«Ինչո՞վ են պայմանավորված ԳՇ պետի, տեղակալների, վարչության պետերի փոփոխությունները, դրանք ձեր բարեփոխումների շրջանակո՞ւմ են»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Աշխարհաքաղաքական խորը ճգնաժամի պայմաններում նման փոփոխություններն ինչո՞վ են պայմանավորված։ Եթե ԳՇ պետը ծանր հանցանք էր թույլ տվել, որ անգամ մեկ ամսով նրա պաշտոնավարումը երկարեցնել հնարավոր չէր, ասեք՝ իմանանք, այլապես փոփոխությունները հասկանալի չեն»,-հավելեց պատգամավորը։
Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Եթե հետեւենք տարածաշրջանի փոփոխություններին եւ միայն առաջնորդվենք դրանով, ոչ մի փոփոխություն չպետք է անենք։ Վերջին մի քանի տարում անընդհատ իրադարձություններ են լինում, բայց հենց դուք էիք նախորդ անգամ ասում, որ բարեփոխումներն ուշանում են։ Մենք այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք։ Ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին քանիցս ասել ենք՝ մենք թեւակոխել ենք շատ կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջան։ Վաղուց ժամանակն է, որ ՊՆ-ում վստահենք եւ հնարավորություն տանք պատերազմով անցած ունակ եւ երիտասարդ կադրերին»։
Նախարարի խոսքով՝ չի ուզում իրավիճակը կապել անձերի հետ, բայց անժխտելի է, որ շատ բան կախված է անձերից․ «Դիրքորոշումը եղել էր վերջին իրադարձություններից մեկ օր առաջ։ Առաջարկը բխում էր ՊՆ ղեկավարի դիրքորոշումից, բայց դա համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ։ Բոլոր կադրերն այսօր իրենց տեղում են։ Ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը տալիս է հնարավորություն որոշումներ ընդունելու համար։ Որեւէ խնդիր եւ վտանգ չկա սրանից։ Ավելին՝ ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ։ Սա ազդակ է ՊՆ ենթակայության բոլոր արժանավոր սպաներին, որոնք հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ բարեկամ-ծանոթ կապերից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ