Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում անցյալ տարի 51 քրեական գործ է հարուցվել

Մարտ 02,2022 17:58
yntaniq

ՀՀ դատախազությունում իրականացված ամփոփմամբ պարզվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված 556 քրեական գործ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով դատախազին բացառիկ իրավունք է վերապահված հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի բոլոր այն դեպքերով, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ Դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների կողմից 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է ընդհանուր 51 քրեական գործ, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 3.5 անգամ:

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և այլ մարզերում կատարված ընտանեկան բռնությունների դեպքերով՝ հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 37-րդ հոդվածների հատկանիշներով:

Ընդ որում, դրանց մի մասը դատախազների կողմից հարուցվել է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններում քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի հիման վրա: Իսկ մի մասի դեպքում դատախազները քրեական գործեր հարուցել են այն բանից հետո, երբ ստուգելով նախապատրաստված նյութերով հետաքննության մարմինների կողմից հիմնականում հաշտության հիմքով կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, պարզել են, որ բռնարարքներից տուժած անձինք, ըստ էության, գտնվում են անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ, ինչի  պատճառով չեն կարող ինքնուրույնաբար պաշտպանել իրենց իրավաչափ շահերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս 2018թ. դատախազների համար մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության մեջ լինելու հանգամանքը:

Այս համատեքստում վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները վերոնշյալ բոլոր դեպքերով կազմակերպել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ՝ անձամբ հավաստիանալու ընտանիքում բռնության ենթարկված անձի անօգնական վիճակում գտնվելու, ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու, կյանքին կամ առողջությանն իրական և անմիջական վտանգ սպառնալու մեջ:

Ընդհանուր առմամբ 2021թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտանեկան բռնությունների վերաբերյալ 129 քրեական գործ՝ 135 անձի վերաբերյալ:

Հարկ է նշել նաև, որ 2016թ. Լոռու մարզում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի վերաբերյալ գործով 2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և համաձայնելով դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, կայացրել էր ընտանեկան բռնությունների դեպքերով քննությունների, արարքի որակման տեսանկյունից կարևոր, նախադեպային որոշում տուժողի՝ բռնարարից նյութական կախվածության մեջ գտնվելու, վերջինիս գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, փաստել էր, որ առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում էր արտահայտել նաև առ այն, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հնարավորությունից:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031