ԱԺ-ն այսօր ՀՀ նախագահ է ընտրում: Խորհրդարանական ընդդիմությունը նպատակահարմար չի գտել նախագահի թեկնածու առաջադրելը եւ այսօր էլ մեծամասնության առաջադրած Վահագն Խաչատուրյանի թեկնածության քննարկմանը չի մասնակցել՝ լքելով ԱԺ նիստերի դահլիճը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում նիստին չմասնակցելու առիթով ասաց. «Այսօր եթե այս իշխանությունը հայտարարում է, որ իրենք լեգիտիմություն են բերել երկիր, իրենք լեգիտիմ իշխանություն են, նախագահի ինստիտուտը նույնպես լեգիտիմ է եւ ընտրությունները ընդհանրապես լեգիտիմ են, հիմա, այս պահին կարեւոր ինստիտուտի հարց էր քննարկվում: Նախագահի ընտրության հարցի շուրջ ելույթի համար ընդամենը յոթ պատգամավոր հերթագրվել է եւ յոթ պատգամավորի ելույթներից վեցուկեսը ամբողջությամբ ուղղված են մեր՝ «Հայաստան» խմբակցության աշխատանքային գործունեության քննարկմանը: Նախ, քննադատում են, թե ընդդիմադիր ուժերը ինչու չեն մասնակցում այս քննարկմանը: Է, հայտարարել ենք, որ չենք մասնակցում, դուք գիտեիք, որ չենք մասնակցում: Այսինքն, դուք ելույթները կազմակերպել եք ա՞յդ հարցի շուրջ, թե ինչու չեն մասնակցում: Դուք ձեր գործունեությամբ զբաղվեք՝ նախագահի ընտրության հարց եք քննարկում: Արդյո՞ք նախագահի լիազորությունների հետ որեւէ հարց չունեք, հարց չունե՞ք, թե նախագահի թեկնածուն ինչպես է վերաբերվում այս կամ այն հարցին: Կամ այդ ինստիտուտի շուրջ ուրիշ հետաքրքիր հարց չկա՞ր, որ ամբողջությամբ ձեր նիստը նորից նվիրում եք բացակայող ընդդիմադիր ուժերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ