«Ցավալի է, բայց պատճառը պարզ է։ Ավելի լավ է իմանալ դաժան ճշմարտությունը։ Նախաձեռնությունը բուհինն է եւ քննարկվել է բուհի գիտական խորհրդում։ Խնդիրն այն է, որ ռեսուրսները չեն բավականացնում, պայմանները չեն բավարարվում՝ բուհի մասնաճյուղի լիարժեք գործունեության համար»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղն այլեւս ընդունելություն չի ունենալու՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով․ «Մարզի բնակիչների համար սա հաճելի լուր չէ, բայց նախարարությունն առաջնորդվում է բուհին ներկայացվող որակական պահանջներով։ Եթե տարեկան 10-20 դիմորդ է ընդունվում, կամ մեկ դասախոսը տասնյակ դասընթացներ է վարում՝ կադրերի բացակայության պատճառով, դա բուհ անվանելը ճիշտ չէ։ Սա դեռ չի նշանակում, որ բուհը փակվում է։ Հնարավորություն կա եւ այն բուհի տիրույթում է։ Եթե կհամալրվեն որակյալ մասնագետներով եւ կհամապատասխանեն պահանջներին, կարող են շարունակել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ