Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական մանկապարտեզներում հայկական դրոշն են այրում»

Մարտ 02,2022 15:55

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի գնահատմամբ, հետպատերազմյան շրջանում, հայերի նկատմամբ ադրբեջանական ատելության խոսույթը նոր դրսեւորումներ է ստացել:

Այսօր «Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ նա մեջբերեց Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որոնցում Ադրբեջանի ժողովրդին անվանում է հաղթած ժողովուրդ, իսկ հայերին՝ պարտված ժողովուրդ՝ հավելելով, որ սերմանվող այս էթնիկ ատելությունը լավ հետեւանքների չի կարող բերել, իսկ պատերազմին հանգեցրեց նաեւ այն ատելությունը, որը Ադրբեջանում գեներացրեցին տասնամյակներ շարունակ:

«Ադրբեջանի նախագահը մշտապես շեշտում է, որ հայերը հավերժ կապրեն, որպես պարտված ժողովուրդ, որ չկա հայկական բանակ, որ բոլորը փախել են եւ այլն. այսինքն, այս նսեմացումը շարունակական բնույթ է կրում: Ալիեւն իր ելույթներով ցանկանում է ընդհանրապես դեմոնիզացնել հայ ժողովրդին եւ, ընդհանրապես հայերի ներկայությունն Արցախում: Այստեղ կարեւորն այն է, որ ինքն անընդհատ փորձում է ներկայացնել, որ տարածաշրջանը իրենք ֆաշիստներից են ազատել: Այսինքն, փորձում է դրան գլոբալ բնույթ տալ՝ որեւէ փաստացի տվյալ չներկայացնելով, որ ՀՀ որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, նախագահներից որեւէ մեկը երբեւէ օգտագործել է տեքստ, որով թիրախավորել է Ադրբեջանը կամ ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը»:

Տաթեւիկ Հայրապետյանը նկատում է, որ ատելության քարոզին զուգահեռ՝ Ադրբեջանը նաեւ տարածքային հավակնություններ է ներկայացնում՝ Հայաստանի մասին էլ խոսելով նույն հռետորաբանությամբ, ինչը սանձազերծվել էր 44-օրյա պատերազմում՝ Արցախի նկատմամբ:

Փորձագետն ուշադրություն է համարում այն հանգամանքին, որ հայ ժողովրդի մասին խոսելիս, Ալիեւն անընդհատ շեշտում է «երկաթե բռունցքի» մասին, որը պատրաստ է նաեւ նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտության դեպքում: Նաեւ նոր տարր է ավելացել՝ պատերազմից հետո Արցախի սահմանամերձ շրջաններում սպանության երեք դեպք է եղել, ՀՀ սահմաններից հովվի, անասունների առեւանգման դեպքեր են եղել եւ այլն, ինչը բանախոսի դիտարկմամբ, խոսում է այդ շրջանների բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կողմից ծավալվող ահաբեկչական գործողությունների մասին, որի վերջնական նպատակն է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակչության հայաթափումը:

«Պատերազմից հետո, պատերազմում չկան սիմվոլներ, դա միայն Ալիեւն է եւ իր ընտանիքը: Ալիեւը ամբողջությամբ յուրացրել է ռազմական հաջողությունը»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ Ալիեւի այցելության ժամանակ, նրան ուղեկցում է իր կինը միայն՝ կամուֆլյաժ համազգեստով: Բանախոսի դիտարկմամբ, սա փաստում է այն, որ 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները օգտագործվում են Ալիեւի ընտանիքի կողմից՝ իրենց բռնապետական իշխանությունը խորացնելու համար, ինչը հակահայկական ելույթներով է զուգահեռվում: Նա միաժամանակ հիշեցնում է, որ 1990-ականներին, երբ հայկական կողմն էր հաղթանակած կողմը, այդ հաղթանակը բազմաթիվ կերպարներ էին մարմնավորում: Նա համամիտ է Եղիշե Կիրակոսյանի դիտարկման հետ, որ ֆաշիզմի այս տարրերը, ինչպես պատմությունն է ցույց տվել, աղետալի հետեւանքների է բերում:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գնահատմամբ, հայատյացության քարոզը Ադրբեջանում երկու մասի է բաժանվում՝ ատելության խոսք եւ գործողություններ: Դրանք, ըստ նրա, բավական խորը արմատներ ունեն եւ գնում են կրթական համակարգ. «Նույնիսկ սկսած նախադպրոցական հաստատություններից, այնտեղ իրականացվում է հատուկ նախապատրաստում՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանելով հենց վաղ փոքրուց, որն ավելի լավ է արմատավորվում վաղ տարիքում: Հետագայում, դա, կարծում եմ, ավելի է արմատավորվում կրթական այլ հաստատություններում»:

Տաթեւիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ առկա են տեսանյութեր, երբ ադրբեջանական մանկապարտեզներում հայկական դրոշն են այրում. երեխաներն իհարկե, չեն ընկալում այդ կոնտենտը, սակայն, այդ տարիքից նրանց մեջ ատելությունը հայերի նկատմամբ, արմատավորվում է, ինչը մեծ խնդիր է:

Եղիշե Կիրակոսյանը ատելության տրամաբանության շարունակությունն է համարում հայկական մշակութային հետքը ջնջելը կամ վերափոխելը, որի ամենավառ կետերից մեկը վերջին տասնամյակների ընթացքում, Նախիջեւանում հայկական գերեզմանատան պղծումն էր: Իր դիտարկմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանից նոր ազդակներ ստացվեցին՝ մշակույթը ոչնչացնելով՝ պատմության կեղծման, չնայած ունենք ՄԻԵԴ-ի որոշումը, այդ թվում՝ նաեւ հայկական մշակութային արժեքները պահպանելու մասին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանն էլ իր ելույթում նկատեց, որ ժխտելով հայկականությունն Արցախում, ոտնձգությունները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, Ադրբեջանն իրականում հեռահար նպատակ ունի՝ հայկականության հետքը Արցախի տարածքից վերացնել, ժխտել այդ տարածքների նկատմամբ հայ ժողովրդի պատմական սեփականությունը: Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում թիրախավորվել էին 30-ից ավելի հայկական մշակութային օջախներ, որոնցից ամենաակնառուները Շուշիի սբ. Ամենափրկիչ եւ սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցիների թիրախավորումն էր, Մատաղիսի եկեղեցու գնդակոծումը, տարբեր հուշարձանների եւ արձանների պղծումը եւ այլն: Իսկ այժմ, ըստ նրա, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել հայկական մշակութային ժառանգության ձեւախեղմանը՝ հայկական, հիմնականում հոգեւոր ժառանգությունը, ուդիական եւ աղվանական անվանելով: Բանախոսը կարեւոր է համարում միջազգային գործընկերների հասանելիությունն այդ հուշարձաններին, արձանագրումը եւ պահպանումը, քանի դեռ դրանք վերջնականապես մենք չենք կորցրել, մանավանդ, որ դա միայն հայկական կորուստ չի լինելու, այլ միջազգային հանրության համար է կորուստ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031