Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ խստացումներ ու պարտադիր պահանջներ է դրել ՌԴ-ն մեր աշխատանքային միգրանտների կամ 90 օրից ավելի մնացող քաղաքացիների համար

Մարտ 02,2022 17:22

Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվող քաղաքացիները, որոնց թվին են պատկանում աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամները, ուսանողները եւ այլք, պետք է մատնահետք հանձնեն, լուսանկարվեն եւ բուժզննում անցնեն, բայց արդեն 90 օրվա ընթացքում։ Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թ. հունվարի 1-ից աշխատանքային միգրանտների մատնահետքերի գրանցման, լուսանկարման ընթացակարգերը, ինչպես նաեւ բուժզննումը պարտադիր են դարձել Ռուսաստան մտնելու պահից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում։ Ըստ նրա, աշխատանքային միգրանտներ են համարվում այն անձինք, որոնք լրացնելով միգրացիոն քարտը՝ այցի նպատակ են նշում «աշխատանքը»: Տիկին Դավթյանը նախազգուշացրեց, որ այս պահանջը պարտադիր է, հակառակ դեպքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ, եւ քաղաքացին չկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել։

«Նախ եւ առաջ՝ պետք է բուժզննում անցնել, իսկ հետո արդեն մատնահետքերի գրանցման եւ լուսանկարվելու ընթացակարգերը։ Բժշկական եզրակացություն ստանալու համար պետք է քիմիաթունաբանական հետազոտություն, որը թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործման զննումն է, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների զննում, որը պետք է պարզի տուբերկուլոզի, բորի, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի առկայությունը: Մարտի 1-ից կորոնավիրուսը հանվել է այդ ցուցակից։ Բացի այդ, երեկվանից քիմիաթունաբանական հետազոտությունը պարտադիր է 13 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-պարզաբանեց Իրինա Դավթյանը: Ըստ նրա, քաղաքացին պետք է բուժզննում անցնի 5 օրվա կամ 18 օրվա ընթացքում, եթե կա վարակիչ հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման կասկած։

«Բուժզննումը հաջող անցնելու դեպքում տրվում է 2 փաստաթուղթ՝ ՄԻԱՎ-ի բացակայության մասին տեղեկանք եւ տեղեկանք այն մասին, որ մարդը սպառնալիք չի ներկայացնում շրջապատի համար։ Բժշկական եզրակացության ժամկետը 2022 թ. մարտի 1-ից սահմանվել է 1 տարի։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարելի է բուժզննում անցնել։ Վերոնշյալ կետերի խախտման դեպքում 1 օրվա ընթացքում քաղաքացուն տեղեկացնում են այն մասին, որ երեք օրվա ընթացքում նա պետք է հեռանա Ռուսաստանից։ Եթե անձը չի կատարում այս պահանջը, ապա կարող է տուգանվել, վտարվել՝ առաջիկա հինգ տարիներին Ռուսաստան մտնելու իրավունքից զրկվելով»,-ասաց տիկին Դավթյանը:

Նրան խոսքով, այն քաղաքացիները, որոնք մինչեւ 90 օր են գտնվելու Ռուսաստանում կարող են այդ ընթացակարգերը չանցնել. «Ռուսաստան 90 օրով այցելող Հայաստանի քաղաքացիների համար մատնահետքի գրանցման, լուսանկարվելու եւ բժշկական եզրակացության անհրաժեշտություն չկա։ Առանձնացվել է քաղաքացիների մի կարգ եւս, որը Ռուսաստան է մեկնել մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 29-ը՝ մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը։ Նրանց վերոնշյալ ընթացակարգերն անցնելու պահանջ չի ներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Ռուսաստանից»,-ասաց նա:

Նրա խոսքով այդ ընթացակարգը պարտադիր չէ նաեւ այն անձանց համար, որոնք մշտական բնակության եւ ժամանակավոր բնակության թույլտվություններ ունեն կամ տարբեր պատճառներով արդեն անցել են այդ ընթացակարգերը. «Բացառություն է արվել նաեւ մինչեւ 6 տարեկան երեխաների, դիվանագիտական ծառայողների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եւ Բելառուսի քաղաքացիների համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031