Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական մեծամասնությունը մեր առաջարկները չի ընդունում, որովհետեւ չի ուզում, որ թոշակառուին, նպաստառուին կենսական երաշխիք ապահովող առաջարկը լինի ընդդիմությունից». Արմենուհի Կյուրեղյան

Մարտ 02,2022 17:38

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում պատմեց, թե ինչո՞ւ են քաղաքական մեծամասնության պատգամավորները մերժում ընդդիմադիրների նախագծերը:

«Այս իշխանությունը բացարձակ պատրաստ չէ հանրային հետաքրքրություն ունեցող որեւէ հարցի շուրջ քննարկման նստել: Երեկ՝ քառօրյայի առաջին օրը, մենք ինչո՞վ էինք զբաղված: ԱԺ-ում քննարկում էինք, թե, արդյոք քննարկման նյութ պետք է դարձնել Հայաստանում սոցիալապես անապահովների՝ կենսաթոշակառուների, նպաստառուների կենսաթոշակների, նպաստների բարձրացման հարցը: Պատկերացնո՞ւմ եք, ոչ թե նախագիծ էինք քննարկում, այլ քննարկում էինք արդյոք քննարկման առարկա՞ է այդ հարցը, թե՞ ոչ:

Տարվա վերջին, երբ բյուջեի քննարկում էր, նրանք ժողովրդին խաբում էին, թե սպասվում է թոշակների բարձրացում: Իրենք չէին հայտարարում, որ 480 հազարից ընդամենը 21600 թոշակառուի թոշակ է բարձրացվելու ընդամենը 2600 դրամով: Եվ նրանք այս բարձրացումը թմբկահարում էին մի ամբողջ կես տարի: Փաստացի այսօր մարդկանց ոչ միայն թոշակը չի բարձրացել, այլեւ ունենք գնաճի կտրուկ՝ 7%-ի հասնող բարձրացում: Էլ չեմ ասում, որ գազը, լույսը, ջուրը արդեն թանկացել են: Եվ խոսել սոցիալական երկիր կառուցելու, կենսապահովման մակարդակը բարձրացնելու մասին իրենց խոստումների կատարումից, աբսուրդ է:

Մեր խմբակցությունը երեկ կոնկրետ նախագիծ էր բերել, որի քննարկումն անգամ մերժվեց: Դրանով հստակ առաջարկում էինք կենսաթոշակների եւ նպաստների ինդեքսավորում մտցնել:

Հաջորդ առաջարկը, որի քննարկումը նույնպես մերժվեց, հետեւյալն էր: Յուրաքանչյուր կենսաթոշակառու ամեն տարի պարտավոր է ներկայանալ ազգային օպերատորին կամ համապատասխան բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում իր ներկայության մասին, որից հետո միայն նա կարող է ստանալ իր թոշակը: Մենք առաջարկում ենք այդ ֆիզիկական ներկայության հարցը առաջնային չհամարել: Ինչո՞ւ, որովհետեւ մենք ունենք էլեկտրոնային համակարգ, որտեղ հստակ ֆիքսվում է Հայաստանից դուրս գնալը եւ Հայաստան ներս գալը: Մենք առաջարկում ենք աշխատեցնել այդ տեղեկատվական համակարգը եւ թոշակառուին չստիպենք ֆիզիկապես ներկայանալ: Եվ սա էլ մերժվեց պատճառաբանությամբ, որ ունենք երկքաղաքացիներ, որոնք կարող են մի անձնագրով գալ, մյուսով գնալ եւ փաստացիորեն չենք կարող վերահսկել: Բայց եղբայր, մենք ունենք երկքաղաքացիների վերաբերյալ տվյալների բազա: Դե ուրեմն, եկեք մի հատ համապատասխան պարզ ծրագիր գրենք:

Ամենակարեւոր առաջարկներից մեկն էլ, որ նորից մերժվեց, հետեւյալն էր: Իրենք իրենց կառավարության ծրագրում ընդունել են, որ 2021-ից մինչեւ 2026 թվականը նվազագույն եւ միջին թոշակը պետք է համապատասխանեցվի նվազագույն զամբյուղին եւ սպառողական զամբյուղին: Ընդ որում, դա դաշնակցության ծրագրում վաղուց կա: Արդեն մեկ տարին անցել է եւ 2022 թվականի վերջում պետք է ծրագիր կազմել, թե ինչ պետք է անել: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ համապատասխանեցումը չթողնվի 2026 թվականին եւ միանգամից փորձել համապատասխանեցնել, ինչը շատ դժվար կլինի: Եկեք դա անենք փուլ առ փուլ: Ու նորից իրենք ասում են ոչ, թողեք մենք ճկուն գործունեություն ծավալենք:

Իրենք հիմա դա չեն ընդունում, որովհետեւ չեն ուզում, որ որեւէ սոցիալական երաշխիք տրվի կենսաթոշակառուին, նպաստառուին, որովհետեւ այդ առաջարկը եկել է ընդդիմությունից: Ըստ էության, մենք առաջարկում ենք իրենց ծրագրերը իրականացնելու մեխանիզմ: Եվ էական էլ չէ, թե ով է ներկայացնում: Կարեւոր է, որ մեր թոշակառուների կյանքի բարելավման հնարավորություն ենք ուզում ստեղծել, փորձում ենք կենսապահովման խնդիր լուծել»,-ասաց ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031