Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան․ «Քո տաղանդի չափը դատվում է քո արտահայտած քաղաքական հայացքներից»

Մարտ 02,2022 18:40

«Քո տաղանդի չափը դատվում է քո արտահայտած քաղաքական հայտարարություններով։ Դա շատ ցավալի է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի այս շրջանում աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում մշակութային գործիչներին կարծես ներքաշում են քաղաքականության մեջ։ Օրինակ՝ «Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա։ Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ պայմանագիրը խզվել է, Բավարիայի օպերայի տնօրեն Սերժ Դորնին ասել է, որ պատճառը Ուկրաինայի պատերազմի հարցում երգչուհու «ոչ բավարար դիստանացավորումն» է Կրեմլի դիրքորոշումից:

Այս խնդրի առնչությամբ Ռուբեն Բաբայանն ասաց, որ միշտ կողմնակից է եղել, որպեսզի մշակույթն առանձնացվի քաղաքականությունից եւ քաղաքական հայացքները որեւէ նշանակություն չունենան․«Կարծում եմ մշակույթի գործիչներն առաջին հերթին պետք է քարոզեն եւ տարածեն հումանիզմ, սա շատ կարեւոր է, խաղաղասիրություն տարածեն եւ դեմ կանգնեն պատերազմին, որովհետեւ եթե հիշենք պատմությունը՝ Նյուրնբերգյան գործընթացը, որը դատապարտեց նացիստական Գերմանիան, այդ ժամանակ դատապարտվեցին նաեւ մշակույթի եւ գիտության գործիչները, որոնք պաշտպանում էին Հիտլերին։ Կարծում եմ, բոլոր դեպքերում, երբ մշակութային գործիչները ակտիվորեն մտնում են քաղաքականություն, նրանք պատրաստ պետք է լինեն նման հակադարձ քայլերի։ Մենք գիտենք, թե ինչպես օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի համերգը տապալվեց նույն Աննա Նետրեբկոյի ադրբեջանցի ամուսնու պատճառով, որը հրաժարվեց Ռուզան Մանթաշյանի հետ դուրս գալ բեմ, եւ պարզվեց, որ պատճառը մշակութային չէր, այլ զուտ քաղաքական, ազգամիջյան, նույնիսկ ռասիստական»։

Ինչ վերաբերում է Վալերի Գերգեւին, ապա Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երեւանում․ «Նա, իհարկե, աշխարհի լավագույն դիրիժորներից մեկն է։ Բացարձակ չէի ուզենա, որպեսզի մշակույթի, սպորտի, գիտության կրթության մեջ հաշվի առնվեն նման խնդիրները։ Բայց մշակույթի հանրահայտ գործիչները, որոնք ունեն որոշակի ազդեցություն հանրության վրա, պետք է փորձեն հեռու մնալ ամեն տեսակի ռասիզմից, շովինիզմից եւ պատերազմը քարոզելուց։ Ես չեմ ասում, որ չպետք է ունենան քաղաքացիական դիրքորոշում, հակառակը, ես ինքս էլ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, բայց երբեք չեմ խուսափել իմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնել։ Բայց կան կարմիր գծեր, օրինակ, չի կարելի պաշտպանել մարդասպանությունը։ Անձամբ ինձ համար՝ ով սկսում է պատերազմ, նա հանցագործ է։ Ով ուզում է լինի։

Պատերազմը հանցագործություն է, ինչ պատճառաբանություն էլ ներկայացվի։ Կարծում եմ՝ մշակույթի գործիչները, առավել եւս նրանք, ովքեր համաշխարհային մեծություններ են, այստեղ անելու գործ ունեն, որովհետեւ իրենց խոսքը լսելի է դառնում։ Կարծում եմ սա է եղել հիմնական պատճառը։ Գիտեք, կյանքն ահավոր քաղաքականացված է ամբողջ աշխարհում, ցավալի փաստ է։ Մշակույթի գործիչները պետք է այնպես անեն, որպեսզի իրենց չօգտագործեն քաղաքական գործիչները, որովհետեւ օգտագործում են ի շահ իրենց քաղաքական նպատակների։ Շատ զգույշ է պետք լինել։ Հաճախակի առաջնորդվում են ինչ-որ լավ գաղափարներով, անձնական վերաբերմունքով, բայց մեզ հաճախ օգտագործում են։ Ես երկար կյանք եմ ապրել, նկատել եմ, որ քեզ ուզում են պարզապես օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար՝ կկանգնե՞ս իրենց կողքին հարթակում, ուրեմն հանճար ես։ Չե՞ս կանգնի, ուրեմն՝ ամեն տեսակ պիտակներ կկպցնեն։ Քո տաղանդի չափը դատվում է քո արտահայտած քաղաքական հայացքներից, դա շատ ցավալի է։ Գիտեմ, որ մեզ հաճախ օգտագործում են, հետո մաշված ձեռնոցի պես, երբ մշակույթի գործիչը վարկաբեկվում է, դեն են նետում, եւ զբաղվում են նորով, որը դեռ վարկաբեկված չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031