«Եթե հաշվի առնենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, ապա գալիս ենք նվազագույնը 5% եկամտաբերության, որը վատ եկամտաբերություն չի՝ առանց հարակից էֆեկտները հաշվելու», – կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանի նկատառմանը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու ծրագիրը չունի նախնական հաշվարկներ։
«Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ եւ իրականացնել ավելի խորացված հաշվարկներ եւ նախագիծ, որի արդյունքում թվերը կճշգրտվեն։ Բայց ես ունեմ բացարձակ վստահություն, որ այդ նախաձեռնության եկամտաբերությունը մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կունենա», – հավելեց Մհեր Գրիգորյանը։
Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ հիմնազուրկ է պնդելը, որ այդ երկաթուղին Հայաստանը կդարձնի Էլդորադո կամ տրանզիտային խաչմերուկ, որովհետեւ չկան տարրական հաշվարկներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ