պետք է այժմ նախազգուշական միջոցներ ձեռնարկի, եթե ցանկանում է, որ աշխարհին և հարևաններին իր կողքին տեսնի։

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթ ունենալիս, քննադատել է իշխանությունների քաղաքականությունն Ուկրաինայի հարցով։ Այս համատեքստում նաև անդրադարձել է Հայաստանին և հայկական թեմային վերաբերող հարցերի։

Աքշեները նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, հավասարակշռված քաղաքականություն վարելու մասին հայտարարելով, հակառակն են անում ու երկրի արտաքին հարաբերությունները մղում անհավասարակշռության։

Ըստ Աքշեների դիտարկման՝ առավոտյան Էրդողանը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է անում իրենց պարտականությունները կատարել (Ուկրաինայի նկատմամբ), իսկ նույն օրը երեկոյան «ԵԽ-ում ՌԴ անդամակցությունն առկախելու քվեարկության ժամանակ, որտեղ միայն Հայաստանն էր աջակցել ՌԴ-ին, Թուրքիան ձեռնպահ է քվեարկում»։

Այս համատեքստում Աքշեները հետևյալ շեշտադրումն է արել․ «Պատերազմում, որտեղ երկրներն իրենց ազատության և ինքնիշխանության համար են կռվում, մենք նրանց հետ միասին ենք։ Ուկրաինայի քաղաքները, խաղաղ բնակիչների բնակության վայրերը թիրախ են դարձել։ Ստիպված ենք ասել, որ սա ակնհայտ բռնազավթման և հարձակման նախաձեռնություն է, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ժողովրդի կամքը, չի հարգում քաղաքական ինքնիշխանությունը։

Երբ Ռուսաստանի այս մոտեցումն ակնհայտ է, ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիայի համար նա անվտանգ է։ Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031