Դուք անձամբ կո՞ղմ էիք, որ բոյկոտեք նախագահի ընտրությունը. այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք մանրակրկիտ քննարկել են այդ հարցը ու եկել այդ որոշման:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը կառավարության նիստում, կարելի է ասել, նշանակեց ՀՀ նախագահ, ոչ թե Վահագն Խաչատուրյանը ընտրվեց նախագահ:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՀՀ 4-րդ նախագահի գործունեությանը՝ ասելով, որ երկրի գլուխը չի եղել, օրինակ, 2020-ի մայիսի 28-ին կանգնած սպասում էր, թե վերջում ինչպես պետք է աստիճաններով բարձրանա ՀՀ վարչապետը, այսինքն, ինքը պետք է այդ դերում լիներ. «Նույն Սարդարապատում պարգեւատրումների ժամանակ էլի ՀՀ վարչապետն էր հերոսի կոչումը, շքանշանները հանձնում: Այսինքն, այսօրվա կառավարությունը փորձել է ցույց տալ, որ ինքն է ավելի կարեւորը, քան իշխանության մյուս թեւերը»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ասաց, որ չեն ուզում լեգիտիմացնել նախագահի ընտրությունները՝ մասնակցելով: Լրագրողների դիտարկմանը, որ մանդատները վերցնելով չէի՞ք լեգիտիմացնում, կամ ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոն ստանձնելով՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե տարբեր բաներ են, ընտրողներն են իրենց խորհրդարան բերել, որ համապատասխան պաշտոնները ձեռք բերելով՝ իրենց գործունեությունը ծավալեն. «Մենք ԱԺ-ում գործել ենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն: Շատ դեպքերում ասում են՝ ինչու ձեր մանդատները վայր չեք դնում՝ դա կախված է մեր ֆրակցիայի ու մեր ժողովրդի հետ համադրված աշխատանքի արդյունքից»:
Նա վստահեցրեց, որ եթե պետք է՝ համապատասխան քայլեր կանեն, հիմա խորհրդարանական վերահսկողության աշխատանք են տանում ու առաջարկներ անում:
Մեր հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է գրազ գալ «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի, առաջին հերթին ենթադրվում է ձեզ հետ, ասում է՝ Կալաշնիկովը պահես ձեր խմբակցության պատգամավորների ճակատին՝ մանդատները վայր դնողը չեն, պատրա՞ստ եք այդ գրազն ընդունել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը զբաղվի իր գործով, մանդատները վայր դնել կամ չդնել՝ մեզ կողքից չպետք է հուշեն: Նաիրա Զոհրաբյանի հետ ես կապ չունեմ, եթե ինքը ուզում է իմ հետ կապվել, կարող ենք իր հետ քննարկել ցանկացած հարց: Բայց մեզ այստեղ գործուղել են 270 հազար մեր համակիրները ու նրանց հետ սերտ աշխատանքով էլ որոշում կընդունվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ