Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հաստատում է 38 գերիների գոյությունը, մնացյալ 80-ի ճակատագրերն անորոշության մեջ են». Սիրանուշ Սահակյան

Մարտ 02,2022 17:18

Այսօր «Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկմանը ներկա էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը խրախուսվում է բարձրագույն մակարդակով. «Ադրբեջանում Սաֆարովի միջոցով կերտվել է հերոսի կերպար. դա այն կերպարն է, որը երկրում կամ երկրի սահմաններից դուրս հայ է գլխատել։ Սա նրա արդյունքն է, որ Հունգարիան որոշեց համագործակցել կոռումպացված, ավտորիտար ռեժիմի հետ և արտահանձնել Սաֆարովին։ Սա հուշում է, որ միջազգային հանրությունը ոչ թե զսպում է Ադրբեջանին, այլ ընդհակառակը, նրա հետ հեշտ համագործակցելու միջոցով նոր նախադրյալներ է ստեղծում Ադրբեջանի հայատյաց վարքը շարունակելու համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը փաստեց, որ խտրական վերաբերմունքն առավել սրվել է պատերազմի ժամանակ, երբ լարումն ավելի մեծ է։ Այս առումով նա հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ ականատես են եղել բազմաթիվ պատերազմական գործողությունների ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ ռազմագերիների դեմ, իսկ ռազմագերիները, միջազգային իրավունքի տեսանկյունից, հատուկ պաշտպանության ներքո գտնվող սուբյեկտներ են։

«Մենք ունենք մի քանի տասնյակ հայրենակիցներ, հիմնականում տարեցներ, որոնց պատմական հիշողությունն այլ է, քան մեր սերնդի։ Նրանք, մտածելով, որ երբևէ համատեղ բնակվել են ադրբեջանցի ժողովրդի հետ, որոշեցին չհեռանալ իրենց տներից և բնակվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Խնդիրն այն է, որ նրանցից ոչ մեկին չի հաջողվել ապրել։ Որոշ հաջողակներ գերեվարվել են, սակայն նրանք էլ ենթարկվել են խոշտանգումների, և արդյունքում կա՛մ գերության ընթացքում սպանվել են, կա՛մ այնպիսի վիճակում են վերադարձել հայրենիք, որ ամիսներ անց մահացել են։ Սա կրկին հուշում է այն մասին, որ խաղաղ համագոյակցության նախադրյալները բացակայում են»,- հայտարարեց Սիրանուշ Սահակյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերաբերյալ դրույթներին՝ բանախոսը նշեց. «Նաև պետք է ֆիքսել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ազատ չարձակվեցին բոլոր գերիները։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակեց գերիներին պահել տարբեր պատրվակներով, ընդհուպ մինչև նրանց վերագրեցին տարաբնույթ հանցագործություններ՝ զենք կրել, ահաբեկչություն և այլն»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ շատ է քննարկվում Խծաբերդի միջադեպը՝ իրավապաշտպան Սահակյանը պարզաբանեց. «Խծաբերդը գտնվում է Հադրութում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ուժով պիտի հանձնվեր Հադրութը, սակայն ըստ պայմանավորվածության՝ մեր զորքերը շարունակելու էին տեղակայված մնալ Խծաբերդում, բայց Հադրութի հանձնման շրջանակներում քննարկման առարկա դարձավ նաև Խծաբերդը։ Այստեղ մենք ունեցանք 62 գերի։ 62 գերիներից մի մասը համաձայնել էր զենքը վայր դնել և հետ գալ ու միանալ կանոնավոր բանակին, սակայն մյուս մասը գերեվարվել էր։ Այստեղ նույնպես ունենք խտրական մոտեցում։ Ինչպե՞ս է ստացվում, որ խմբի մի մասն ազատ է արձակվում, իսկ մյուս մասը գերեվարվում է և մինչ օրս պահվում»։

Բանախոսի պնդմամբ, ռազմագերիների խնդիրն ընդամենն օգտագործվում է քաղաքական նպատակներով. «Մենք տեսնում ենք, որոշակի օրինաչափություններ, յուրաքանչյուր քաղաքական գործընթացից հետո կամ առաջ գերիներ են վերադառնում։ Գերիներն օգտագործվում են փոխհարաբերությունները լավացնելու, հաճախ՝ միջազգային ատյաններում «միավորներ» հավաքելու համար»։

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ այս պահին դեռևս 38 գերիներ մնում են Ադրբեջանում, ըստ իր թիմի փաստահավաքության՝ կան ևս 80 գերիներ, որոնց գոյությունը Ադրբեջանը չի հաստատում։ Սահակյանը նաև նշեց, որ միջազգային հանրության ջանքերն ուղղված են Ադրբեջանի կողմից հաստատված գերիների վերադարձին, սակայն մյուս 80 գերիների ճակատագիրն անորոշության մեջ է։

Իրավապաշտպանը շեշտեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նկատել է օրինաչափություն առ այն, որ հայերի նկատմամբ կատարված հանցավոր գործողություններն Ադրբեջանի կողմից նույնիսկ չեն քննվում, այսինքն` դրանք չեն համարվում հանցագործություններ։ Այս առումով, Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ, դատարանն Ադրբեջանին ուղղակիորեն ցուցում է տվել՝ քննել հայերի նկատմամբ կատարված գործողությունները և առանձնակի ուշադրություն դարձնել էթնիկ մոտիվներին։

Հարկ է փաստել, որ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանը չի կատարում այս պարտավորությունը, սակայն բանախոսը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների օգնությամբ դատարանի իրավական պահանջն ի կատար կածվի։

Կրոնական իրավունքների խախտումների մասով Սիրանուշ Սահակյանը նշեց. «Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերիներից վերցվել են աղոթագրքերը, քրիստոնեական խաչերը՝ իբր թե այն նպատակով, որ դրանք հարաբերությունները լարելու ավելորդ առիթ չտան։ Ինչպես նաև, գերին խնդրել է գիրք, նրան տրվել է Ղուրան։ Ակնհայտ է, որ այսպիսով առաջին պլան է մղվել նաև երկու ժողովուրդների կրոնական տարբերությունը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031